You are here

2011 թ.  դեկտեմբերի  19-ին, Երևանի «Հենարան» մամուլի ակումբում, տեղի ունեցավ մամլո ասուլիս, որտեղ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը ներակայացրեցին «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» զեկույցը:

Ինչպես նշեցին բանախոսները, զեկույցը պարունակում է ինչպես դրական, այնպես էլ մտահոգիչ եզրակացություններ: Մասնավորապես, հետազոտության մեջ ընդգրկված կանանց մեծամասնությունը երեխա ունենալ սկսել է բարենպաստ վերարտադրողական տարիքում` 19-ից 35 տարեկանում, ինչը շատ կարևոր է առողջ մայրության համար: Խիստ դրական է նաև, որ հայաստանյան հասարակությունն արդեն ծնված երեխայի նկատմամբ, անկախ սեռից, ցուցաբերում է միևնույն հոգատարությունը:

Այդուհանդերձ, ապագա երեխայի հարցում, հասարակությունը մեծապես նախապատվություն է տալիս տղա երեխաներին՝ վեց անգամ ավելի, քան աղջիկներին: Հետազոտությունը հիմք է տալիս ենթադրելու, որ Հայաստանի մոտ 900.000 վերարտադրողական տարիքի կանանց 0.8%-ը վերջին 5 տարիների ընթացքում կատարել է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատում: Իսկ դա նշանակում է, որ երկիրը յուրաքանչյուր տարի պոտենցիալ կերպով կորցնում է մոտ 1400 ապագա մայր:

Բանախոսների ներկայացմամբ, զեկույցը հիմնված է 2830 տնային տնտեսություններում 2011 թ. հուլիսի 15-ից օգոստոսի 15-ն անցկացված քանակական հետազոտության, ինչպես նաև երևույթի որակական ուսումնասիրության արդյունքների վրա:

Այն պատրաստվել է ՀՀ առողջապահության նախարարության, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող «Սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աջակցությամբ:


«Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները հայաստանում» 
զեկույց

Համառոտ տեղեկանք «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները հայաստանում» զեկույցի վերաբերյալ

   
Կից ֆայլ Ծավալը
Sex_Selective_Abortions-brief_factsheet-Arm.pdf 78.66 KB