You are here

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակը,  Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի աջակցությամբ, 2011 թ. հոկտեմբերի 19-ից 21-ը Երևանում անցկացրեց «7 միլիարդ. հավասարակշռություն, իրավունքներ և հավասար հնարավորություններ» տարածաշրջանային փորձագիտական համաժողովը, որին մասնակցեցին ժողովրդագրության ոլորտում համաշխարհային այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Մոսկվայի Ազգաբնակչության խնդիրների ուսումնասիրության կենտրոնի գիտական զեկավար Վալերի Ելիզարովը, ավելի քան 150 գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ Սերգեյ Շերբովը՝ Վիեննայի ժողովրդագրության ինստիտուտից, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի գործող անդամ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ժողտնտեսության կանխատեսման ինստիտուտին կից Ժողովրդագրության և մարդու էկոլոգիայի կենտրոնի ղեկավար Անատոլի Վիշնևսկին և այլ ճանաչված ժողովրդագիրներ:

Համաժողովի առաջին օրը տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ նվիրված տարածաշրջանի համար այնպիսի հրատապ ժողովրդագրական խնդիրների, ինչպիսիք են ծնելիությունը, միգրացիան, ծերացումը և մահացությունը:

Ասուլիսին ներկա էին Մոսկվայի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Ժողովրդագրության ինստիտուտի տնօրեն Անատոլի Վիշնևսկին, Ուկրաինայի Գիտությունների ակադեմիայի Ժողովրդագրության և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Էլլա Լիբանովան, ինչպես նաև ՄԱԲՀ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Թեա Ֆիրենսը և ՄԱԲՀ հայաստանյան, վրաստանյան և ադրբեջանական գրասենյակների տնօրեն Զահիդուլ Հյուքը:

«Առաջիկա օրերի ընթացքում մենք փորձելու ենք գտնել քաղաքականության ձևավորման լավագույն տարբերակները՝ աճող կամ նվազող բնակչության հիմնախնդիրներին լուծումներ տալու համար», ասուլիսի ւնթացքում նշեց Թեա Ֆիրենսը:   

Համաժողովի երրորդ օրը՝ հոկտեմբերի 21-ին, փորձագետներին միացան Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ քննարկելու կոնկրետ Հայաստանի առջև ծառացած ժողովրդագրական մարտահրավերները՝ ցածր ծնելիություն, աճող ծերացում եւ միգրացիա եւ դրանց դիմագրավելու արդյունավետ քաղաքականությունները:

Բնակչության նվազման, ծերացման, ծնելիության, մահացության եւ միգրացիայի միտումները միահյուսվել և տարածաշրջանում ձեւավորել են ահռելիորեն տարասեռ մի ժողովրդագրական պատկեր: Մինչ նախկին Խորհրդային Միության եվրոպական հատվածի՝ ներառյալ Հայաստանի բնակչությունը, ակնկալվում է, որ այս դարի ընթացքում կիսով չափ կնվազի, Կենտրոնական Ասիայի բնակչությունը, ամենայն հավանականությամբ, կաճի 50 տոկոսով: Նման գործընթացների հնարավոր ազդեցությունները բարձրացնում են ազգային ինքնությանը, անվտանգությանը, միգրացիոն հոսքերին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ տնտեսական եւ ընդհանուր զարգացման մտահոգություններ, որոնք անհապաղ պատասխաններ են պահանջում: Տեղի ունեցած համաժողովը որոշակի փորձ էր այդ ուղղությամբ:


Լուսանկարներ համաժողովից

Մասնակից փորձագետների հակիրճ կենսագրությունները

Համաժողովի լուսաբանումը ՄԱԲՀ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային կայքում