You are here

ՄԱԲՀ-ն՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, մեկնարկել է «Վտանգված երիտասարդություն»լուսանկարչական և մուլտիմեդիա ցուցահանդեսը՝ նպատակ ունենալով ուշադրություն հրավիրել երիտասարդների հիմնախնդիրների լուծման համար ներդրումներ կատարելու անհրաժեշտության վրա: Ցուցահանդեսը խնդիր ունի նաև ցույց տալ, որ հարկ է արագացնել երիտասարդների առողջության, տեղեկություններ և կրթություն ստանալու իրավունքների իրականացման համար արվող քայլերը: Այն փորձ է անում լսելի դարձնել խոցելի երիտասարդության ձայնը, որը հաճախ անտեսված է մնում:

- Երիտասարդների հիմնախնդիրների լուծման, կանանց հզորացման և վերարտադրողական առողջության՝ հատկապես դեռահաս աղջիկների առումով,  բարելավման համար արվող ներդրումները վճռական նշանակություն ունեն երկրների արտադրական կարողություններն ընդլայնելու և ազգային ու համայնքային զարգացումն արագացնելու համար, - ասել է ՄԱԲՀ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թեա Ֆիրենսը Ստամբուլում կայացած «Ներդրեք հանուն երիտասարդների. արագացված զարգացման ուղի» տարածաշրջանայինհամաժողովում, որտեղ ցուցահանդեսն առաջին անգամ ներկայացվեց սահմանափակ լսարանի:

- Մարդիկ հաճախ չեն կապում աղքատությունը Արևելյան Եվրոպայի համատեքստի հետ, - հավելել է տիկին Ֆիրենսը, - այդուհանդերձ, շատ ու շատ կարևոր է, որ 7 միլիարդ բնակչությամբ աշխարհին մոտենալուն զուգահեռ, մենք շարունակենք մտքում ունենալ առավել խոցելի երիտասարդությանը՝ նրանց, ովքեր գործազուրկ ու անտուն են, ովքեր կրթություն չեն ստացել, ովքեր կանգնած են սեռական շահագործման նպատակով մարդկանց առևտրի վտանգի առջև և նրանց, ովքեր չունեն սեռական ու վերարտադրողական առողջության ծառայություններից օգտվելու հնարավորություն, - ասել է նա:

«Վտանգված երիտասարդություն» մուլտիմեդիա նախագիծը ներառում է չորս երկիր՝ Հայաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Ղրղզստան և Ուկրաինա: Այն վավերագրում է երիտասարդների բարդ կյանքն ու երազանքները, դժվարություններն ու հույսերը: Ցուցահանդեսն ընդգրկում է պատմությունների շարք, մուլտիմեդիա միջոցներ և լուսանկարներ, որոնք արվել են Արևմտյան և Արևելյան Եվրոպաներն ու Կենտրոնական Ասիան ներկայացնող մրցանակակիր լուսանկարիչների կողմից:

Թեև այս ցուցահանդեսի հերոսներն ապրում են Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում, նկարագրված վտանգներն ընդհանուր են ողջ աշխարհի երիտասարդության համար: «Նախագիծն օգնում է իրազեկել այն վտանգների մասին, որոնց առջև կանգնած են երիտասարդները, վտանգներ, որոնք սահմաններ չեն ճանաչում», - նշել է ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: «Դժվարություններն ու խնդիրները, որոնք հառնում են երիտասարդության առջև, համընդհանուր են», - հավելել է ՄԱԲՀ Ուկրաինայի գրասենյակի ներկայացուցիչ Նուզհատ Էհսանը:

«Արվեստներն ու տեսողական արտահայտչամիջոցները  կարող են հզոր գործիք դառնալ մարդկանց անձնական մակարդակում ներգրավելու, իրազեկությունն ավելացնելու և փոփոխություններ հարուցելու համար», - նշել է Թեա Ֆիրենսը: «Այդ պատճառով, մենք ընտրեցինք այս միջոցը՝ որպես բազում այլ միջոցներից մեկը, նպաստելու համար երիտասարդության զարգացման առումով  քաղաքականության շուրջ երկխոսությանը և զարգացման օրակարգի առաջ մղմանն ազգային և տարածաշրջանային մակարդակներում», - ավելացրել է նա:

Նախագծի լուսանկարներն ու նյութերը ՄԱԲՀ-ի և իր գործընկերների կողմից կօգտագործվեն թե՛ տարածաշրջանում, թե՛ ողջ աշխարհում՝ հանուն երիտասարդների առողջության և զարգացման քարոզչության ու իրազեկության բարձրացման նպատակով: Նյութերը՝ինտերնետային ցուցահանդեսի, տեսաներկայացման, լուսանկարչական ցուցահանդեսի, թվային  և տպագիր գրքերի ու պաստառների ձևաչափով, նույնպես կարող են հասանելի լինել հանրությանը, մասնավոր և համայնքային հաստատություններին՝ համապատասխան պահանջի առկայության դեպքում, և թարգմանվել՝ ըստ անհրաժեշտության: Ի հավելումն Ստամբուլում արված ցուցահանդեսի, 2011 թ.-ին ցուցադրություններ են նախատեսված Բոսնիայում և Հերցեգովինայում, ՄԹ-ում՝ Լոնդոնում, ինչպես նաև Ղրղզստանում:

Ցուցահանդեսի աշխատանքները ներկայացնող լուսանկարիչները բաց են հարցազրույցների համար:

ՄԱԲՀ-ն աշխատում է իր ազգային գործընկերների հետ՝ նպաստելու համար դեռահասների և երիտասարդների զարգացմանը աղքատության նվազեցման համատեքստում: Ծրագրային մակարդակում, ՄԱԲՀ-ն առաջ է մղում դեռահասների և երիտասարդների համար սոցիալական պաշտպանության միջոցառումների հիմնական փաթեթը՝ ներառյալ սեռական և վերարտադրողական առողջության ծառայություններից օգտվելու հնարավորությունը: ՄԱԲՀ-ն աջակցում է երիտասարդ մարդկանց կարողությունների, ցանցերի և կազմակերպությունների ձևավորմանը, որպեսզի նրանց ձայնն ավելի լսելի լինի քաղաքականությունների մշակման և որոշումների կայացման գործընթացներում:

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել.

Ռաքել Ուեքսլեր
Հեռ.՝ 1 212 297-5073
Էլ. փոստ՝ wexler@unfpa.org