You are here

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն դ-ր Բաբատունդե Օսոտիմեհինի և  Մանկաբարձների միջազգային համադաշնության քլխավոր քարտուղար Ագնետա Ս. Բրիջեսի համատեղ ուղերձ են հղել 2012 թ. մայիսի 5-ի՝ Մանկաբարձների միջազգային օրվա կապակցությամբ:

Մանկաբարձության համար ներդնելն արդարացնում է իրեն

Մանկաբարձների միջազգային այս օրը ՄԱԲՀ-ն՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, և Մանկաբարձների միջազգային համադաշնությունը (ՄՄՀ) գնահատանքի խոսք են հնչեցնում առողջության տարածման և հղիությունն ու ծննդաբերությունն անվտանգ դարձնելու ուղղությամբ մանկաբարձների կատարած կարևոր աշխատանքին:

Առողջության իրավունքը մարդու հիմնարար իրավունք է, որից պետք է օգտվի յուրաքանչյուր կին: Այդուհանդերձ, ամեն օր գրեթե 1000 կին է մահանում հղիության մեջ կամ ծննդաբերության ժամանակ: Ամեն տարի 8 միլիոն կին է տառապում հղիությանն առնչվող այնպիսի լուրջ հիվանդություններից, ինչպիսին է մանկաբարձական խուղակը, ինչպես և հարակից հաշմանդամությունից, իսկ 2 միլիոն նորածին չի ապրում կյանքի առաջին 24 ժամերը: Այս ողբերգությունների հիմնական պատճառներից մեկն այն է, որ բավարար չափով հասանելի չէ ծննդօգնությունը՝ ներառյալ ծննդաբերության ժամանակ մանկաբարձների ու մանկաբարձական հմտությունների տիրապետող այլ անձանց տրամադրած խնամքը:

ՄԱԲՀ-ն և ՄՄՀ-ն գլխավորում են ողջ աշխարհում մանկաբարձության առաջխաղացմանն ուղղված ջանքերը: Այս երկու կազմակերպությունները քայլ առ քայլ մեծացրել են 30 երկրներում մանկաբարձների պատրաստման ծրագրերն ու քաղաքականությունները հզորացնելու ջանքերը: Անցյալ տարի, 28 գործընկերների հետ միասին, ՄԱԲՀ-ն և ՄՄՀ-ն հրապարակեցին «Մանկաբարձներն աշխարհում» առաջին զեկույցը, որը ցույց տվեց, որ որևէ առողջապահական համակարգ չի կարող լինել  արդյունավետ և արգասավոր, եթե այն անտեսում է մանկաբարձության կարևորությունը:

Մինչև թիրախային 2015 թ.-ը մոր և մանկան առողջությանը վերաբերող՝ Հազարամյակի զարգացման 4-րդ և 5-րդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է գործել անհապաղ. իսկ առողջապահության ոլորտի մարդկային ռեսուրսներին՝ հատկապես մանկաբարձներին ուղղված ներդրումներն ամենաառողջ ներդրումներից են, որ երկիրը կարող է անել առաջընթացն արագացնելու համար: Մանկաբարձները մայրական և նորածինների առողջության դեռևս չերգված հերոսներն են և նրանց աշխատանքին հարկ է աջակցել ամեն քայլափոխի: