You are here

Ինչպես գիտեք, հոկտեմբերի 11-ը նշվում է որպես Աղջիկ երեխայի միջազգային օր։ Այդ օրը, մեր գործընկերների և բարեկամների հետ միասին, բազմաթիվ հետաքրքիր և ուրախ միջոցառումներ արեցինք, ինչպես նաև համատեղ մեկնարկեցինք #բավականէ տեղեկատվական արշավը՝ ուղղված Հայաստանում պտղի սեռի խտրական ընտրության վերացմանը - ինչպես ասում են՝ հերիք եղավ, բավական եղավ։

Օրը սկսեցինք և շարունակեցինք տարբեր եթերներում՝ Հ1, Շանթ, ԱԹԻՎԻ, Երկիր Մեդիա հեռուստաընկերություններում։

Հետո, մեր երկարամյա գործընկեր և գաղափարակից «Փոփոխությունների թատրոնի» հետ միասին, ԵՄ ֆինանսավորմամբ, բացօթյա ինտերակտիվ խաղ-վիկտորինա կազմակերպեցինք։ Խաղը նվիրված էր հայ և աշխարհի կանանց ձեռքբերումներին և աշխարհում ունեցած ներդրմանը։

Հաջորդը մի հիանալի ցուցահանդեսի բացումն էր, որտեղ ավելի քան հարյուր աղջիկներ ներկայացրեցին իրենց հայրիկներին պատկերող նկարները։ Այն, կրկին, իրականացվեց ԵՄ ֆինանսավորմամբ, ինչպես նաև UNAIDS-ի աջակցությամբ, իսկ գաղափարի ու կենսագործման անմիջական «մեղավորը» «Դիլիմ» արտասովոր ընկերությունն էր։

Եվ վերջապես, ևս մի անգամ ԵՄ ֆինանսավորմամբ ։), «Դոպինգ» ստեղծագործական թիմի և ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ մեկնարկեցինք #բավականէ իրազեկման քարոզարշավը՝ ուղղված պտղի սեռի խտրական ամոթալի երևույթի վերացմանը Հայաստանում։

Դուք էլ միացեք արշավին, այցելեք արշավի կայքէջը՝ bavakane.am, կամ ֆեյսբուքյան էջը։