Press Release

Քայլեր դեպի Հայաստանում գենդերային բռնությանը բազմաոլորտային արձագանքի ամրապնդում

4 Մայիս 2017
Աշխատանքային հանդիպման ատյանը
Երևան, 5-ը մայիսի, 2017 թ․: Մայիսի 3-4-ը Երևանի «Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցան աշխատանքային հանդիպում և սեմինար՝ «Հայաստանում գենդերային բռնությանը բազմաոլորտային արձագանքի ամրապնդում» թեմայով: 
 
Հանդիպմանը մասնակցեցին գենդերային և ընտանեկան բռնության հիմնախնդրին այս կամ այն կերպ առնչվող բոլոր օղակների՝ առողջապահության, սոցիալական ապահովության, արդարադատության, իրավապահ մարմինների և այլ ոլորտների 20 ներկայացուցիչ, ինչպես նաև հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, այլք: 
Ներկա էին նաև ՀԿ-ների, միջազգային ՀԿ-ների, ՄԱԿ-ի գործակալությունների և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 
Երկօրյա միջոցառումների ընթացքում քննարկվեցին գենդերային և ընտանեկան բռնության նկատմամբ տարբեր ոլորտների միասնական, համակարգված արձագանքի խնդիրը: 
 
Նպատակն այն է, որ բռնության կոնկրետ դեպքին համակարգը որպես ամբողջություն արձագանքի, համապատասխան մարմինների աշխատակիցները պատրաստված լինեն դա իրականացնելու համար և քաջատեղյակ՝ մեկը մյուսից: 
 
Միասնական, համակարգված աշխատանքի խնդիրը դիտարկվեց ոչ միայն բռնությանն արձագանքելու, այլև կանխարգելման հարցում:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը աշխատանքային հանդիպման մասնակիցներին տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը ստանձնել է հանձնառություն և դրան համապատասխան օրենսդրական կարգավորում է նախատեսում կանանց դեմ բռնության պայքարի ոլորտում. ներկայում վերջնական փուլում է գտնվում «Ընտանեկան բռնության կանխարգելման և ԸԲ ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն առաջիկայում, սահմանված կարգով, կներկայացվի հանրային քննարկման:
Սեմինարը վարեց Վերարտադրողական առողջության արևելաեվրոպական ինստիտուտի նախագահ Իոնելա Հորգան: Ներկայում նա համակարգում է ՄԱԲՀ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի նախաձեռնությունը, որը տարածաշրջանի 17 երկրներում նպատակ ունի աջակցելու գենդերային բռնությանը բազմաոլորտային համակարգված արձագանքին:
Միջոցառումներն իրականացվեցին ԵՄ և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում գենդերային բռնության դեմ պայքարին ուղղված ուսումնասիրություններ, տեղեկությունների տարածում և իրավական աջակցություն» ծրագրի շրջանակում` ՄԱԲՀ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի և Վերարտադրողական առողջության արևելաեվրոպական ինստիտուտի հետ համագործակցությամբ:
 
 
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել`
ՄԱԲՀ հաղորդակցության գծով օգնական պրն. Մհեր Մանուկյանին 
Էլ. փոստ` manukyan@unfpa.org
Հեռ.` (+374 10) 54 34 17, (+374 91) 42 90 29