You are here

«Ամենամեծ մոտիվացիան, երբ ինչ որ դժվար մի իրավիճակից դուրս ես գալիս, օրինակ, բարդ հղիություն է ընթանում, ու կարողանում ես ճիշտ որոշում կայացնել և լուծել այդ խնդիրը, այդ  պահին մտածում ես, որ, գուցե, նրա համար ես ծնվել, որ այս կինը կամ երեխան ապրեն»,- ասում է Լիանա Գևորգյանը, որն ավելի քան քսան տարի աշխատում է Գյումրու ծննդատանը, որպես մանկաբարձ-գինեկոլոգ։

Տիկին Լիանան նշում է, որ այս տարիների ընթացքում բազմիցս է հանդիպել դեպքերի, երբ կինը կամ զույգը որոշել է ընդհատել հղիությունը, քանի որ աղջիկ պետք է ծնվի.

«Ցավոք շատ են նման դեպքերը, ու այստեղ կարևոր է նաև բժշկի դերը։ Խոսում եմ զույգի հետ, բերում եմ օրինակներ, սկսած Գերմանիայի նախկին կանցլեր Մերկելից, ասում եմ, որ իրենցից՝ ծնողներից է կախված, թող էնպես մեծացնեն, դաստիարակեն, որ իրենց աղջիկը դառա կայացած մարդ, որ գյուղապետ էլ կարող է լինել, ղեկավար պաշտոն էլ կարող է զբաղեցնել, բերում եմ օրինակներ...շատերը նման առգումենտացիա չեն սպասում լսել, ու ասեմ, շատ հաճախ նման զրույցներն օգնում են, որ կինը, ամուսինը հետ կանգնի այդ որոշումից»,- ասում է տիկին Լիանան, որը «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության կանխարգելումը բուժաշխատողների վերաբերմունքի փոփոխության և խորհրդատվական հմտությունների բարելավման միջոցով» դասընթացի մասնակիցներից է։

Տիկին Լիանայի մայրիկը` Լիլիա Պողոսյանը նույնպես բժիշկ է, կին մանկաբարձներին ու գինեկոլոգներին տրվող միջազգային ՖԻԳՈ մրցանակակին է արժանացել։ Ի դեպ, այս ընտանիքում երրորդ սերունդը՝ տիկին Լիանայի աղջիկը նույնպես ապագա մանկաբարձ է, սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրայում։

 

«Մայրիկիս հետ ամեն օր եմ խորհրդակցում մասնագիտական տարբեր հարցերով, նաև երբ նման դեպքեր են լինում՝ պտղի սեռով պայմանավորված արհեստական ընդհատում են ցանկանում անել։ Մայրիկիս խորհուրդն է, անպայման խոսել նաև ամուսինների հետ, հաճախ այդ զրույցներն օգնում են։ Դեպքեր են լինում, երբ տարիներ հետո, փողոցում հանդիպում եմ այդ կանանց, արդեն մեծ երեխայի հետ, ասում են՝ տես քո պահած աղջիկն է...»,- ասում է տիկին Լիանան։

«Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության կանխարգելումը բուժաշխատողների վերաբերմունքի փոփոխության և խորհրդատվական հմտությունների բարելավման միջոցով» դասընթացը իրականացվեց Հայաստանի չորս մարզերում՝  Արագածոտն, Գեղարքունիք, Շիրակ և Արարատ։ Ավելի քան 70  մանկաբարձ-գինեկոլոգներ, ընտանեկան բժիշկներ և ռադիոլոգներ 3-օրյա ինտերակտիվ դասընթացի միջոցով նոր գիտելիք ու հմտություններ ձեռքբերեցին Առողջապահության ազգային ինստիտուտի փորձագիտական խմբի կողմից ավելի վաղ մշակված և փորձարկված կրթական ձեռնարկի հիման վրա։ Դասընթացն իրականացվեց «ՕքսԵՋեն» հիմնադրամի և Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող  «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և հարավ-հարավ նախաձեռնություններին» շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից:

 

 

Զարուհի Տոնոյան, Ծրագրի ղեկավար, ՄԱԲՀ. «Դասընթացի նպատակն է ներկայացնել պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության խնդիրը, առկա վիճակագրությունը, ինչ նախադրյալներ կան այս խնդրի համար և թե բժիշկներն ինչպես կարող են կանխել նման դեպքերը։ Այստեղ շատ կարևոր է, որ մենք հստակ լինենք մեր ուղերձում. այս նախաձեռնությունը ոչ թե առհասարակ աբորտների դեմ է, քանի որ հղիության արհեստական ընդհատումը կնոջ որոշումն է, մենք չենք կարող այդտեղ միջամտել, այլ պտղի սեռով պայմանավորված արհեստական ընդհատումն է, որտեղ խախտվում է արդարության սկզբունքը, այսինքն՝ որոշվում է, որ երեխան չի ծնվելու միայն այն պատճառով, որ աղջիկ է, կամ հակառակը»։

Նաիրա Դարբինյան, Արթիկի ծննդատան բժիշկ. «Պտղի սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները  շատ քչացել են հիմա, ինչին օգնեց և այս նոր օրենքը սելեկտիվ աբորտների արգելման վերաբերյալ, նաև այն, որ մտածելակերպ է փոխվել, հատկապես երիտասարդների մոտ։ Իրականում, եթե տան մեծերը չեն ճնշում, այժմյան երիտասարդները հազվադեպ են պտղի սեռով պայմանավորված նման քայլի գնում։ Հիմա էլ, որ գալիս են պտղի սեռը, օրինակ, արյունով որոշված, ես միշտ ասում եմ, դա երբեք հարյուր տոկոսով չի կարող լինել։ Բոլորի մոտ էլ սխալի թեկուզ փոքր հավանականություն կա։ Իմ պրակտիկայում եղել է, որ ասել են աղջիկ է, բայց առավել ուշ փուլի ստուգումները, ցույց են տվել, որ իրականում տղա է»։

Արթուր Ղազարյանը, ընտանեկան բժիշկ, Ծովակ համայնքի ամբուլատորիայի ղեկավար. «Շատ ակտուալ խնդիր է, ամբողջ համակարգն է տեսնում այս խնդիրը։ Մեր նման փոքր երկրի համար, երբ կա միգրացիա, նաև այս պատերազմը, պտղի սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները մեծ վտանգ են ներկայացնում։ Սեմինարը օգնում է հասկանալ, թե ինչ վտանգ կա, որտեղ կարող ենք սպասել այն, բնակչի հետ ինչպես աշխատել...Մենք նաև մեր փորձն ենք ներկայացնում և մի առաջարկ եմ արել՝  որ նման սեմինարներ ոչ միայն բժիշկների հետ անցկացվեն, այլ յուրաքանչյուր ամբուլատորիայում ունենանք հատուկ օրեր, որտեղ այս թեմաներով զրույցներ կվարեն հրավիրված փորձագետը ապագա մայրերի, կանանց, ընտանիքների համար»։

Լիլիթ Հակոբյան, մանկաբարձ գինեկոլոգ. «Չենք ուզում գրանցվել, սեռը լինի, նոր գրանցենք». ցավոք նման խոսքեր հաճախ ենք լսում ու այս դասընթացի թեման, այո, շատ արդիական է։ Իմ պրակտիկայում, վերջերս երկու դեպք եմ ունեցել, երբ խորհրդատվություն եմ տրամադրել և հաջողվել է հետ պահել սեռով պայմանավորված աբորտից։ Խոսում եմ և՛ օրենքից, և՛ աղջկա դերի մասին։ Համեմատած նախորդ տարիներին որոշ չափով դրական միտում կա։ Կարծում եմ, եթե հաջողվի նաև տղամարդկանց հետ խոսել, ավելի արդյունավետ կլինի, քանի որ  զույգերով հազվադեպ են գալիս մեզ մոտ կոնսուլտացիաների, հիմնականում  սկեսուրների կամ ամուսնու քույրերի հետ են լինում, մինչդեռ կան դեպքեր, երբ տղամարդն է ասում, որ հղիությունն ընդհատվի։ Ես առաջարկել եմ, որ դպրոցների բարձր դասարաններում նույնպես նման դասընթացներ լինեն, քանի որ հենց այդ տարիքում է ձևավորվում գիտակցությունը և հետո նման խնդիրների ստիպված չենք լինի առերեսվել։