You are here

Մանկաբարձները, մայրերն ու ընտանիքները՝ ողջ կյանքի գործընկերներ
 
ՄԱԲՀ գործադիր տնօրեն դոկտոր Բաբատունդե Օսոտիմեհինի ուղերձը Մանկաբարձների միջազգային օրվա կապակցությամբ, 5-ը մայիսի, 2017 թ․
 
ՄԱԲՀ-ն` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն իր տուրքն է մատուցում հերոսական և կյանք փրկող աշխատանքին, որ մանկաբարձներն անում են ամեն օր՝ հաճախ շատ դժվարին հանգամանքներում: Մանկաբարձների շնորհիվ, միլիոնավոր կանայք յուրաքանչյուր տարի կարողանում են իրացնել սեռական և վերարտադրողական առողջության պահպանման՝ այդ թվում ընտանիքի կամավոր պլանավորման, ծառայությունների իրենց իրավունքը: Այս ծառայություններն օգնում են ապահովել ցանկալի, առողջ հղիություններ և անվտանգ ծնունդներ:
 
Այդուհանդերձ, դեռևս չափազանց շատ կանայք չեն կարողանում օգտվել այդ ծառայություններից: Որպես հետևանք, ամեն տարի ավելի քան 300.000 կանայք մահանում են հղիության և ծննդաբերության ընթացքում, մոտ 3 միլիոն երեխա չի անցնում կյանքի առաջին ամիսը, իսկ ևս 2.5 միլիոն երեխա ծնվում է մահացած: Նրանց մեծ մասը կարող էր փրկվել ուժեղ առողջապահական համակարգերի առկայության պարագայում՝ լավ պատրաստված մանկաբարձների խնամքի շնորհիվ: 
 
Ավելի քան 100 երկրներում ՄԱԲՀ-ն մեծապես աջակցում է մանկաբարձների վերապատրաստմանն ու աշխատանքին: 2009 թ.-ից ի վեր, ՄԱԲՀ-ն գործընկերների հետ աջակցել է ավելի քան 600 մանկաբարձական դպրոցների՝ վերապատրաստելով ավելի քան 80.000 մանկաբարձների: Մենք նաև 75 երկրներում հզորացրել ենք ազգային մանկաբարձական ասոցիացիաները և, հաշվետվականության ապահովման նպատակով, օգնել ընդլայնելու մանկաբարձական գործունեության կարգավորման շրջանակը:
 
Մանկաբարձների միջազգային օրվա այս տարվա թեման՝ «Մանկաբարձները, մայրերն ու ընտանիքները՝ ողջ կյանքի գործընկերներ», ընդգծում է մանկաբարձների խաղացած առանցքային դերը: Մանկաբարձները կյանք են փրկում, խթանում և աջակցում են առողջ ընտանիքների կայացմանը, զորացնում են կանանց և զույգերին, որ կարողանան ընտրել, թե երբ և ինչքան հաճախ երեխաներ ունենալ: Նրանք նաև օգնում են կանխել սեռական ճանապարհով փոխանցվող վարակները, մանկաբարձական խուղակը, մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը և իգական սեռական օրգանների խեղումը:
 
Մայրական և նորածնային մահացության ու հաշմանդամության կանխումն ու տեղեկացված, առողջ ընտրություն կատարելու և սեփական իրավունքներն իրացնելու համար կանանց զորացումն առանցքային նշանակություն ունեն մինչև 2030-ը Կայուն զարգացման նպատակներին հասնելու համար: Որպեսզի դա տեղի ունենա, մենք պետք է ընդլայնենք մանկաբարձական ծրագրերը՝ պահպանելով ամենաբարձր միջազգային չափանիշները, և նպաստենք մանկաբարձների համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, որը թույլ կտա նրանց արդյունավետ կերպով ծառայել կանանց և նրանց ընտանիքների կարիքներին: 
 
Այս օրը ես կոչ եմ անում բոլոր կառավարություններին և զարգացման գործընկերներին միանալու ՄԱԲՀ-ին՝ հաջակցություն մանկաբարձների, որպեսզի ավելի շատ կանայք փրկվեն, և նրանք, նրանց ընտանիքներն ու համայնքները բարգավաճեն: