Հոկտեմբերի 11-ին, արդեն երրորդն անգամ, նշվում է Աղջիկ երեխայի միջազգային օրը, և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն էլ ամեն տարի նշում է այն որևէ հետաքրքիր կերպ:
Այս տարի արեցինք միանգամից երկու բան․ մասնակցեցինք օրվան նվիրված մամլո ասուլիսի՝ Երևանի «Բլից ինֆո» մամուլի ակումբում, և «Նէի ճամփորդությունը» տիկնիկային անդրանիկ ներկայացմանը՝ Գավառում, Գեղարքունյաց թեմի համայնքային կրթական կենտրոնում:
Մամլո ասուլիսին բանախոսում էին ՄԱԲՀ գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը և Մարդու իրավունքների պաշտպանի գլխավոր խորհրդական Աննա Սաֆարյանը: Ասուլիսին բաժանեցինք նաև ՄԱԲՀ Գործադիր տնօրեն դ-ր Բաբատունդե Օսոտիմեհինի՝ օրվան նվիրված ուղերձը, ինչպես նաև «Կինը և քաղաքականությունը» ներդիրի հատուկ թողարկումը՝ նվիրված Աղջիկ երեխայի միջազգային օրվան:.