2019 թ. մարտի 20-ին, ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ «Լույսի մոլորակ» խորագրով մոր և մանկան կոնֆերանս-ցուցահանդես կրթական ինտերակտիվ միջոցառմանը նվիրված ասուլիս։
Ասուլիսի բանախոսներն էին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը, «Իմ Քայլը» հիմնադրամի սոցիալական ծրագրերի համակարգող Գայանե Ղազարյանը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Սարգսյանը, «Լույսի մոլորակի» համակազմակերպիչ Մարիաննա Գալստյանը:
Ինչպես նշեցին բանախոսները, մարտի 23-ին, ժամը 10-ից 19-ը, Երևանի էքսպո ցուցահանդեսային կենտրոնում կանցկացվի «Լույսի մոլորակ» խորագրով մոր և մանկան կոնֆերանս-ցուցահանդես կրթական ինտերակտիվ միջոցառումը: Ուշադրության կիզակետում են լինելու ներկա և ապագա մայրիկների իրազեկության բարձրացման, երեխաների առողջության և կրթության, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների ներառման, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության և շատ այլ թեմաներ:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը, մեծապես կարևորելով միջոցառումը, նշեց, որ ՄԱԲՀ-ն աշխարհում գործում է արդեն 50, իսկ Հայաստանում 20 տարի՝ ուշադրության կենտրոնում պահելով հղիների առողջության, առողջ մայրության, դեռահասների դաստիարակության, կրթության հիմնահարցերը։
«Մեզ համար շատ կարևոր է և մենք շատ կուզենանք, որ նման նախաձեռնությունները լինեն շարունակական և ավանդույթ դառնան... և կարողանանք դրանք տանել նաև մարզեր, քանի որ մարզերում նման հնարավորությունները շատ ավելի սակավաթիվ են, քան Երևանում», - նշեց տիկին Հարությունյանը։
Մանրամասներին կարելի է ծանոթանալ միջոցառման ֆեյսբուքյան էջում։