You are here

Մարտի 8-ը՝ արցախցի կանանց համար

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, իր գործընկեր «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոնի» օգնությամբ, փորձեց Կանանց միջազգային օրը հիշարժան դարձնել Արցախից տեղահանված ընտանիքների կանանց համար՝ Գորիսում կազմակերպելով երկու տոնական հանդիպում-միջոցառում։

Առաջին միջոցառման մասնակիցներն էին Արցախից տեղահանված 38 հղի կանայք։ Ապագա մայրիկներին իրենց ողջույնի, բարեմաղթանքների խոսքերն ուղղեցին Գորիս համայնքի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ծրագրերի ղեկավար Լուսինե Սարգսյանը, Գորիսի բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի բժշկուհի Ռուզաննա Մարտիրոսյանը։ Ներկա էր նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Ապագան այսօր» ծրագրի ղեկավար Էդուարդ Իսրայելյանը։

Նախաձեռնության շրջանակում «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոնի» ներկայացուցիչները  խոսեցին օրվա խորհրդի, կանանց իրավունքների և հավասար հնարավորությունների, վերարտադրողական առողջության կարևորության մասին:

Մասնակից կանանց տրամադրվեցին նորածինների համար նախատեսված անկողնային պարագաներ, հագուստ, որոնք վերջին օրերի ընթացքում պատրաստվել էին Goris Handmade սոցիալական ձեռնարկությունում ներգրավված արցախցի կանանց կողմից: Բացի այդ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից հանձնվեցին նորածինների և ապագա մայրիկների համար նախատեսված խնամքի պարագաների փաթեթներ և նվերներ։ Հնչեցին երաժշտական կատարումներ։

Երկրորդ միջոցառումը կազմակերպված էր աշխատանք փնտրող արցախցի կանանց համար: Այդ հանդիպման մասնակիցներն Արցախից տեղահանված և Գորիս համայնքում ապաստան գտած արցախցի այն կանայք էին, որոնք որոնում են աշխատանք և նաև նոր հմտություններ ու մասնագիտություն սովորելու հնարավորություններ:

Արցախցի կանանց խրախուսելու, ինչպես նաև նրանց դերն ու մասնակցությունը մեր համայնքում կարևորելու նպատակով, հանդիպմանը հրավիրված էին երեք խոսնակներ՝ Գորիս համայնքի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը, Գորիսի «Միրհավ» հյուրանոցի գործադիր տնօրեն Գայանե Մարտիրոսյանը և անհատ ձեռներեց, բիզնես խորհրդատու Իրինա Դարբինյանը:

Մասնակիցներին ողջունեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ծրագրերի ղեկավար Լուսինե Սարգսյանը՝ կարևորելով կանանց կարողությունների զարգացումը և ինքնադրսևորումն այս ճգնաժամային իրավիճակում:

Հանդիպման ընթացքում մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր աշխատանքային փորձը՝ կիսվեց իր հաջողության բանաձևով և նաև դժվարություններով, որ ցանկացած կին կարող է հանդիպել իր գործունեությոն ընթացքում:

Հանդիպման ընթացքում եղավ հարցուպատասխան, արցախցի կանանց ներկայացվեցին «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամի կողմից կանանց մատուցվող ծառայությունները, մասնագիտական և արհեստագործական դասընթացների մասնակցության հնարավորությունները և առաջիկայում նրանց համար նախատեսված միջոցառումները:

Հանդիպմանը մասնակից 41 արցախից տեղահանված ընտանիքների կանանց տրամադրվեցին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ պատրաստված անհատական հիգիենայի փաթեթներ, անկողնային պարագաների փաթեթ և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից պատրաստված անակնկալ նվերներ:

Միջոցառումներն իրականացվեցին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ ֆինանսավորվող «Արցախից տեղահանված ընտանիքների  կանանց սոցիալ-հեգաբանական ծառայության մատուցում» նախաձեռնությունների շրջանակում։