You are here

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, «Պահապան» զարգացման հիմնադրամի հետ միասին, Տավուշի մարզում մեկնարկեց «Իջևան գորգ բրենդի վերականգնում և զարգացում» երիտասարդ կանանց գորգագործության զարգացման ծրագիրը: 

Այս ծրագիրը երկակի նպատակ ունի՝ վերականգնել Իջևանի գորգագործական երբեմնի բարի ավանդույթները, միևնույն ժամանակ երիտասարդ կանանց եկամուտ ստեղծելու հնարավորություն տալով: «Իջևան գորգ բրենդի վերականգնում և զարգացում» երիտասարդ կանանց գորգագործության զարգացման ծրագիրը համագործակցության ավելի լայն մի ծրագրի մասն է, որի կողմերից են Ճապոնիայի կառավարությունը, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և «Պահապան» զարգացման հիմնադրամը: 

Այդ համագործակցության շրջանակում Ճապոնիայի կառավարությունը դրամաշնորհ է հատկացնում Տավուշի թեմին՝ աջակցելու Իջևանում Տավուշի թեմի համայնքային մանկապատանեկան կրթամշակութային կենտրոնի կառուցմանը, որն իր մեջ ներառելու է «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնը՝ իր հարյուրից ավելի շահառուներով և նկարչության, կավագործության, երգեցողության, հոգևոր դաստիարակության ու մի շարք այլ դասընթացներով, այդ թվում, հասանելի կլինի նաև սոցիալ-հոգեբանական ծառայություն:

2018 թ․ հուլիսի 24-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը մասնակցեց Ճապոնիայի կառավարության և Տավուշի թեմի միջև դրամաշնորհային ծրագրի պաշտոնական ստորագրության արարողությունը, որը տեղի ունեցավ Իջևանում՝ ՏաՀույսի առաջնորդարանում, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպս. Գալստանյանի գլխավորությամբ: 

Ներկաներին ողջունեցին նաև Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցչի պաշտոնակատար Ծովինար Հարությունյանը և «Պահապան» հիմնադրամի տնօրեն Ինգա Հարությունյանը:

Կենտրոնի այլ ծրագրերի գործունեությանը աջակցում են բազմաթիվ անհատ բարերարներ և կազմակերպություններ, այդ թվում՝ «Ընտանիք և Համայնք » ՀԿ-ն, «ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան » հիմնադրամը, «Հայ Դպրոց» հիմնադրամը, «Հայ Օգնության Ֆոնդը», «Վորլդ Վիժն» Տավուշի գրասենյակը և այլն: Միջոցառումը բացառիկ է իր բնույթով, քանի որ առաջին անգամ օտար պետությունը մասնակցում է Հայ Եկեղեցու առաջնորդարանի կառուցմանը:

ՏաՀույսի մանկապատանեկան երգչախմբի սաներն իրենց հիանալի կատարումներով ամբողջացրեցին հանդիսավոր օրը: Արարողությանը ներկա էին մարզային և քաղաքային պաշտոնյաներ, ՀԿ ներկայացուցիչներ: