2014 թ․-ի հոկտեմբերի 20-ին Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ Վիճակագրության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում, որը նախաձեռնել էր ՀՊՏՀ գրադարանի տնօրինությունը՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի հետ համատեղ:
Միջոցառմանը ներկա էին ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանը, համալսարանի գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, դասախոսներ, ուսանողներ, բուհի աշխատակիցներ, ինչպես նաև հատուկ հյուրեր՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը և Ազգային վիճակագրության ծառայության մարդահամարի բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Մասնագիտական օրվա առիթով նախ ներկաներին շնորհավորեց Արմինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ ՀՊՏՀ գրադարանի կողմից կազմակերպվող միջոցառումները շարունակական կլինեն, ապա ավելացրեց, որ գրադարանը համագործակցում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ, և միջոցառումը կազմակերպվել է այդ համագործակցության շրջանակներում:
Ներկաներին ողջունեց դեկան Մանուկ Մովսիսյանը, ով ներկայացրեց Վիճակագրության համաշխարհային օրը նշելու հետ կապված մանրամասներ՝ շեշտելով, որ 2010թ. ՄԱԿ-ի Վիճակագրական հանձնաժողովի 41-րդ նստաշրջանում ընդունվեց որոշում` հոկտեմբերի 20-ը Վիճակագրության համաշխարհային օր ընդունելու վերաբերյալ, տոնը նշվում է 5-րդ անգամ: Այնուհետև ելույթ ունեցան Աննա Հովհաննիսյանը և Կարինե Կույումջյանը, նրանցից յուրաքանչյուրը ներկայացրեց իր կազմակերպության գործունեությունը, գործառույթները: Հյուրերը ևս, կարևորեցին վիճակագրի մասնագիտությունը՝ նշելով, որ այն հանրապետության համար առանցքային դերակատարում ունի:
Շնորհավորանքի խոսք ասաց նաև ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչի ժ/պ Կարեն Հակոբյանը: Բանախոսները պատասխանեցին լսարանի հարցերին: Գեղեցիկ միջոցառման համար կազմակերպիչներին իրենց շնորհակալական խոսքն ասացին վիճակագրության ամբիոնի պրոֆեսոր Մարտին Ֆահրադյանը և նույն ամբիոնի դոցենտ Վալերյա Ալեքսանյանը: Միջոցառման ընթացքում դահլիճում ցուցադրվեցին վիճակագրությանն առնչվող գրքեր: Վերջում ուսանողներին մասնագիտական տոնի առիթով բաժանվեցին յուրատեսակ դիզայնով նոթատետրեր և էջանշան-օրացույցներ: Օրվա առիթով շնորհավորում ենք ոլորտի աշխատակիցներին և վիճակագրություն մասնագիտության ուսանողներին: