You are here

2017 թ․ հոկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը Երևանի «Հոդված 3» ակումբում ներկայացրեց «Աշխարհի բնակչությունը 2017» զեկույցը

Զեկույցի վերնագիրն է «Անջատ աշխարհներ․ վերարտադրողական առողջությունը և իրավունքները անհավասարության դարում»:  Այն անդրադառնում է անհավասարության դրսևորումներին և ազդեցությանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մայրական մահացությունը, հղիների խնամքը, եկամուտների բաշխվածությունը բնակչության և սեռերի միջև, աշխատանքի և կրթության կարևորությունը տղամարդկանց և կանանց համար և այլն: Զեկույցի բացահայտումները ներկայացվեցին ինչպես համաշխարհային և տարածաշրջանային, այնպես էլ հայաստանյան դիտանկյուններից (ներբեռնել զեկույցի համառոտ տեղեկագիրը):

Այս անգամ զեկույցում ընդգրկված էր Հայաստանի օրինակը՝ որպես հաջողության պատմություն: 

«Հայաստանը 2008-ին գրեթե կրկնակի ավելացրեց մայրական խնամքին ուղղվող հատկացումները եւ ներդրեց ծննդօգնության պետական հավաստագրեր՝ հղիներին տրամադրելով անվճար ծառայություններ։ Արդյունքում` հղիների բոլոր եկամտային խմբերի համար մեծապես վերացավ անհավասարությունը։»,- ասաց Հայրապետյանը։

Կանանց եւ տղամարդկանց աշխատավարձերի անհավասարության վերաբերյալ նա նշեց, որ ամբողջ աշխարհում կանանց և տղամարդկանց աշխատավարձերի միջև ճեղքվածք է առկա է, ընդ որում՝ ի վնաս կանանց. «Հայաստանում այդ տարբերությունը կազմում է մոտ 36%։ Արևելյան Եվրոպայի և Կենտրանական Ասիայի տարածաշրջանում դրությունն ամենալավը Սլովենիայում է, ամենավատը՝ Թուրքիայում»: