You are here

Նոր դասընթաց ենք մեկնարկել ապագա մայրիկների համար, որը հոգեբանական աջակցություն կլինի և, հուսով ենք, խաղաղ, ներդաշնակ և երջանիկ կդարձնի հղիության, ծննդաբերության և հետծննդյան ողջ ընթացքը։

Մոտ երկու տասնյակ հանդիպումները, որոնք վարում են հատուկ պատրաստություն անցած պրենատալ հոգեբանները, մեկնարկել են այս տարվա հունիսին և կտևեն մինչև հոկտեմբերի վերջ։

Դրանք անդրադառնում են բազմապիսի հարցերի, ինչպիսիք են հղիությանը հատուկ հոգեբանական նրբությունները, մայր-սաղմ հոգեհուզական կապը, վախը ծննդաբերությունից և դրա հաղթահարման ուղիները, ամուսինների փոխհարաբերությունները հղիության ընթացքում, հետծննդյան ճգնաժամի հաղթահարման ուղիները և այլն։

Դասընթացում ներգրավված են ՀՕՄ «Ախուրյանի Մոր և մանկան առողջության կենտրոնի», Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի, Գյումրու ծննդատան  կանանց կոնսուլտացիաներ հաճախող հղիները։

Արդյունքում ապագա մայրիկները գիտելիքներ կունենան շուրջծննդյան բոլոր փուլերի վերաբերյալ և կարևոր գործնական հմտություններ ձեռք կբերեն սեփական հոգեվիճակը հասկանալու, հույզերը, միջանձնային հարաբերությունները կարգավորելու և ծննդաբերությանը գիտակից, պատրաստված մոտենալու, հետագայում կրծքով կերակրելու և հետծննդյան շրջանի համար բնական հուզական տատանումները հաղթահարելու համար։

Անցյալ տարի, Հոգեկան առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ միանալով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, հանդիպում էինք կազմակերպել հղիների համար, որը վարում էր պրենատալ հոգեբանը։ Կարծիքները շատ դրական էին, և կանայք մեծապես կարևորեցին նման հանդիպումները, ինչն էլ հիմք հանդիսացավ, որ նախաձեռնենք այս դասընթացը։