You are here

Ապրիլի 7-ը Մայրության և գեղեցկության տոնն է։ Բայց արժե նաև՝ այն համարվի բոլոր այն բժիշկների, մանկաբարձների, բուժքույրերի տոնը, որոնք կանանց կողքին են մայրանալու խորհրդավոր ու բերկրալից ճանապարհին։ Ապագա և նոր մայրիկների հետ միասին նրանք բոլորը հերոսներ են։ Այդ մասին զրուցեցինք Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում։


Երեսունչորսամյա Իրինան սպասում է առաջնեկին

Երեսունչորսամյա Իրինա Ասատրյանը Արմավիրից է։ Վեց տարի երեխա չեն ունեցել, և հիմա բերկրանքով ժպտում է՝ սպասում են առաջնեկին։ Թեև աղջիկ էր ուզում, բայց տղա է ծնվելու։ «Ոչինչ, - ասում է, - Աստված այդպես է տվել, մյուսը աղջիկ կլինի»։ Մտածում են, որ տղան մեծանալու, երգիչ է դառնալու՝ գերդաստանում նախադեպեր ունեն։

«Ցանկանում եմ, որ բոլոր կանայք երեխա ունենան – ես որ չունեի, հիմա հասկանում եմ ծնողի հարգը», - ասում է Իրինան։ Նա հայաստանցի կանանց ամուսիններին մաղթում է, որ երջանիկ ու շատ լավ ամուսին լինեն։ Իսկ բժիշկներին, բուժաշխատողներին ցանկանում է  երջանկություն ու երկար տարիների կյանք. նրանց շնորհիվ է, որ հիմա բալիկ է սպասում։


Մանկաբարձ-գինեկոլոգ  Անժելա Մկրտչյանը

Երիտասարդ մանկաբարձ-գինեկոլոգ  Անժելա Մկրտչյանի համար իր աշխատանքում ամենահաճելին նոր կյանքի սկիզբն է, մայրության զգացողությունները, մոր ժպիտը, բալիկի առաջին ճիչը։

«Դա ուղղակի հրաշք է, չեմ կարող բացատրել, այն, ինչ դու ես ապրում, ինչը որ մայրիկն է ապրում, այդ պահն ուղղակի հրաշք է։ Նման զգացողությունները բառացի չես կարող վերարտադրել»,- ասում է բժշկուհին։  

Իհարկե՝ բժշկի պատասխանատվությունը շատ շատ մեծ է։ Նա պատասխանատու է ինչպես կնոջ, այնպես էլ երեխայի համար՝ հաշվի առնելով հղիության հետ կապված բարդությունների ռիսկը։ Մանավանդ որ՝ երրորդ մակարդակի ծննդատանը հիմնականում բարձր ռիսկի խմբում  գտնվող կանայք են։

«Բայց իհարկե այն բերկրանքը, որը պարգևում ես մայրիկին, այդ երջանիկ պահը, իհարկե, ամեն ինչ փակում է»,- ժպտում է նա։

Բժշկուհին կանանց մաղթում է երջանկություն, իսկ մասնագիտական առումով՝ որ զգան մայրական բերկրանքը։ Բոլոր այն կանանց, որոնք ցանկանում ու ծրագրում են հղիանալ, ցանկանում է, որ զինվեն համբերությամբ, փորձեն իրենց խնդիրները հաղթահարել ու հասնեն իրենց գերագույն նպատակին։ Եվ իհարկե՝ լինեն առողջ։ Իսկ նրանց ամուսիններին մաղթում է, որ միշտ իրենց կողակիցների կողքին լինեն, որ կանայք կարողանան ամուր հենվել իրենց ամուսինների վրա, և միասին քայլեն առաջ՝ պայծառ ապագա ստեղծելու իրենց ընտանիքի, երեխաների, երկրի համար։

«Ամուսինները համբերատար լինեն, ավելի հասկացող լինեն, հեշտ չկորցնեն իրենց – ծննդաբերությունը մի վայրկյանում չի սկսվում և ավարտվում, որոշակիորեն ժամանակատար գործընթաց է, ու այդպես անհամբեր՝ կնոջ մի ցավից երբեմն այնպես են խառնվում իրար, որ թվում է, թե աշխարհի վերջն է»,- ծիծաղում է բժշկուհին։

Իհարկե՝ կորոնավիրուսի պատճառով, հիմա բուժանձնակազմը շատ դժվար պայմաններում է աշխատում։ Անժելա Մկրտչյանը իր գործընկերներին մաղթում է համբերություն, աշխատասիրություն, առողջություն, որովհետև ռիսկի խմբում գտնվելով՝ նրանց համար էլ շատ դժվար է աշխատելը։


Անի Սերգոյանը զույգ տղա է ունեցել։ Նրա հետ մայրն է՝ տիկին Կարինեն։

Գյումրիից երեսուներկուամյա Անի Սերգոյանը զույգ տղա է ունեցել։ Ուզում է, որ հաջողակ և կիրթ մարդիկ լինեն։ Ասում է, որ հաջորդը կուզենային աղջիկ լինի։ Պատմում է, որ ամենադժվարը երեխաներից մի փոքր հեռու լինելն է, որովհետև շուտ են ծնվել ու հիմա ինտենսիվ խնամքի բաժանմունքում են։ Իսկ ամենահաճելին, պարզ բան է, մայրական բերկրանքն է։

«Ամուսիններին կմաղթեմ նույն զգացումը, ինչը որ իմ ամուսինն է ունեցել։ Լինեն ուշադիր, հոգատար լինեն, գնահատեն կանանց չարչարանքը»,- ասում է Անին։ Բուժանձնակազմին խորապես շնորհակալ է բարեխիղճ աշխատանքի համար ու ցանկանում է բազում տարիների բեղմնավոր աշխատանք։

Անիի հետ է նրա մայրը՝ տիկին Կարինեն։

«Ապրիլի 7-ի այս գարնանային գեղեցիկ օրվա կապակցությամբ ես բոլոր աղջիկներին, մայրերին կամենում եմ իրենց երազանքների իրականացում, առողջ լինեն, երջանիկ ապրեն՝ իրենց ընտանիքներով՝ խաղաղ երկնքի տակ»,- ասում է տիկին Կարինեն։


Ավագ մանկաբարձ Նազելի Դավթյանը 20 տարվա փորձառություն ունի

Գրեթե 20 տարվա փորձառությամբ ավագ մանկաբարձ Նազելի Դավթյանը հուզվում է, երբ հարցնում ենք դժվար պահերի մասին, բայց գրեթե կրկնում է բժշկուհու խոսքը։

«Ամենահաճելին և՛ ինձ համար, և՛ բոլոր մանկաբարձների համար առաջին պահն է, երբ կենդանի երեխան ձեռքերիդ մեջ զգում ես, և այդ ամենահաճելի պահը մենք յուրաքանչյուրս ամեն օր տասը անգամ ապրում ենք»,- ծիծաղում է նա։ Այդ զգացողությունը ժամանակի ընթացքում ուժգնությունը չի կորցնում, այլ ընդհակառակը։

Մանկաբարձուհին պատմում է, որ ամեն ծնունդի հետ, ամեն ամսվա, ամեն տարվա հետ փորձը և գիտելիքը շատանում են։ Դա օգնում է ճիշտ կողմնորոշվել, նույնիսկ մինչև բժշկի հասնելը և միջամտելը։ Երբեմն այնպիսի պահ է լինում, որ չես կարող նույնիսկ հեռախոսը վերցնել, մեկ զանգ անել, այդ պահին պիտի միջամտություն անես։ Մինչև բժշկի գալը այդ մեկ-երկու րոպեն չպիտի կորցնես։

«Մանկաբարձի զգացողությունը... յուրաքանչյուր մայր, որ մայրանում է առաջին անգամ ու երեխա է ունենում, այդ պահին երեխային ցույց են տալիս կամ ձեռքն են տալիս, այդ նույն զգացողությունը մենք, պատկերացրեք, ամեն անգամ ունենում ենք։ Որ՝ փառք Աստծո, որ երեխան ծնվեց, կենդանի է, ճչում է ու, կարևորը, խնդիր չունի։ Ու դու այդպես, առանց խնդրի հանձնում ես մորը։ Սա աննկարագրելի մի զգացողություն է, որ պետք է ապրես, որ զգաս»,- ասում է փորձառու մանկաբարձը։

Տիկին Դավթյանը աշխարհի յուրաքանչյուր կնոջ ու աղջկա մաղթում է մայրանալու բերկրանքը։ Եվ որ առանց արցունք ապրեն իրենց հետագա օրերը՝ հատկապես նկատի ունենալով պատերազմը։

Նա տղամարդկանց մաղթում է, որ գնահատեն իրենց ունեցածը, իրենց կողակցին, որքան կարող են՝ գնահատեն կնոջն ու բարձրացնեն։

«Կցանկանամ, որ յուրաքանչյուր տղամարդ, յուրաքանչյուր կին, մինչև իրենց կյանքի վերջին օրը միասին լինեն ու իրենց երեխաներին միասին մեծացնեն։ Ոչ մի երեխա ծնողներից մեկի պակասը չզգա»,- ասում է մանկաբարձը։

Իր գործընկերներին մաղթում է, որ յուրաքանչյուր բուժաշխատող, հատկապես՝ հերթափոխի աշխատողները, առավոտյան տուն գնալիս հանգիստ խղճով ասի՝ փառք Աստծո, այսօր էլ ամեն ինչ լավ և անփորձանք եղավ, ոչ մի միջադեպ չունեցանք։


Բուժքույրեր Արմինե Աբրահամյանն ու Էմմա Մարտիրոսյանը

Ընդամենը վեց ամիս առաջ աշխատանքի անցած երիտասարդ բուժքույր Արմինե Աբրահամյանը երեք երեխա ունի, սպասել է մի քիչ մեծանան, հետո անցնի աշխատանքի։ Աշխատավայրում շատ հեշտ է հարմարվել։ Ամենահաճելին համարում է հղիների հետ շփվելը, նրանց օգնելն ու խնամելը, նաև շփումը գործընկերների հետ։

«Մեր կանանց կմաղթեմ գեղեցկություն, առողջություն, թող մեր երկրի վիճակը խաղաղվի, բոլորը լավ լինեն, երջանիկ լինեն»,- ասում է նա ժպտալով։

Արմինե Աբրահամյանը համարում է, որ կանայք նաև պետք է իրենց առջև մասնագիտության մեջ հմտանալու և առաջ գնալու նպատակներ դնեն։ Եվ եթե ամեն ինչ անեն հերթականությամբ ու առանց ընկճվելու, անպայման հաջողության կհասնեն։

Նրա հետ համաձայնում է արդեն յոթ տարվա փորձ ունեցող մյուս երիտասարդ բուժքույրը՝ Էմմա Մարտիրոսյանը։ Նա համարում է, որ կանայք պետք է միշտ նայեն առաջ, և որ նրանք բոլորը հերոսներ են։

«Այս տարիների ընթացքում շատ-շատ կանանց ենք հանդիպել, թե՛ հետծննդյան շրջանում, թե՛ դեռ հղի ժամանակ։ Երբեմն, այդ նույն հղին և հետծննդյան շրջանում գտնվող կինն ավելի շատ կարիք է ունենում զուտ մարդկային շփման, քան մանկաբարձուհու կամ բուժքրոջ։ Նա ավելի շատ կարիք է ունենում, որ իր հետ նստես, զրուցես, որ ինքը քեզ հետ կիսվի։ Այդ պատճառով մեր աշխատանքում ամեն ինչ շատ կարևոր է։ Ծննդաբերության ընթացքում և հետծննդյան շրջանում խնդիրները տարբեր են և տարբեր մոտեցումներ են պահանջում»,- պատմում է Էմման իրենց աշխատանքի մասին։

Նա կարծում է, որ ոչ բոլոր կանանց է բախտ վիճակվում ունենալ իրենց հասկացող ամուսին, իրենց կողքին միշտ գտնվող ամուսին։

«Կցանկանամ բոլոր կանանց, կապ չունի որ երկրում, որ իրենց ամուսինները լինեն ոչ միայն ֆինանսապես ապահովող, այլ նաև հոգեպես լինեն իրենց կանանց կողքին, միշտ սատար կանգնեն կնոջ ամեն արածին, որովհետև կինն ամեն փոքր բանից կարող է ընկճվել և ամեն աննշան բանից՝ նորից կյանքով լցվել։ Ամուսինները՝ սխալի դեպքում էլ, ճիշտ լինելու դեպքում էլ թող լինեն կողքին։ Օգնեն սխալը ուղղել, իսկ ճիշտը՝ հարատև դարձնել»,- ասում է բուժքույրը։

Տղամարդկանց էլ մաղթում է համբերություն, որովհետև կանանց հետ հեշտ չէ, ու ժպտում է. «Ոչ միայն տղամարդիկ կանանց կողքին լինեն, այլ կանայք էլ տղամարդկանց կողքին լինեն, որովհետև տղամարդն էլ կարող է ընկճվել։ Կինն էլ պետք է այնքան ուժեղ լինի, որ ամուսնու կողքին լինի»։

Արմինեն, շարունակելով գործընկերուհու խոսքը, ասում է, որ կան ամուսիններ, որոնք իրենց ծանր բնավորությամբ կանանց շատ լարված են պահում։ Դա կնոջը սթրես է պատճառում, նույնիսկ հիվանդության կարող է հասցնել։ Այնպես որ՝ կանանց մաղթում է ամուսին, որի կողքին իրենք իրենց լավ կզգան։

Երկուսն էլ բուժանձնակազմին մաղթում են առողջություն և համբերություն։

«Առողջ լինեն, որ կարողանան մեր հիվանդների, հղիների, հետծննդյան շրջանում գտնվող կանանց խնդիրները լուծել, որովհետև իրենց առողջությունից է կախված նրանց վիճակը»,- ասում է Էմման։

Հատուկ շնորհակալություն է հայտնում զոհված և գերեվարված տղաների մայրերին, որ նրանք կան, որ ուժեղ են։ Մեր զոհված տղաների մայրերին մաղթում է համբերություն, իսկ գերեվարված տղաների մայրերին՝ որ զավակները շուտ վերադառնան։


Աստղիկ Պողոսյանը երրորդ զավակն է ունեցել

Աստղիկ Պողոսյանը երրորդ աղջիկն է ունեցել ու երջանիկ ժպտում է. «Մեր կանանց կմաղթեմ առողջություն, երջանկություն, մեծ սեր, ամենալավն ու բարին։ Կուզեի, որ երբեք ցավ չտեսնեին, ու ովքեր այս ուրախությունը չեն զգացել – զգան»։