You are here

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակը կազմակերպել էր կլոր-սեղան քննարկում՝ նվիրված Հայաստանում արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանը։ Քննարկման նպատակն էր դիտարկել Հայաստանում արգանդի պարանոցի քաղցկեղի առումով ներկա իրավիճակը, կանխարգելման ու վերացման ճանապարհին մարտահրավերները, ձևակերպել լուծումները։ 

Մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարարության, ՄԱԲՀ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, այլ միջազգային առողջապահական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուռուցքաբաններ, մանկաբարձ-գինեկոլոգներ, բջջաբաններ։

Արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց քաղցկեղային հիվանդություններից մահացության շարքում զբաղեցնում է երկրորդ տեղը: Ամբողջ աշխարհում տարեկան գրանցվում է արգանդի վզիկի քաղցկեղի ավելի քան 600.000 նոր դեպք՝ կեսից ավելին՝ մահացու ելքով: 

Ամեն տարի Հայաստանում արձանագրվում է արգանդի պարանոցի քաղցկեղի շուրջ 260 նոր դեպք՝ հիմնականում հիվանդության ուշ՝ երրորդ և չորրորդ փուլերում: Մինչդեռ արգանդի պարանոցի խնդիրները կարելի է ախտորոշել դեռ նախաքաղցկեղային փուլում, կանխարգելել՝ մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման միջոցով, բուժել վաղ հայտնաբերման փուլում և, արդյունքում, բազմաթիվ կյանքեր փրկել։ Թե՛ ախտորոշումը՝ արգանդի պարանոցի սքրինինգի օգնությամբ, թե՛ մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը Հայաստանում անվճար են։

«Քաղցկեղի այդ տեսակի տարածվածությունը և դրանից մահացությունը մեր տարածաշրջանում 10 անգամ ավելի բարձր են, քան Արևմտյան Եվրոպայում: Սա նշանակում է, որ դեռ շատ անելիքներ ունենք՝ մեր կանանց կյանքերը փրկելու և առնվազն Արևմտյան Եվրոպայի ցուցանիշին հասնելու համար։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հետևողական է լինելու այդ հարցում և, գործընկերների հետ ձեռք-ձեռքի, անելու է առավելագույնը, որ Հայաստանում իրավիճակը բարելավվի։»,- ասաց ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը։ 

Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ ներկայացուցիչ Մարթե Էվերարդը նշեց, - «Հայաստանում երկու օրը մեկ կնոջ մոտ ախտորոշվում է արգանդի պարանոցի քաղցկեղ, իսկ երեք օրը մեկ՝ մեկ կին մահանում է այդ հիվանդությունից։ Մինչդեռ մեր օրերում արգանդի պարանոցի քաղցկեղը հանդիսանում է քաղցկեղի առավել կանխարգելելի և բուժելի ձևերից մեկը»։

Ըստ ՀՀ ԱՆ ԱԱԻ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ Վահե Տեր-Մինասյանի. «Պետք է մշակել գրագետ, լավ սքրինինգային ծրագիր, որն իրականացնելու դեպքում կկարողանանք իրավիճակը փոխել։ Պետք է ներդրված լինեն ժամանակակից մեթոդներ, որին պետք է մասնակցեն համապատասխան գիտելիքներ ունեցող բժիշկներ, ծրագիրը պետք է կառավարվի մեկ միասնական մեթոդաբանությամբ ու մեկ կենտրոնի կողմից, ինչն էլ կբերի այս հիվանդության վերացմանը մեր հանրապետությունում»։

2024 թ. հունվարը հայտարարվել է արգանդի պարանոցի քաղցկեղի վերաբերյալ իրազեկման միամսյակ։ Իսկ հունվարի 21-27-ը՝ կանխարգելման շաբաթ, որի հիմնական նպատակն է համախմբել բոլոր շահագրգիռ կողմերին քաղցկեղի այդ տեսակի վերացման շուրջ: