You are here

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն աշխատում է սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների համընդհանուր հասանելիության ուղղությամբ: 

Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին ՀՀ օրենքը վերարտադրողական առողջությունը սահմանում է որպես «մարդու ֆիզիկական, մտավոր և սոցիալական լիակատար բարեկեցության վիճակ՝ կապված վերարտադրողական համակարգի, դրա գործառույթների ու կենսընթացների հետ»։

Սեռական և վերարտադրողական առողջությունը պահպանելու համար առանցքային նշանակություն ունեն որակյալ բժշկական ծառայությունների և ճշգրիտ տեղեկատվության հասանելիությունը և առողջ ապրելակերպը։ Մարդիկ պետք է տեղեկացված լինեն և ունակ լինեն պաշտպանվելու սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից: Եվ կանայք, երբ որոշում են երեխա ունենալ, պետք է հնարավորություն ունենան օգտվելու որակյալ առողջապահական ծառայություններ մատուցողների ծառայություններից, ինչը կօգնի նրանց առողջ հղիություն, անվտանգ ծնունդ և առողջ բալիկ ունենալ:

Հայաստանում մենք աշխատում ենք.

  • սեռական և վերարտադրողական առողջության բարձրորակ և իրավունքների վրա հիմնված ծառայությունների առումով առողջապահական համակարգերի հաշվետվողականության բարձրացման ուղղությամբ,
  • ապահովելու համար, որ երիտասարդները՝ հատկապես դեռահաս աղջիկները, համապատասխան հմտություններ և հնարավորություն ունենան տեղեկացված ընտրություն կատարելու սեփական սեռական և վերարտադրողական առողջության, իրավունքների և բարեկեցության վերաբերյալ:

Վերը բերվածն արվում է մայրական մահերը կանխելու, ընտանիքի պլանավորման չբավարարված կարիքը նվազեցնելու և սեռական ու վերարտադրողական առողջության ծառայությունների հասանելիությունն ապահովելու համար՝ հատկապես խոցելի բնակչության համար, և դեռահասների ու երիտասարդների համար ապահովելով համապարփակ և տարիքին համապատասխան տեղեկատվություն, ներառական կրթություն և դեռահասներին հարմարեցված բարձրորակ առողջապահական ծառայություններ:

ՄԱԲՀ-ն Հայաստանում սեռական և վերարտադրողական առողջության համակարգի բարելավմանը նպաստելու նպատակով անում է հետևյալը.

  • վերարտադրողական առողջության և իրավունքների վերաբերյալ բժշկական կրթության ուսումնական ծրագրերի վերանայում և գործարկում՝ միջազգային չափանիշներին և իրավունքների վրա հիմնված մոտեցմանը համապատասխան,
  • աջակցություն կառավարությանը՝ առողջապահական կառավարման համար հաշվետվողականության մեխանիզմների ամրապնդման և բուժաշխատողների կարողությունների զարգացման, ապացույցների վրա հիմնված ուղեցույցների մշակման, ապացույցների վրա հիմնված քաղաքականության և ծրագրերի մշակման գործում,
  • աջակցություն առողջապահակության բյուջեում ընտանիքի պլանավորման միջոցների համար նախատեսված տողի ներառմանը, որպեսզի առաջինը բավարարվեն ամենախոցելիների կարիքները,
  • կարողությունների ձևավորում՝ նվազագույն նախնական ծառայությունների փաթեթի միջամտությունները Հայաստանում իրականացնելու համար։