You are here

Երեսունհինգ մասնագետ Հայաստանի առողջապահության ոլորտից, պետական և հասարակական կառույցներից բարելավեցին գենդերային հավասարության հարցերում տղամարդկանց և տղաների ներգրավման վերաբերյալ իրենց պատկերացումները՝ մասնակցելով ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի կազմակերպած երկօրյա աշխատարանին։ Նպատակն էր բացահայտել տղամարդկանց ներգրավման արդյունավետ փորձը և պատասխանատու ծնողավարման լավագույն մեթոդները: 

Ապրիլի 15-16-ին անցկացված աշխատարանը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և Equimundo-ի համատեղ ջանքերից էր: Այն վարում էր գենդերային հարցերով փորձագետ Պատրիկ Ուելշը, որը հավասարության և պատասխանատու հայրության խթանման վերաբերյալ գործնական գիտելիքներ փոխանցեց մասնակիցներին: Այս թեմայով առաջին աշխատարանն անցկացվել էր 2022 թվականին, ինչի արդյունքներն ու մասնակիցների արձագանքները բավական դրական են եղել: Ինչպես նշեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամում «Ապագան այսօր» ծրագրի ղեկավար Էդուարդ Իսրայելյանը, աշխատարանի թեմաների հիման վրա ստեղծվել է տղամարդկանց և տղաներին գենդերային հավասարության հարցերում ներգրավելու վերաբերյալ ձեռնարկ, որը հետագայում կհղկվի՝ հիմնվելով աշխատարանների արդյունքների վրա:

«Նոր թեմաներով հաջորդ աշխատարանը կկազմակերպենք մոտ երկու ամսից՝ էլ ավելի բարելավելու մասնակիցների գիտելիքները: Հնարավորինս լայն շրջանակի մասնագետների ենք ներառում, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերի հետ կիսվենք այս գիտելիքներով ու հմտություններով: Մենք հուսով ենք, որ ստացված տեղեկատվությունը կխորացնի մասնագետների պատկերացումները տղամարդկանց ներգրավելու ռազմավարությունների վերաբերյալ՝ թույլ տալով արդյունավետորեն կիրառել դրանք Հայաստանում»,- շեշտեց նա:

 

«Առողջապահության ոլորտի մասնագետների համար աշխատարանը հատկապես կարևոր է, քանի որ այն ցույց է տալիս ընտանիքի պլանավորման հետ կապված որոշումների կայացման գործընթացներում հայրերի ներգրավվածության կարևորությունը: Քանի որ աշխատարանի երկրորդ օրն ամբողջությամբ նվիրված էր վերարտադրողական առողջությանը, մասնակիցներն ավելի լավ պատկերացում կազմեցին, թե ինչպես կարող են հայրերը ներգրավվել հղիության ողջ ընթացքում՝ նախածննդյանից մինչև հետծննդյան խնամք և երեխաների դաստիարակություն»,- ասաց «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում» ծրագրի համակարգող Զարուհի Տոնոյանը:

 

 

Ապարանի բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արմինե Ասլանյանն ընդգծեց, որ տղամարդկանց ներգրավվածությունը վերարտադրողական առողջության և երեխայի խնամքի գործում էական է։ «Աշխատարանը շատ ակտուալ էր և ներկայացրեց մի շարք ուղիներ և ռազմավարություններ: Հաճախ տղամարդիկ չեն մասնակցում հղիության պլանավորմանը և ընդհանրապես հղիության ընթացքում տարվող խնամքին: Ցավոք, հաճախ, հղի կանայք այցելում են հիվանդանոց սկեսուրների կամ ընտանիքի անդամ այլ կանանց հետ: Տարբեր կառույցներ, տարբեր կողմեր պետք է իրենց ներդրումն ունենան, որպեսզի արդյունքի հասնենք»,- շեշտեց Ապարանի ԲԿ-ի Գինեկոլոգիայի բաժանմունքի ղեկավար Արմինե Ասլանյանը: 

 

 

Աշխատարանը նաև անդրադարձավ ընտանեկան բռնության կանխարգելման հարցում տղամարդկանց և տղաներին ներգրավելուն և ներկայացրեց տղամարդկանց խմբերի հետ աշխատելու առանձնահատկությունները:

 

 

«Ինձ համար ուշագրավ էր տղամարդկանց խմբերում աշխատանքը: Մենք ունենք կանանց աջակցման, տղամարդկանց վերականգնողական կենտրոններ։ Այնուամենայնիվ, մենք կարող ենք մտածել նաև ունենալ տղամարդկանց աջակցման կենտրոններ, որոնք կաշխատեն տղամարդկանց հետ, հոգեբանական ծառայություններ մատուցեն և կանխարգելող դեր կունենան»,- ասաց ՀՀ ոստիկանության գնդապետ, ընտանեկան բռնության կանխարգելման բաժնի պետի տեղակալ Արմինե Գևորգյանը:

 

 

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ Սիփան Ասատրյանն էլ ընդգծեց. «Մենք բավական խտրական պատկերացումներ ունենք միմյանց վերաբերյալ: Իրավահավասարության կարևորման ուղերձները հասարակությանը հասցնելը էական է, հատկապես երիտասարդների շրջանում: Երեխան շարունակում է իր ծնողների վարքը, և եթե մենք կարողանանք այսօր ճիշտ մտածելակերպ ձևավորել հայրերի մոտ, նրանց գաղափարները կշարունակեն երեխաները և մենք ապագայում կունենանք առավել առողջ հասարակություն»:  

 

 

 

 

 

ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակն աշխատարանն իրականացրել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում» ծրագրի, «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի և «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: