You are here

Փետրվարի 9-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ նվիրված 2016-17 թթ․-ին Հայաստանում արտագաղթի տեմպերին ու միգրացիոն խնդիրներին:
 
Քննարկմանը մասնակցում էին ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
 
«Երևույթը, որը ձևավորվել է 25 տարվա ընթացքում, իր բնականոն զագարացումներն է  ունենում: Սա համակարգային երևութ է կապված մեր սոցիալական, տնտեսական քաղաքական, հոգեբանական իրողությունների հետ: Ամեն տարի մենք ունենում ենք 15-20 հազար մարդ, ովքեր մշտական չեն գնում Հայաստանից»,-ասում է Եգանյանը:
 
Նա նշում է, որ ամեն տարի Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի հետ անցկացվում են սոցիոլոգիական հետազոտություններ միգրացիոն երևույթների վերաբերյալ:
Ըստ 2016-ի հետազոտության տվյալների՝ հարաբերակցությունը մշտական մեկնողների և ժամանակավոր միգրանտների միջև փոխվել է՝ ի հաշիվ մշտական մեկնողների:
«Այս տարվա հետազոտության տվյալներով 47 տոկոսն է աշխատանքային միգրանտների հաշվին, իսկ  53 տոկոսը՝ մշտական մեկնողների: Իրենք մեկնել են ու շարունակելու են մեկնել՝ ելնելով մեր սոցիալ–տնտեսական իրողություններից: Սակայն 2013-ի համեմատ միգրացիայի շրջանակում շարունակել են նվազել  ֆինանսական հոսքերը 2,5 անգամ: Եթե 2015-ին եղել է 245 մլն դոլարի մուտք, ապա  2016-ին եղել է 201 մլն դոլարի մուտք»,-ասում է Եգանյանը:
 
Նա ընդգծում է, որ ավելի հստակ իրական պատկերը կարտացոլվի հաջորդ մարդահամարի ժամանակ:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ասում է, որ արտագաղթը առկա է ներքին վիճակի պատճառով:
«2011-ին մարդահամարի տվյալներից վերցրել եմ տարիքային խմբերը և համեմատել: Պետք է ասեմ, որ ժողովդրագրական լուրջ խնդիրներ ուենք.  39- 49 տարեկաների և 19 -29 տարեկանների խմբում մինչև 42 տոկոս պակաս կա Հայաստանում, ինչը խոսում է և աշխատանքային, և մշտական միգրացիայի մասին: Ես կարծում եմ, որ ամեն ընտրության հաջորդող շրջանում արտագաղթի զգալի բարձրացում է լինում, որը նշանակում է  ընտրությունից ընտրություն հանրության մեջ ձևավորված հույսերի փլուզում է լինում»,-ասում է Խառատյանը:
 
Նա ընդգծում է, որ խորացված հարցազրույցները ցույց են տալիս, որ այն աշխատանքի համար, որ մեկնում են միգրանտները, առանձնապես չի բարձրացնում կեսնամակարդակը, մարդիկ ավելի շատ փախնում են անհուսությունից և երկրում իրավական առումով անպաշտպանությունից:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանն ասում է, որ մի երկիր, որտեղ ծնելիությունը պարզ վերարտադրությունից ցածր է, միգրացիոն  արտահոսքերը բերում են տարիքային խմբերում մեծ խեղման:
«Տարեցների թվաքանակի աճ է գրանցվում Հայաստանում, բազմիցս նշվել է, որ ծերացող երկիր է համարվում Հայաստանը, որի պատճառներից մեկը  արտագաղթն է: 2016-ին, ըստ ԱՎԾ-ի տվյալների, մենք ունենք 24 հազար արտագաղթած մարդ: Եթե դա չլիներ, ապա մենք բնական հավելաճ կունենայինք, քանի որ 12 500 մարդ 2016-ին ավելի է ծնվել, քան մահացել: Բայց արտագաղթի պատճառով մենք  ունեցանք  բնակչության թվի նվազում 12 500-ով»,-ասում է Հովհաննիսյանը:
 
 
 
 
 
Նա հավելում է, որ 2017-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը նախատեսում է նոր հետազոտություն իրականացնել ծնելիության և ժողովրդագրության մյուս ուղղությունների մասով և հասկանալ՝ մարդկանց վարքագծում կա՞ փոփոխություն, թե՞ ոչ:
 
Քննարկման ամբողջական հաղորդագրությունը դիտեք այստեղ:
-------------------------------------------------------------
Նյութի համար օգտագործվել է «Մեդիա կենտրոնի» հրապարակած մամուլի հաղորդագրությունը: Հեղինակ՝ Լիլիթ Առաքելյան , «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր