Աղջիկ երեխայի միջազգային օրը հանձնվեցին «Իմ տատիկը, իմ պապիկը» մրցույթի մրցանակները

11 Հոկտեմբեր 2017
Հանձնվեցին «Իմ տատիկը, իմ պապիկը» մրցույթի մրցանակները

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը եւ Մեդիամաքսը հոկտեմբերի 11-ին՝ Աղջիկ երեխայի միջազգային օրը, հանձնեցին Տարեցների միջազգային օրն ամփոփված՝ շարադրությունների «Իմ տատիկը, իմ պապիկը» մրցույթի մրցանակները՝ խորհրդանշաբար օրը վերածելով Աղջիկ թոռնիկի օրվա:

«Այսօր մեզ համար խորհրդանշական օր է – երկու նշանակալի օր միացրել ենք իրար», - նշեց ՄԱԲՀ գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: «Տարեցների միջազգային օրը հայտարարված մրցույթը ամփոփում ենք Աղջիկ երեխայի միջազգային օրը», - ասաց նա:

Գարիկ Հայրապետյանը խոսեց այն մասին, որ սովորաբար այս օրը դիտարկել են ծնող-երեխա հարթության մեջ, բայց այսօր դիտում են տատիկ-պապիկ և թոռնիկ հարաբերությունների տեսանկյունից:

Մեդիամաքսի տնօրեն Արա Թադևոսյանը նշեց, որ սա ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացրած արդեն երրորդ մրցույթն է: 2015 թվականին անցկացվել էր «Իմ աղջիկը», իսկ 2016-ին՝ «Իմ կինն իմ ընկերն է մրցույթը»:

«Կարծում եմ, այս նախաձեռնությունների հաջողության գրավականն այն է, որ մարդկանց տրվում է արտահայտվելու հնարավորություն: Միգուցե այլ պայմաններում հայրերն այլ տարբերակ չգտնեին իրենց աղջիկների, կանանց, այս դեպքում էլ՝ շատերն իրենց տատիկների, պապիկների մասին գրելու»,- ասաց նա:

 
Ընդհանուր առմամբ, մրցույթին ներկայացվել էր 317 շարադրություն: Հաղթող ճանաչվեց Կարինա Մանուչարյանի շարադրությունը` հեղինակին բերելով 400․000 դրամ: Հաղթողի փոխարեն մրցանակը ստացավ նրա քույրը: Երկրորդ տեղը զբաղեցրեց Աղասի Հունանյանը՝ արժանանալով 200.000 դրամ պարգևի: Իսկ երրորդ տեղը գրավեց Անահիտ Ադամյանը՝ իր շարադրության համար ստանալով 100․000 դրամ: