«Բարելավելով վերարտադրողական առողջության որակյալ ծառայությունների ստանդարտները Հայաստանում․ ուղեցույցների և գործելակարգերի մշակում․ ճանապարհ դեպի փոխակերպող ազդեցություն» միջոցառումը համախմբել էր պետական կառույցների, մասնագիտական համայնքի, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ ներկայացնելու ապացույցահեն կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի մշակման գործընթացը և քննարկելու դրանց կիրառման հեռանկարը։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնած միջոցառման մեկնարկին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը կարևորեց վերարտադրողական բարձրորակ ծառայություններին հասանելիության ապահովման Հայաստանի հանձնառությունը։

«Գործընկերների հետ միասին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը աջակցել է Առողջապահության նախարարությանը մշակելու 63 ապացույցահեն կլինիկական ուղեցույց և գործելակարգ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով մայրական առողջությանը և նպատակ ունենալով հաղթահարել Հայաստանի մայրական մահացության բարձր ցուցանիշները։ Հայաստանի առողջապահական համակարգի ամենանշանակալի ձեռքբերումներից մեկը մայրական մահացության զգալի նվազումն է․ եթե 2000-ականների սկզբին այն կազմում էր 100,000 կենդանի ծնունդին 40,3 դեպք, ապա 2024 թվականին այդ ցուցանիշը նվազել է մինչև 17,9։ Սա ոչ միայն երկու անգամից ավելի կրճատում է, այլև մեծ հաջողություն է։ Ես վստահ եմ, որ կարող ենք հասնել էլ ավելի մեծ արդյունքների։ Այս ձեռքբերումները նպաստում են նաև Հայաստանի նոր ազգային նպատակներին և Ժողովրդագրական ռազմավարությանը։ Կոչ եմ անում բոլորիս շարունակել աշխատել միասին՝ պահպանելու և արագացնելու այս առաջընթացը։ Սա ենթադրում է կարողությունների շարունակական զարգացում, ապացուցահեն ուղեցույցների և գործելակարգերի կանոնավոր թարմացում, ինչպես նաև՝ ամենակարևորը, անհրաժեշտ և արդյունավետ ֆինանսական ու ինստիտուցիոնալ ներդրումներ», - նշեց Ֆրանսուազ Ժակոբը։

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի խոսքով՝ վերջին տարիներին մայրական առողջության պահպանման ոլորտում պետության կողմից իրականացվել են մի շարք բարեփոխումներ։ «Ոլորտում կատարված բարեփոխումները ոչինչ են, եթե Երևանից մինչև հեռավոր մարզ չունենայինք նվիրված, ժամանակին համահունչ գիտելիքներով զինված հմուտ բուժաշխատողներ։ Բժշկությունը զարգանում է չափազանց արագ տեմպերով, և այս պարագայում առաջնահերթ նշանակություն են ստանում ապացուցահեն ուղեցույցները և գործելակարգերը, որոնց մշակումը և ներդրումն առողջապահության նախարարության գերակայություններից է։ Պետք է ներդնենք մեխանիզմներ, որոնցով կապահովենք այս ուղեցույցների պրակտիկ կիրառությունը, իսկ արդյունքները կտեսնենք կանանց և մայրերի առողջության ցուցանիշների բարելավման ձևով»,- ասաց փոխնախարարը։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի մշակման ու ներդրման աշխատանքներն իրականացնում է 2015 թվականից՝ համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանի Մանկաբարձ-գինեկոլոգների ասոցիացիայի հետ։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը, անդրադառնալով մայրական մահացության կրկնակի կրճատված ցուցանիշներին, ասաց․ «Արձանագրված առաջընթացը միահամուռ աշխատանքի արդյունք է, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում Առողջապահության նախարարությանը և այս գործընթացի մասնակից բոլոր գործընկերներին։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում նաև մեր բուժաշխատողներին, որոնք բարդ և պատասխանատու աշխատանք են կատարում։ Հույս ունենք, որ այս ամենի ընթացքում կարող ենք ինչ-որ ձևով հեշտացնել ձեր աշխատանքը»։

Միջոցառմանը ցուցադրվեց նաև կլինիկական ուղեցույցերիզարգացման ճանապարհի և առողջապահական համակարգում դրանց ազդեցության մասին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի պատրաստած վավերագրական ֆիլմը։
Մանկաբարձ-գինեկոլոգների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Վրույր Գրիգորյանը և Երևանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանը ներկայացրին ապացուցահեն ուղեցույցների մշակման գործընթացը և նոր գործելակարգերի վերջին ձեռքբերումները։ Նրանք ընդգծեցին այդ փաստաթղթերի կարևորությունը՝ որպես որակյալ և անվտանգ ծառայությունների ապահովման գործիք։

«Ցանկանում եմ շեշտել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի մեծ, ես կասեի՝ հիմնադիր դերը այս գործընթացում։ Ազգային ուղեցույց ունենալը մեզ համար երազանք էր, և այսպիսի գործընկերոջ հետ միասին մենք կարողացանք այն կյանքի կոչել»,- ասաց Վրույր Գրիգորյանը։
Միջոցառումը շարունակվեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի Վերատադրողական առողջության ծրագրերի ղեկավար Նարինե Բեգլարյանի համակարգմամբ անցկացված մասնագիտական պանելային քննարկումով։ Մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը, ՀՀ առողջապահության նախարարության Հանրային առողջության բաժնի պետ Կարինե Գաբրիելյանը, Իջևանի բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Ռուզաննա Գրիգորյանը, մանկական գինեկոլոգ Նազելի Սարգսյանը, ինչպես նաև Բժշկական էթիկայի հանձնաժողովի ներկայացուցիչ Սևան Իրիցյանը։ Նրանք ներկայացրին իրենց տեսլականը և առաջարկները՝ ուղղված կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի արդյունավետ ներդրմանը։

«Ուղեցույցները բարձրացնում են մեր արդյունավետությունը և որակը։ Յուրաքանչյուր մասնագետ գիտի իր անելիքը, գործում է վստահ՝ առանց խառնաշփոթի, չնայած բժշկական տարակարծություններին։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվել են նաև քննարկումներ ու վերապատրաստման ծրագրեր։ Ձեռք բերված փորձն ու հմտությունները տեղայնացրել ենք մեր բժշկական կենտրոնում և արդեն ունենք բավական լավ արդյունքներ։ Քանի որ ուղեցույցներն ուղղորդող բնույթ են կրում, կարծում եմ՝ կիրառության արդյունավետության ուղղությամբ աշխատանքների կարիք կա։ Այդ ուղեցույցներով առաջնորդվելը առաջին հերթին մեզ՝ բժիշկներիս է պաշտպանում»,- ասաց Իջևանի ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Ռուզաննա Գրիգորյանը։
Միջոցառումն ավարտվեց բաց հարցուպատասխանով։ Ընդգծվեց, որ նոր ուղեցույցներն ու գործելակարգերը առողջապահական համակարգի բարեփոխումների և վերարտադրողական առողջության որակյալ ծառայությունների հասանելիության բարձրացման համար լավ հիմք են։
