You are here

Առողջապահության որակի միջազգայնորեն ճանաչված չափանիշներից մեկը բուժման մեջ ապացույցների վրա հիմնված կլինիկական ուղեցույցների և արձանագրությունների գործածումն է: 
 
Սա մի շարք առավելություններ ունի թե՛ հիվանդների, թե՛ բուժաշխատողների համար․ անկախ բուժհաստատությունից և բժշկից՝ հիվանդները ստանում են երաշխավորված որակի բուժծառայություններ, միևնույն ժամանակ, բուժաշխատողները որոշակիորեն ապահովագրվում են բժշկական սխալանքից: Ավելին, ժամանակակից կլինիկական ուղեցույցները և արձանագրությունները, որպես կանոն, հիմնված են ապացույցների վրա և յուրաքանչյուր երեք տարին մեկ թարմացվում են, որպեսզի արտացոլեն բժշկության նորագույն ձեռքբերումները: 
 
Այս ամենը նկատի ունենալով, ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկել է ժամանակակից բժշկական արվեստի տարատեսակ ուղղությունների՝ ներառյալ վերարտադրողական առողջության, համար կլինիկական ուղեցույցների և արձանագրությունների մշակման գործընթաց: Այդ գործընթացի շրջանակում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն աջակցեց ՀՀ ԱՆ-ին՝ Հայաստանում մայրական առողջության բարելավման նպատակով մշակելու այնպիսի կլինիկական ուղեցույցներ և արձանագրություններ, որոնք լիովին համապատասխանում են ժամանակակից միջազգային չափորոշիչներին: Ըստ այդմ, մշակվեցին հետևյալ ուղեցույցները․ 
  1. Պրեէկլամպսիայի և էկլամպսիայի վարումը 
  2. Հետծննդյան արյունահոսությունների կանխարգելումը և վարումը
  3. Հետծննդյան սեպսիսի կանխարգելումը և վարումը
  4. Երակային թրոմբոէմբոլիզմի կանխարգելումը հղիության ժամանակ և հետծննդյան շրջանում
  5. Վաղաժամ ծննդաբերության կանխարգելումը և վարումը
  6. Սովորութային վիժումների հետազոտումը և վարումը
  7. Պտղաթաղանթների մինչծննդաբերական պատռում, B խմբի ստրեպտոկոկային պերինատալ ինֆեկցիա
  8. Վաղաժամ ծննդաբերության կանխարգելումը և վարումը
Ի հավելումն, վերարտադրողական առողջության ոլորտի հայաստանյան մի շարք փորձագետներ մասնակցեցին ապացույցների վրա հիմնված ազգային կլինիկական ուղեցույցների կիրառմանը և մոնիտորինգին նվիրված տարածաշրջանային դասընթացին, որը կազմակերպել էին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և Վերարտադրողական առողջության արևելաեվրոպական ինստիտուտը: 
 
Եվ քանի որ անհրաժեշտություն կար խորացնելու հայաստանյան մասնագետների գիտելիքներն ու ունակություններն արդեն տարատեսակ ուղղությունների համար համապատասխան կլինիկական ուղեցույցներ և արձանագրություններ մշակելու և ադապտացնելու հարցում, հաջորդ քայլով, ՄԱԲՀ օժանդակությամբ, դասընթաց կազմակերպվեց արդեն Հայաստանում:
Դ-ր Միհայ Հորգան և դ-ր Վահե Գյուլխասյանը ազգային դասընթացին         
Դասընթացն անցկացվեց 2017 թ․ փետրվարի 17-ից 18-ը: Այն վարեց Վերարտադրողական առողջության արևելաեվրոպական ինստիտուտի ավագ խորհրդական, նախկինում Ռումինիայում ՄԱԲՀ գործադիր ներկայացուցիչ Միհայ Հորգան: Նրան օգնում էր ՄԱԲՀ օգնությամբ ձևավորված, երկու փորձագետներից բաղկացած թիմը, որի կազմում էին ՄԱԲՀ «Սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի համակարգող և ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնի դոցենտ Վահե Գյուլխասյանը և նույն ամբիոնի դոցենտ Վրույր Գրիգորյանը:
 
Դասընթացին ներկա էին երեսուներեք մասնագետներ, որոնց թվում էին բժիշկներ, ոլորտի կառավարիչներ, պետական համապատասխան ատյանների, ակադեմիական շրջանակների, ինչպես և կլինիկական ուղեցույցների մշակմանն առնչվող այլ հաստատությունների ներկայացուցիչներ: 
 
Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱՆ կլինիկական ուղեցույցների մշակման հանձնաժողովի համակարգող Հարություն Մանգոյանը և ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: 
 
Դասընթացն ինտերակտիվ էր, ներառում էր խմբային գործնական աշխատանքներ և անդրադարձ էր անում այնպիսի հարցերի, ինչպիսիք են ուղեցույցների մշակման հիմունքները, կլինիկական ուղեցույցների մշակման հիմնական փուլերը, ուղեցույցների ադապտացման մեթոդաբանությունները և այլն: 
 
Ակնկալվում է, որ դասընթացն ավարտած մասնագետները առանցքային դեր կունենան ՀՀ ԱՆ կլնիիկական ուղեցույցներ մշակող թիմերում, որոնք իրենց աշխատանքը մեկնարկելու են 2017 թ․-ին:.