You are here

Գյումրիում պաշտոնապես բացվեց Ընտանիքի անկյուն. ԵՄ ֆինանսավորմամբ իրագործվող ծրագիրն օգնում է ծնողներին եւ համայնքին

Այսօր Գյումրիում բացված «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնը կծառայի որպես հարթակ երիտասարդ կանանց ու տղամարդկանց համար հանդիպումների, դասընթացների եւ միջոցառումների կազմակերպման համար՝ ուղղված կանանց ու տղամարդկանց դերերի վերաբերյալ կարծրատիպերի փոփոխմանը, երեխայի խնամքի ու ծնողավարության մեջ տղամարդկանց ներգրավվածության մեծացմանը։ Ընտանիքի անկյունները հիմնադրվում են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի եւ «ՄԱԿ Կանայք»-ի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում։


Մի պահ այս տարվա փետրվար-ապրիլին Ընտանիքի անկյունում տեղի ունեցած «Հոգատարություն հանուն հավասարության» դասընթացից

Բացման պաշտոնական արարողությանը մասնակցում էին ՀՀ կառավարության, Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան թիմի, «ՄԱԿ Կանայք» կազմակերպության, Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի (ԵՆԿ), Վորլդ Վիժն Հայաստանի ներկայացուցիչներ, ծրագրի շահառուներ։


«Հոգատարություն հանուն հավասարության» դասընթացի մասնակիցները՝ միջոցառման ժամանակ


ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը


«Հոգատարություն հանուն հավասարության» դասընթացի մասնակից Գարեգինն իր տղայի հետ

ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինն իր տեսաուղերձում ասաց. «Անչափ ուրախ եմ, որ այսօր Գյումրիում բացում ենք առաջին Ընտանիքի անկյունը։ Ընտանեկան կյանքը կարեւոր է բոլորիս համար եւ հնարավորություն է տալիս միասին մնալու, ավելի լավ կյանք ապահովելու մեր երեխաների համար։ Երբեմն մենք կարիք ենք ունենում փորձի փոխանակման, խորհրդի, հնարավոր է՝ աջակցության կարիք ունենանք մեր զուգընկերոջ հետ կապված որեւէ խնդրում կամ նաեւ՝ մեր երեխաների հետ կապված հարց ունենանք։ Ուստի մենք ցանկանում ենք շատ ներգրավված լինել այս ոլորտում՝ ՄԱԿ-ի ընտանիքի մեր գործընկերների հետ։ Եվ մենք անչափ ուրախ ենք, որ այս երեք Ընտանիքի անկյունները կբացվեն Հայաստանում՝ հավելյալ հնարավորություն ընձեռելով բոլորիս համար ունենալու երջանիկ ու լավ ընտանեկան կյանք, խնամելու մեր երեխաներին եւ միասին ստեղծելու ավելի լավ ապագա»։

ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, կարեւորելով կանանց ու տղամարդկանց իրավահավասարությունը, նշեց, որ թեպետ վերջին տարիներին Հայաստանում հայրերի՝ երեխայի խնամքում ավելի մեծ ներգրավվածության միտում կա, սակայն իրականությունը դեռ հեռու է բավարար լինելուց, եւ անելիք դեռ շատ կա։ «Մի կողմից՝ փորձենք այնպես անել, որ կանայք ներգրավված լինեն տնտեսութունում եւ աշխատաշուկայում, մյուս կողմից՝ հայրերին ավելի շատ բերենք ընտանիք։ Այդպես թե՛ կզարգանա տնտեսությունը, թե՛ կունենանք ավելի ամուր եւ բարեկեցիկ ընտանիք, հետեւաբար՝ ավելի ուժեղ հասարակություն»,- ասաց Հարությունյանը՝ ավելացնելով որ այս ծրագիրը նպաստելու է հենց դրա իրականացմանը։


Ծովինար Հարությունյանը

Անդրադառնալով «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնի ստեղծման նպատակներին՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանն ասաց. «Մեր թիմը լիահույս է, որ «Ընտանիքի անկյունը» կլինի ապահով և հարմարավետ հարթակ ինչպես անհատ կանանց և տղամարդկանց, այնպես էլ Գյումրիում գործող պետական ու հասարակական կառույցների կողմից տարբեր նախաձեռնություների և միջոցառումների անցկացման համար»։

«ՄԱԿ Կանայք» կազմակերպության ներկայացուցիչ Մադլեն Սանդստրոեմn ասաց. «Կարեւոր եմ համարում ընդգծել ընտանեկան կյանքում կանանց ծանրաբեռնվածության նվազեցման եւ այս ծրագրի միջոցով հայրերի ներգրավվածության խթանման կարևորությունը: Քանի որ շատ կանայք աշխատում են նաև դրսում, եւ սա կարեւոր է նաև կանանց կրկնակի ծանրաբեռնվածությունից խուսափելու առումով»։


Մադլեն Սանդստրոեմը

Միջոցառմանը ներկա էին եւ ողջույնի խոսք ասացին ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։


Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը

Կենտրոնում այս տարվա փետրվար-ապրիլ ամիսներին Վորլդ Վիժն Հայաստանի եւ ԵՆԿ հետ համագործակցաբար արդեն իսկ իրականացվել է «Հոգատարություն հանուն հավասարության» դասընթացը, որին մասնակցել են Շիրակի մարզի 18 երիտասարդ կանայք ու տղամարդիկ, այդ թվում՝ ամուսնական զույգեր։ Դասընթացի մասնակիցները բարելավել են իրենց գիտելիքները ծնողավարության վերաբերյալ, ինտերակտիվ եղանակներով քննարկել կանանց ու տղամարդկանց իրավահավասարությանը, տղամարդկանց ու կանանց դերերի վերաբերյալ կարծրատիպերին, երեխայի խնամքում տղամարդկանց ներգրավվածության մեծացմանը վերաբերող թեմաներ։


«Հոգատարություն հանուն հավասարության» դասընթացի դասընթացավարները մասնակից Գոհարը

Մայիսի 17-ին դասընթացի մասնակիցներից երկուսն էլ հենց կտրեցին Ընտանիքի անկյան ժապավենը, իսկ դասընթացի բոլոր մասնակիցներին տրվեցին մասնակցության վկայագրեր։ «Հստակ կարող եմ ասել, որ շատ բաներ մենք վերանայել ենք մեր մեջ ու հատկապես մեր հարաբերություններում, մեր ընտանիքում, երեխային դաստիարակելու մեթոդներում»,- ասաց Անի Դարչոյանը, որը դասընթացին մասնակցել էր ամուսնու հետ։


Ժապավենը կտրեցին «Հոգատարություն հանուն հավասարության» դասընթացի մասնակիցներ Անին ու Գեւորգը, որոնք միջոցառմանը եկել էին իրենց հրաշալի տղայի հետ (տես հաջորդ նկարը։))

Այս տարվա ընթացքում նախատեսվում է ծրագրի շրջանակներում Ընտանիքի անկյուններ բացել նաեւ Լոռու եւ Տավուշի մարզերում։ Ծրագրի ժամկետի ավարտից հետո «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնները փոխանցվելու են համայնքներին եւ ՏԻՄ-երի հովանու ներքո գործելու են որպես համայնքային ռեսուրս կենտրոններ։

***

«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային եռամյա ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին և իրականացվում է Արևելյան գործընկերության 6 երկրներում։ Հայաստանում ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը՝ Եվրամիության թիրախ երեք մարզերում՝ Շիրակ, Լոռի, Տավուշ։