You are here

Շիրակի մարզում երիտասարդների կրթության, զբաղվածության և առողջ ապրելակերպին ուղղված ծրագրերը քննարկելու նպատակով, 2021 թ. մարտի 23-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) և ՄԱԲՀ երկարամյա գործընկեր Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչները հանդիպեցին Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանին։

ՄԱԲՀ-ից ներկա էին գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, ՄԱԲՀ երիտասարդական ծրագրերի համակարգող Աննա Բարֆյանը և «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագրի համակարգող Նարինե Բեգլարյանը, իսկ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ից՝ նախագահ Արթուր Նաջարյանը։

ՄԱԲՀ-ի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչները խոսեցին իրենց համագործակցությամբ Շիրակի մարզում իրականացված, իրականացվող և իրականացվելիք ծրագրերի մասին։

Մասնավորապես խոսվեց Արցախյան պատերազմի հետևանքով Շիրակի մարզ տեղափոխված արցախցիներին «Մարդասիրական աջակցություն արցախցի ընտանիքներին» ծրագրի, «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզում ստեղծված «Ընտանիքի անկյուն» մարզային ռեսուրսային կենտրոնի, «Հոգատարություն հանուն հավասարության» ծնողավարության երկամսյա դպրոցի, «Հայրերի դպրոց» հանդիպում-քննարկումների, «Երիտասարդների հոգեկան առողջությունը և COVID-19 համավարակի ազդեցությունը» խորագրով իրականացված համազգային հետազոտության մասին և այլ նախաձեռնությունների մասին։

Մարզպետը, նշելով Շիրակի մարզում արտակարգ իրավիճակներով պայմանավորված առաջնային խնդիրները, կարևորեց «Ընտանիքի անկյուն» մարզային ռեսուրսային կենտրոնի ստեղծումը, երիտասարդ տղաների ու աղջիկների, երիտասարդ ընտանիքների շրջանում դրական ծնողավարության վերաբերյալ վերապատրաստումների և կրթական-տեղեկատվական արշավների կազմակերպումը։

Առաձնահատուկ կարևորվեց նաև «Երիտասարդների հոգեկան առողջությունը և COVID-19 համավարակի ազդեցությունը» թեմայով համազգային հետազոտության իրականացումը, որը կարող է փաստարկված ուղեցույց դառնալ ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ ամբողջ հանրապետության տարածքում նպատակային ծրագրերի մշակման և իրականացման համար։

Հանդիպման ընթացքում նաև նշվեց Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունը կենտրոն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից Երիտասարդության միջազգային օրվան նվիրված ամենամյա միջոցառումների մասին։

Խոսվեց «Վճարովի աշխատանքային պրակտիկա» վեցամսյա ծրագրի հաջողության մասին, որի շնորհիվ Շիրակի մարզից 10 նորավարտ երիտասարդներ հնարավորություն  են ստացել վճարովի պրակտիկայի միջոցով մասնագիտական և աշխատանքային փորձ ձեռք բերել ու հիմնական աշխատանքի անցնել տեղի գործատուների մոտ։

Կողմերի միջև նաև նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց Շիրակի մարզում հատուկ նշանակության թանգարան ստեղծելու վերաբերյալ, որտեղ աշխատակիցների մեծ մասը լինելու են սահմանափակ հնարավորություններ ունեցող անձիք:

Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետը նշեց Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից մարզում իրականացվող ու պլանավորված նոր ծրագրերի կարևորությունը և հայտնեց Շիրակի մարզպետարանի պատրաստակամությունը համագործակցելու և աջակցելու գործում։