You are here

Նկարում պատկերված են երկու կանայք․ Լուսինե Ռոստոմյանը, որը սեղանի մոտ է նստած և իր բուժքույրը, որը թուղթը ձեռքին բժիշկից ինչ որ բան է ճշտում

«Բժշկուհի ջան, մի հատ անալիզի պատասխանները կնայեք․․․»,  «...ուղեգիրը գրիր, թող չսպասի ․․․», «․․․․հեմոգլոբինը նորմալ է, անհանգստանալու կարիք չկա․․․»,  «բժշկուհի ջան, ի՞նչ անենք Լյովային ․․․», «Պատասխանն անպայման կբերեք, լա՞վ ․․․»

Այսպես է անցնում ընտանեկան բժիշկ Լուսինե Ռոստոմյանի աշխատանքային հերթական օրը. չնայած արդեն օրը կիսվել էր, բայց աշխատանքի ինտենսիվությունը չէր թեթևացել․

«Այսօր դեռ մի քիչ հանգիստ է․․․»,- ժպիտով ասում է տիկին Ռոստոմյանն ու իր հանգիստ, հոգատար մոտեցմամբ պատասխանում իրեն ուղղված բոլոր հարցերին և ճանապարհում օրվա վերջին այցելուներին՝ զուգահեռ ժամանակ տրամադրելով նաև մեզ,- «Հոգնում ենք, բայց սիրով ենք անում, մեր հայրական տունն է դարձել այստեղ, օրը 20-25 այցելու ենք ունենում»։

 

Լուսինե Ռոստոմյանը Երևանից է, մասնագիտությամբ՝ մանկաբույժ։

2000-ականներին ամուսնու ծնողների համար Գեղարքունիքի մարզում ամառանոց են ձեռք բերում, իսկ տեղացիները, երբ իմանում են, որ բժիշկ է, առաջարկում են իրենց մոտ տեղափոխվել աշխատելու։

«Ամուսնուս հետ խորհրդակցեցինք, որոշեցինք տեղափոխվել ու այդպես էլ մնացինք ու մնացինք։ Սկզբից դժվար էր, բայց հիմա և՛ բնակչությունը, և՛ կոլեկտիվը շատ հարազատ են դարձել»,– պատմում է տիկին Ռոստոմյանը, ով ամուսնու ու հինգ երեխաների հետ բնակություն է հաստատում Գեղարքունիքում։  Սկզբում աշխատում է, որպես մանկաբույժ, իսկ հետո, անցնելով վերապատրաստումները, արդեն՝ ընտանեկան բժիշկ։ 2001 թվականից նաև Գեղամասարի առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրենն է։ Բուժհաստատությունը սպասարկում է ութ համայնքի։

նկարում պատկերված են երեք կանայք․ տիկին Ռոստոմյանն ու բուժքույրը, սպիտակ խալաթներով նայում են փաստաթղթերը, իսկ սեղանի մոտ նստած է պացիենտը։

Տիկին Ռոստոմյանը հատուկ ուշադրությամբ է վերաբերվում բոլոր այցելուներին. 

«․․․ մեր բժշկուհու հոգատարությունը, ճշտապահությունը, մեր բժշկուհու մոտից չեն ուզում գնալ, ․․․ ունենք մարդիկ, որ Աբովյան են տեղափոխվել, բայց այստեղ են գալիս, իրենց հարց–պատասխանը անում են, գնում։ ․․․Քաղցր խոսքը, ճիշտ խորհուրդը, հազար հատ դեղորայք արժեն»,– հավելում են բուժքույրերը։

նկարում պատկերված են յոթ կանայք, վեցը կանգնած են, մեկը նստած ու նայում են դեպի ֆոտոխցիկը

Մեր այցելության ժամանակ հերթական ստուգմանն էր եկել այցելուներից մեկը. նա իր երկրորդ բալիկին է սպասում։ 

սեղանի շուրջ, դեմ դիմաց նստած են երկու կանայք, մեկը թիկունքից։ Սեղանին դրված են թղթեր։

«Մենք հետևում ենք, հսկում ենք հղիության ընթացքը, իսկ հղիությունը վարում է գինեկոլոգը, Վարդենիսում է, այնտեղ են անցնում նաև ստուգումները»,– ասում է տիկին Ռոստոմյանը և հավելում, որ այս պահին 16 հղի ունեն,– «Փորձում ենք օգտակար լինել մեր հղիներին, հղիության  ընթացքում, նաև պլանավորման փուլում։ Մեր առավելությունն այն է, որ յուրաքանչյուր բուժքույր ծանոթ է գյուղի բնակչությանը, սոցիալական, հոգեբանական վիճակին, նիստ ու կացին, ինչը գործը հեշտացնում է։ Հետծննդյան թեստավորումներն ենք անում հատկապես առաջնածինների շրջանում։ Այդ գնահատականը օգնում է հասկանալու մեր մայրիկների հոգեբանական վիճակը»։

նկարում պատկերված է վարդ՝ ծաղկամանի մեջ

նկարում պատկերված են սեղանի վրա դրված գրքեր, դրանցից մեկի վրա գրված է՝ Հղիի տնային քարտԿարիքների մասին խոսելիս էլ, բժշկուհին բարձրաձայնում է տրանսպորտի խնդիրը․ «Գյուղերի սփռվածությունը մեծ է, միջհամայնքային կապը, տրանսպորտը խնդիր է, մեքենա ենք վարձում, որ այցելություններ անենք։ Խոստացել են, որ այդ հարցը կլուծեն, տեսնենք»։ 

Չնայած զբաղվածությանը, տիկին Ռոստոմյանը շատ է կարևորում նաև մասնագիտական վերապատրաստումները։ Նա մասնակցել է նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից նախաձեռնած «Արտակարգ իրավիճակներում նվազագույն նախնական ծառայությունների փաթեթ՝ սեռական և վերարտադրողական առողջության համար (MISP)» խորագրով վերապատրաստմանը։

«Իր ծավալով առաջինն էր նման դասընթացը, hասկացանք, թե ինչպես է աշխատում MISP համակարգը, որ արտակարգ իրավիճակներում կոորդինացիոն մարմին պետք է ստեղծվի, շատ հստակ էին նաև առաջին օգնության գիտելիքները»,– նշում է տիկին Ռոստոմյանը և հավելում, որ բացի գիտելիքներից նման հանդիպումներրը լավ հնարավորություն են նոր գործընկերների հետ կապերի հաստատման համար․ «Միմյանց ճանաչում ենք, մասնագիտական հարցեր են ծագում, մտքերի փոխանակում ենք անում, հասկանում ես, որ այդ պրոբլեմը մենակ քո մոտ չի, մի քիչ թեթևանում ես (ժպտում է): Կապը պահում ենք միմյանց հետ, եթե խնդիր է լինում, խորհրդակցում ենք, պացիենտին բժշկի կոնտակտներ ենք փոխանցում, սիրով աջակցում են, շատ մեծ դրական արդյունք է տալիս, լավ կլինի, որ շարունակական լինեն նման վերապատրաստումները»։

սեղանի շուրջ, դեմ դիմաց նստած են երկու կանայք, մեկը թիկունքից։ Սեղանին դրված են թղթեր։Տիկին Ռոստոմյանը կարևորում է նման դասընթացը, հաշվի առնելով նաև առկա վիճակը։ «Սեմինարն ակտուալ է։ Ցավոք, 2020 թվականին մեզ մոտ էլ կրակոցներ են լսվել, ժողովուրդը նկուղներում անցկացրեց, մարդիկ իրենց երեխաներից ամիսներով տեղեկություն չունեին․․․»-, պատմում է տիկին Ռոստոմյանը և հավելում,- «Ազդեցությունը այս պատերազմի մինչև օրս էլ երևում է․ սթրեսներ, ճնշման բարձրացումներ, նևրոզներ, սրացումներ են լինում հատկապես ձմռանն ու գարնանը։ Մենք էլ որքան հնարավոր է, փորձում ենք օգտակար լինել: Լավ է, որ դասընթացին նաև մեր բուժքույրերն են մասնակցել ու մենք որպես մեկ թիմ կարողանում ենք աշխատել»։

Դասընթացին մասնակցել են նաև համայնքային բուժքույրերը՝ Աստղիկը՝ Նորակերտից և Մարիամը՝ Արեգունի համայնքից։ 

կին է, սպիտակ խալաթով, նստած է և խոսում էԱստղիկ․ Սովորել ենք թե էքստրեմալ վիճակներում ինչ մոտեցում պետք է ցույց տալ, սթրեսային վիճակից հանելու առաջնային քայլերն ենք սովորել, մենք առաջին պահին գուցե հենց այդ հոգեբանի դերն էլ կատարենք: Սովորեցինք, թե ինչպես և որ մասնագետներին ներգրավենք, ինչպես ճիշտ ուղղորդում անենք։ Գիտելիքներ ստացանք ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի, անցանկալի հղիությունների դեպքում, բռնությունից հետո ինչպես առաջնորդվել, նաև տեղեկացանք նոր դեղորայքների, պատվաստումների մասին։

նկարում պատկերված են երեք կանայք․ առաջին պլանում սպիտակ խալաթով կին է, նստած, իսկ հետևի պլանում երկու կանայք են, զրուցում ենՄարիամ․ Նաև թե արտակարգ իրավիճակներում որքան կարևոր է պահպանել հոգեկան առողջությունը։ Դե մենք էլ ենք շատ էմոցիոնալ լինում արտակարգ իրավիճակներում, բայց սովորեցինք, թե ինչպես պետք է աշխատենք մեր վրա, որ երբ մարդիկ մեզ նայեն, հասկանան, որ վստահելի ձեռքերում են, որ կարող ենք իրենց օգնություն ցույց տալ։  

Վերապատրաստումը նախաձեռնել է ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամը՝ Առողջապահության նախարարության հետ համատեղ։ Այն իրականացվում է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»/ԱՌՆԱՊ հիմնադրամի միջոցով։ Վերապատրաստման նպատակն է կանխարգելել հիվանդացությունը, մահացությունը և հաշմանդամությունն արտակարգ իրավիճակում գտնվող բնակչության շրջանում։ 2023 թվականին դասընթացին մասնակցել են ավելի քան երկու հարյուր բուժաշխատողներ։  Այս տարի ևս նախատեսվում են դասընթացներ շուրջ հարյուր  բուժաշխատողների համար։  Կարևորելով դասընթացների թեման և անհրաժեշտությունը հատկապես ներկա իրավիճակում Հայաստանի առողջապահական համակարգի համար, Առողջապահության  նախարարությունը համապատասխան շարունակական մասնագիտական զարգացման՝ ՇՄԶ կրեդիտներ է շնորհում  վերապատրաստման դասընթացն անցած բուժաշխատողներին։