You are here

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը ամփոփեց «Բարությունը Հայաստանում» խորագրով լուսանկարչական մրցույթը, որի նպատակն էր գտնել և ի ցույց դնել այն բարին, որը կա մեր կողքին, բայց երբեմն չի արժանանում պատշաճ ուշադրության: Հայտերի ընդունումն ավարտվեց նոյեմբերի 30-ին: Մրցույթին ներկայացվեցին գրեթե 90 լուսանկարներ, որոնք կարող եք տեսնել այստեղ:
 
Հաղթողներին որոշեց գնահատող հանձնաժողովը, որի կազմում էին հանրահայտ լուսանկարիչներ Զավեն Խաչիկյանը, Սամվել Սևադան և Սուրեն Մանվելյանը: Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 8-ին, ժամը 11-ին, ՄԱԿ-ի գրասենյակում՝ «Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյակ» 2017 թ. քարոզարշավի շրջանակներում, որն ավանդաբար մեկնարկում է նոյեմբերի 25-ին և ավարտվում դեկտեմբերի 10-ին:
 
Բացման խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
Մրցանակները հանձնեց մեծանուն լուսանկարիչ, գեղանկարիչ և բանաստեղծ Սամվել Սևադան:
Առաջին մրցանակի արժանացավ 18-ամյա Գոհար Թադևոսյանը Վանաձորից, ով լուսանկարն արել էր Սևանում, Գեղարքունիքի մարզում: Գոհարը ստացավ Samsung Galaxy A5 սմարթֆոն:
Երկրորդ մրցանակը ստացավ Երևանից 17-ամյա Էլեն Նահապետյանը: Լուսանկարը կատարվել էր Երևանի Նոր Նորք թաղամասի բնակարաններից մեկում: Էլենը ստացավ Lenovo IdeaPad լեփթոփ համակարգիչ:
Երրորդ մրցանակի արժանացավ Գուրգեն Մահարու ծոռնուհին՝ 28-ամյա երևանաբնակ Բիայնա Մահարին, Գյումրիի տարեցների համար բարեգործական ճաշարանում արված լուսանկարի համար: Բիայնան ստացավ Lenovo Yoga Tab3 պլանշետ: 
Բացի հիմնական մրցանակներից, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը խրախուսական մրցանակներ սահմանեց ևս չորս մասնակցի՝ Արմենուհի Պետրոսյանի (Երևան), Նարեկ Ալեքսանյանի (Երևան), Խորեն Ամիրխանյանի (Արագածոտնի մարզ, գյուղ Արագածավան), Գոհար Փարսյանի (Սյունիքի մարզի Հալիձոր գյուղ) համար:
Բարությունը մարդկանց համատեղ կյանքի կարևորագույն տարրերից է, առանց որի դժվար է պատկերացնել սոցիալական որևէ նպաստավոր միջավայր: Որտեղ իշխում է բարությունը, այնտեղ բռնությունը պարտված է: Մենք հավատում ենք, որ բարությունը մեծ տեղ ունի Հայաստանում: