You are here

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը խոսեց Գևորգյան հոգևոր ճեմարանի սաների առջև՝ անդրադառնալով այնպիսի հարցերի, ինչպիսիք են ՄԱԿ-ը և ՄԱԲՀ-ն, Հայաստանի ժողովրդագրական հիմնախնդիրներն ու հնարավոր լուծումները, կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը և ընտանեկան բռնությունը, վերարտադրողական առողջությունն ու բեղմնականխման միջոցները:
 
Դասախոսությունը կազմակերպել էր ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը (ՀԿՍՀ): ՀԿՍՀ գործադիր տնօրեն պրոֆ․ Կարեն Նազարյանը բանախոսին ներկայացրեց ճեմարանականներին: 
 
Գարիկ Հայրապետյանը ճեմարանի սաներին ներկայացրեց ՄԱԿ-ի դերը և կառուցվածքը, վերջերս ընդունված գլոբալ Կայուն զարգացման նպատակները, ինչպես նաև ՄԱԲՀ մանդատը: Նա նաև խոսեց աշխարհում և Հայաստանում ժողովրդագրական զարգացումների մասին, նաև մեր երկրի առջև ծառացած հիմնախնդիրների շուրջ: Ճեմարանականներին ներկայացվեցին նաև կանանց և տղամարդկանց իրավահավասարության, հղիության սեռով պայմանավորված ընդհատումների, ընտանեկան բռնության հիմնախնդիրները: Ի հավելումն, ՄԱԲՀ գործադիր ներկայացուցիչը խոսեց անցանկալի հղիությունների կանխարգելման և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխարգելման մասին:
 
Դասախոսությունը մեծ թվով հարցեր առաջացրեց լսարանի մոտ, և դրանք շարունակվեցին նաև դասախոսության ավարտից հետո:  
 
«Հուսով եմ, որ դուք կդառնաք մեր հավատարիմ դաշնակիցները այս խնդիրների լուծման հարցում», - ավարտելիս ասաց Գարիկ Հայրապետյանը: 
 
Արդեն վեց տարի է, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հաջողությամբ համագործակցում է ՀԿՍՀ-ի հետ, և վերջինի միջնորդությամբ, Հայ առաքելական եկեղեցու հետ, որը, բանակից հետո, համարվում է հայաստանյան հասարակության ամենամեծ վստահությունը վայելող հաստատությունը: Համագործակցության հիմնական ուղղություններն են կանանց և տղամարդկանց հավասարությունը, ընտանեկան բռնության, ինչպես նաև հղիության սեռով պայմանավորված ընդհատումների կանխարգելումը:
 
Գևորգյան հոգևոր ճեմարանը, որն ունի աստվածաբանական համալսարանի կարգավիճակ, Հայաստանում հիմնված և մինչ օրս գործող ամենահին բարձրագույն ուսումնական հաստատությունը։ Հիմնադրվել է Գևորգ Դ կաթողիկոսի կողմից՝ 1874 թվականին, Վաղարշապատ քաղաքի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տաճարի հարևանությամբ։ Ճեմարանում դասախոսել են այնպիսի մեծ անուններ, ինչպիսիք են Մ. Աբեղյանը, Հ. Աճառյանը, Ե. Թադևոսյանը, Լեոն, Ստեփան Լիսիցյանը, Ք. Կարա-Մուրզան, և Կոմիտասը: