You are here

Մեր ներս մտնելու պահին աշխույժ մթնոլորտ էր. վառ գույների, ժամանակակից կահավորված սենյակում շրջանաձեւ նստած մի խումբ երիտասարդ կանայք ու տղամարդիկ աշխուժորեն ինչ-որ բան են քննարկում։ Շրջանի կենտրոնում 2-3 տարեկան երկու երեխաներ են խաղում՝ ուշադրություն չդարձնելով մեծերի ժխորին։ Գյումրու ընտանիքի անկյունում «Հոգատարություն հանուն հավասարության» ծնողավարության դասընթացի հերթական պարապմունքն է։ Ըստ նախատեսվածի՝ դասընթացը պետք է նպաստի կանանց ու տղամարդկանց դերերի վերաբերյալ կարծրատիպերի փոփոխմանը, երեխայի խնամքում և կենցաղային հոգսերում տղամարդկանց ներգրավածության մեծացմանը։

 

Կարճ ժամանակ անց պարզ է դառնում օրվա քննարկման թեման՝ խաղալիքներ եւ սեռ։ Մասնակիցներն ուսումնասիրում են, թե ինչ ազդեցություն կարող են խաղալիքներն ունենալ կնոջ ու տղամարդու դերերի վերաբերյալ երեխայի պատկերացումների վրա, ինչպես նաեւ մտածում խաղի՝ որպես խնամքի կարեւոր բաղադրիչի մասին։

Մինչ երեխաները անվրդով շարունակում են իրենց խաղը, մեծերի քննարկումը գնալով ավելի է ակտիվանում։ Դասընթացավարների առաջարկով պատահականության սկզբունքով «ծնող-երեխա» զույգեր են կազմվում մասնակիցներից։ Հետո «ծնողը» սեղաններից մեկին լցված խաղալիքների կույտից ընտրում է որեւէ խաղալիք։ Ավելի ուշ բոլոր «ծնողները» բացատրում են, թե ինչու ընտրեցին հենց այդ խաղալիքը, եւ ինչ կերպ այն կօգտագործեին որպես երեխայի զարգացման միջոց։ Դասընթացավարները հարցերի միջոցով ուղղորդում են քննարկումը, մասնակիցներն անկաշկանդ կարծիքներ հայտնում։

Այս թեման մեկն էր ինը թեմաներից, որոնց շուրջ հյուսվում էին «Հոգատարություն հանուն հավասարության» դասընթացի հանդիպումները։ Ներկա եւ ապագա ծնողները քննարկում են ընտանիքում ներդաշնակ հարաբերությունների հաստատմանը, ամուսինների միջեւ դերերի բաշխմանը, երեխաների համատեղ խնամքին, ընտանեկան բռնության կանխարգելմանը վերաբերող բազմազան թեմաներ։

Թեմաների ընտրությունը հիմնված է տեղական իրողությունների վրա. Հայաստանում, որտեղ ըստ հետազոտությունների, վերջին տարիներին հայրիկներն ավելի շատ են ներգրավված երեխաների խնամքում եւ կրթության մեջ, սակայն նրանց զգալի տոկոսն ընդունում է, որ իրենց դերն, այդուհանդերձ երկրորդական է՝ կանայք են կատարում երեխաների խնամքի համար անհրաժեշտ աշխատանքի մեծ մասը։

Գյումրու ընտանիքի անկյուն ռեսուրսային կենտրոնում այս տարվա փետրվար-ապրիլին անցկացված դասընթացին մասնակցած՝ Շիրակի մարզի 18 երիտասարդները, որոնց թվում կային թե ամուսնական զույգեր, թե չամուսնացած երիտասարդ տղաներ ու աղջիկներ, ոչ միայն ամենատարբեր մասնագիտություններ, այլեւ ընտանեկան հարաբերությունների վերաբերյալ տարբեր ընկալումներ ունեն։ Դասընթացավարներին, որոնք Վորլդ Վիժն Հայաստանի սոցաշխատողներ են, հարցնում ենք՝ բա՞րդ էր խմբի հետ աշխատելը։ «Ամենասկզբում՝ խմբին ծանոթ չլինելով, համարյա ոչ մեկին չճանաչելով՝ մտածում էի, որ շատ դժվար կլինի, մանավանդ մերման փուլը՝ երբ որ մենք կմերվենք, կդառնանք խումբ, ավելի անկեղծ կլինենք, կկիսվենք մտքերով»,- ասում է դասընթացավար Գոհար Պետրոսյանը։

Մտավախությունները, սակայն, արագ ցրվել են՝ խումբը արագ թիմ է դարձել, մերվել, իսկ անկեղծությունը խմբում օր օրի աճել է։ «Այսինքն՝ վստահություն կար, ու էդ վստահության մթնոլորտում սկսեցին խոսել ու խոսել անկեղծ, ասել գաղտնիքներ, որ ուրիշներին չէիր ասի երեւի»,- ասում է Գոհարը։

Առաջընթաց կա՞ դասընթացների արդյունքում՝ հարցնում ենք դասընթացավարներին։ Հաջողվո՞ւմ է կոտրել մասնակիցների շրջանում եղած կարծրատիպերը կնոջ ու տղամարդու դերերի վերաբերյալ։ Հայրիկներն ինչպե՞ս են արձագանքում երեխայի խնամքում ավելի շատ ներգրավված լինելու վերաբերյալ ուղերձներին։ Գոհար Պետրոսյանն ասում է, որ ամենակարեւոր առաջընթացը զույգերի՝ իրար նորովի բացահայտելն է. «Ամուսնական զույգերի մեջ մանավանդ ակնհայտ զգում ես, որ իրենք իրար բացահայտում են մեր պարապմունքների ընթացքում։ Ինձ համար դա ամենամեծ գրավականն է հաջողության, երբ նրանք թեկուզ մի քայլ իրար բացահայտած էստեղից դուրս են գալիս։ Կամ ինչ-որ հարցի շուրջ մտածելով են դուրս գալիս՝ այ դա ինձ համար շատ մեծ առաջընթաց ու ձեռքբերում է»,- ասում է Գոհարը։

Հերթական հանդիպման ժամանակը սպառվեց, սակայն մասնակիցները չեն շտապում հեռանալ կենտրոնից։ Հարցնում ենք՝ ինչ սպասելիքներով էին դիմել ծագրին մասնակցելու, արդարացա՞ն արդյոք դրանք։ «Ամենասկզբից երբ որ իմացա պիտի գանք, մտածում էի ուղղակի ժամանակ անցկացնելու համար է՝ ընկերական։ Չէի կարծում, որ ինչ-որ բան կարող է տալ այս դասընթացը մեզ։ Բայց հիմա շատ հստակ կարող եմ ասել, որ լիքը բաներ ես վերանայել եմ իմ մեջ ու հատկապես մեր հարաբերություններում, մեր ընտանիքում, երեխային դաստիարակելու մեթոդներում»,- ասում է 27-ամյա Անի Դարչոյանը, եւ ավելացնում, որ «լսած ամեն մի խոսքը» հետագայում պիտի կիրառի ընտանեկան կյանքում։

«Ուրիշի կյանքի փորձը կիսվում է հետդ, որոշակի վերլուծություններ ես անում»,- ասում է Անիի ամուսինը՝ Գեւորգը։ Նա վստահ է, որ դասընթացը միայն ու միայն դրական ազդեցություն է ունեցել իր ու Անիի հարաբերություններում. «Յուրաքանչյուր շաբաթ օր երբ որ վերադառնում ենք տուն, նախ առանձին-առանձին երեկոյան վերհիշում ենք, վերլուծում ենք, հետո իրար հետ կիսվում ենք մեր վերլուծություններով, հնչած հարցերն ենք քննարկում»,- ասում է Գեւորգը։


Անիի և Գևորգի Ընտանիքը Ընտանիքի անկյունում

«Շատ կուզենամ, որ շարունակական լինի, որովհետեւ իրոք զուտ ինչ-որ գրած օրենքներ չեն, էս ամեն մի պատմությունը կյանքից է գալիս՝ իրական դեպքեր, պատմություններ, որոնց վրա նույնիսկ կարող է առաջ ուշադրություն չդարձնեիր, բայց էս քննարկումներից հետո կկանգնիս ու կըսես՝ վաայ»,- Գյումրու խոսույթով իր խոսքն է ավարտում Անին։

Գյումրու «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնի համակարգող Աստղիկ Հովհաննիսյանը, որը մասնակցել է բոլոր հանդիպումներին եւ վաստակել մասնակիցների անվերապահ վստահությունը, վստահ է՝ հանդիպումների արդյունքում ընտանեկան զույգերն ավելի մտերիմ են դարձել, ավելի հարազատ։ «Էն երիտասարդներն էլ, որոնք ամուսնության շեմին են, սկսել են ավելի լավ պատկերացնել առաջիկայում ինչ խնդիրների առաջ կարող են կանգնել, ինչու չէ նաեւ ոգեւորվում են՝ լսելով ամուսնացածների պատմությունները»,- ասում է Աստղիկը։


Աստղիկ Հովհաննիսյանը (ձախից) և Նարինե Բեգլարյանը

Գյումրու դասընթացն ավարտվեց, սակայն խումբը բաժանվել մտադիր չէ։ Ամենաշաբաթյա հանդիպումներին փոխարինելու տարբերակը գտել են՝ միասին ճամփորդել։ Աստղիկը պատմում է, որ առաջին ճամփորդությունը դեպի Մարմաշեն արդեն պլանավորել են, իրեն էլ են հրավիրել մասնակցելու։

«Սա էլ հենց ամենակարեւոր նպատակներից մեկն է Ընտանիքի անկյունների՝ երիտասարդ տղաների ու աղջիկների, հայրիկների ու մայրիկների ցանց ստեղծելը, նրանց միջեւ փորձի փոխանակումը, միմյանցից սովորելն ու միասին աճելը։ Կարող ենք ասել, որ առաջին փորձը հաջողված էր»,- ասում է «ԵՄ-ն հանուն կանանց ու տղամարդկանց. Միասին ընդդեմ գենդերային բռնության եւ կարծրատիպերի» ծրագրի հայաստանյան բաղադրիչի ղեկավար Նարինե Բեգլարյանը։

«Շատ ուրախ եմ տեսնել, որ Եվրամիության ֆինանսավորումն ուղղվում է ծնողավարության ավելի արդիական հմտությունների և աջակցության ցանցերի ստեղծմանը։ Այս միջամտությունները շատ օգտակար են եղել Եվրոպայում և օգնել են բազմաթիվ թե նորաթուխ, թե ավելի կայացած ծնողների և զույգերի՝ հուշելով, թե ինչպես կարելի է ավելի լավ կազմակերպել ընտանքի ամենօրյա կյանքը և կատարել երեխայի խնամքի հետ կապված պարտականությունները։ Վստահ եմ՝ նույնը կլինի նաեւ Հայաստանում»,- նշեց ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը։

***

«Հոգատարություն հանուն հավասարության» դասընթացները կազմակերպվում են Եվրամիության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և «ՄԱԿ Կանայք»-ի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում։ Առաջիկայում դասընթաներ կանցկացվեն նաեւ Լոռու եւ Տավուշի մարզերում՝ այդտեղ Ընտանիքի անկյունների հիմնադրումից հետո։ Ընտանիքի անկյուն ռեսուրսային կենտրոնները ստեղծվում են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցաբար։