You are here

2017 թ․ հունվարի 31-ին Երևանի Արմենիա Մարիոթ  հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի ունեցավ միջազգային համաժողով՝ կանանց նկատմամբ բռնության կանխարգելման եվրոպական փորձի փոխանցումը թեմայով: Միջոցառումը համատեղ կազմակերպել էին Եվրոպայի խորհուրդը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը:
 
Բացման խոսքով հանդես եկան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԲՀ ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:
 
Այնուհետև ընտանեկան բռնությունից տուժած երկու կանայք պատմեցին լռությունը խախտելու և արդարության հասնելու իրենց փորձի մասին:
 
Միջոցառման մասնակիցները քննարկեցին, թե ինչպես կարող է մտածելակերպի փոփոխությունը և ինստիտուցիոնալ կառուցվածքի ձևավորումը օգնել կանխելու կանանց նկատմամբ բռնությունը, ինչպես կարելի է պաշտպանել տուժածներին և վտանգված կանանց ու պատժել մեղավորներին:
 
Քննարկման առանցքային թեմաներից էր նաև այս ոլորտում Եվրոպայի խորհրդի հիմնական փաստաթուղթերից մեկը՝ Եվրոպայի Խորհրդի Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիան (Ստամբուլի կոնվենցիա) և այդ փաստաթղթին Հայաստանի միանալու հարցը: