You are here

 

«Մենք նվազում ենք, իսկ մեր հարևաններն` աճում» - ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի հարցազրույցը «Mardik.am» կայքին՝ Հայաստանում ծնելիության հիմնախնդրի շուրջ:

Մենք նվազում ենք, իսկ մեր հարևաններն` աճում

Վերջին տարիներին հանրապետությունում ծնունդների թվի անկում է նկատվում: Ներկայացնենք միայն վերջին երեք տարիների պաշտոնական տվյալներն Առողջապահության նախարության ներկայացրած. 2010-ի առաջին եռամսյակում հանրապետությունում արձանագրվել է 10448 ծնունդ, 2011-ին` 9971, 2012-ին` 9563:

Ծնունդների թվի նվազման պատճառներն ու դինամիկան պարզելու նպատակով mardik.am-ի թղթակիցը զրուցեց ՄԱԿ Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի հետ: Նա նշեց, որ պատճառները Հայաստանում նույնն են, ինչպես ամբողջ աշխարհում:

«Հիմնական պատճառները սոցիալ-տնտեսական են` աշխատանքի բացակայությունը, երեխայի ապագա կրթության համակարգի վերաբերյալ ոչ վստահ լինելը, բնակարանային խնդիրը և այլն»,-ասաց նա:

Ըստ Գ.Հայրապետյանի` այդ խնդիրն ամբողջ աշխարում է: «Դա նաև զարգացող երկրի խնդիր է: Երբ երկիրը սկսում է զարգանալ` ծնելիությունն ընկնում է, որովհետև կանայք ստանում են ավելի բարձր կրթություն , փորձում են ինքնահաստատվել, մտածում են կարիերայի մասին: Ուրեմն սա նաև զարգացող երկրի խնդիր է` կամ պետք է ունենաս քիչ երեխա և զարգացած լինես, կամ պետք է լինես անընդհատ աղքատ , ինչպես մենք տեսնում ենք աշխարհի երրորդ երկրներում, բայց ունենաս շատ երեխաներ: Իսկ այդ դեպքում երեխաների մեծանալու, ապագայի մասին այնքան էլ չեն մտածում ծնողները: Իսկ արդյոք մենք այսօր գտնվում ենք այն մակարդակի վրա, որ ընդունենք այդ գաղափարը: Ես կարծում եմ` մենք ուզում ենք, որ մեր երեխաները ապահովված կյանք ունենան, ինտերնետ, համակարգիչ, բարձրագույն կրթություն, աշխարհ տեսնեն: Այսինքն` այս դեպքում որակը փոխարինվում է քանակով»,-ասաց Գ.Հայրապետյանը` կրկին հավելելով, որ այդ խնդիրն առկա է աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Սակայն, ըստ նրա, հիմնադրամի կողմից 2009-ին ընտանիքի վերարտադրողական վարքագծի հետ կապված անցկավցած հետազոտության արդյունքում արձանագրվել է նաև մտահոգիչ մեկ այլ ցուցանիշ. «Կար մի ցուցանիշ, որը բավականին մտահոգիչ է` հարցվածների 44%-ը չեն տեսնում իրենց և իրենց ընտանիքի ապագան Հայաստանում»,-նշեց նա:

Գ.Հայրապետյանը ներկայացրեց մեկ այլ մտահոգիչ կանխատեսվող ցուցանիշ, ըստ որի` եթե 1950-ին հանրապետությունում 0-14 տարեկան երեխաները կազմում էին բնակչության 33 %-ը, ապա 2050-ին կանխատեսվում է, որ այն կլինի 16%:

«Հայաստանն ունի լուրջ ժողովրդագրական խնդիրներ, որոնք երեք հիմնական ուղղություններով են`ցածր ծնելիություն, ծերացում և միգրացիա: Երեք ուղղություններով էլ պետք է փորձել անմիջապես քայլեր ձեռնարկել իրավիճակի հետևանքները մեղմելու նպատակով»,-ընդգծեց Գ.Հայրապետյանը: Հակառակ դեպքում, ըստ նրա, 2050թվականին Հայաստանը կունենա մոտ 30%-ով ավելի քիչ բնակչություն, մինչդեռ մեր հարևանները, բացի Վրաստանից, որտեղ ժողովրդագրական վիճակն ավելի վատ է, բնակչության թվով նույնքան աճ կարձանագրեն: