You are here

COVID-19 ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

COVID-19 համավարակի բերած ճգնաժամը ողջ աշխարհում ծանր ազդեցություն ունեցավ մարդկանց, համայնքների և տնտեսությունների վրա:

Մինչ երկրները արգելափակումներ են կիրառում, իսկ առողջապահական համակարգերը լուրջ փորձության են ենթարկվում, բնակչության հատկապես խոցելի խմբերը հայտնվում են է՛լ ավելի ծանր կացության մեջ։ Լրջորեն վտանգվում են հատկապես խնամքի հաստատություններում տարեցների կյանքն ու առողջությունը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, տարեցների խնամքի հաստատությունների բնակիչներին է բաժին ընկնում Եվրոպայում նոր կորոնավիրուսից մահերի գրեթե կեսը:

Լուրջ փորձության են ենթարկվում նաև երկրների ժողովրդագրությանն առնչվող ծրագրերը, այդ թվում՝ հերթական մարդահամարների անցկացումը, ինչը 2020-2021 թթ. նախատեսում է անել աշխարհի 150 երկիր, ներառյալ` Հայաստանը։ Առկախման վտանգի տակ են հայտնվում ընտանիքների վերարտադրողական ծրագրերը։

Վերարտադրողական և սեռական առողջության ծառայությունները մի կողմ են մղվում, իսկ գենդերային բռնությունն աճում է: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե մեկուսացումը շարունակվի վեց ամիս, ապա կարելի է ակնկալել աշխարհում գենդերային բռնության հավելյալ 31 միլիոն դեպք։ Համավարակի պատճառով ՄԱԲՀ ծրագրերի խաթարումը կարող է 2020-2030 թթ. հանգեցնել մանկահասակների հավելյալ 13 միլիոն ամուսնության։

Միայն այս խնդիրների կարևորության գիտակցումը, միջոցների ներդրումը և համատեղ, հետևողական աշխատանքը կարող են բարելավել իրավիճակը։