You are here

2018 թ. նոյեմբերի 13-ին, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և Մեդիամաքսը մրցանակներ հանձնեցին «Ինձ պատահել է այս անհավանական բարի պատմությունը»  շարադրությունների մրցույթի հաղթողներին։ Մրցույթում հաղթած Տաթեւ Կարապետյանը ստացավ՝ 400 000 ՀՀ դրամ, երկրորդ տեղը զբաղեցրած Լիլիթ Բարսեղյանը՝  200 000 ՀՀ դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցրած Մարիամ Գրիգորյանը՝ 100 000 ՀՀ դրամ: Մրցույթին ներկայացվել էր 136 շարադրություն։

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը պատմեց, թե ինչպես առաջացավ մրցույթի թեմայի մտահղացումը, նշելով, որ եթե, օրինակ, դեռահասները փորձեն աշխարհի մասին պատկերացում կազմել լրատվամիջոցների կամ սոցիալական ցանցերի միջոցով, ապա այնպիսի տպավորություն կստեղծվի, որ աշխարհը լի է միայն վտանգներով, կոնֆլիկտներով, պատերազմներով:

«Մենք ընտրեցինք բարությունը՝ ցույց տալու համար, որ այս ամենի կողքին կան բարին գործող մարդիկ»,- ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչը: 

Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը նշեց, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ ամեն տարի աշնանը մրցույթ կազմակերպելը բարի ավանդույթ է դարձել: 

«Ինձ պատահել է այս անհավանական բարի պատմությունը» մրցույթը Մեդիամաքսի եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի թվով չորրորդ մրցույթն է:  2015 թվականին անցկացվել էր «Իմ աղջիկը», 2016-ին՝ «Իմ կինն իմ ընկերն է», իսկ 2017-ին՝ «Իմ տատիկը, իմ պապիկը» մրցույթը: 

«Չեմ կարծում, որ բարի գործեր անելու համար խրախուսանք է պետք կամ դրամական պարգեւ, բայց, այնուամենայնիվ, հաճելի է, որ կարող ենք ձեր աշխատանքները գնահատականի արժանացնել»,-ասաց Մեդիամաքսի տնօրենը: