You are here

Գենդերային հավասարությունը մարդու իրավունք է։ Գենդերային հավասարությունը նաև զարգացման ապահովման և աղքատության նվազեցման նախապայման է։ Իրավազորված կանայք նպաստում են իրենց ընտանիքների և համայնքների առողջության մակարդակի ու արտադրողականության բարձրացմանը  և առավել բարեկեցիկ ապագա ապահովում ապագա սերունդների համար: Այնուամենայնիվ, չնայած հիմնավոր ապացույցներին, որոնք ցույց են տալիս կանանց հզորացման կարևորությունը մարդու իրավունքների իրացման, աղքատության նվազեցման, զարգացման և աշխարհի ամենահրատապ մարտահրավերների լուծման գործում, գենդերային հավասարությունը մնում է չկատարված խոստում: ՄԱԲՀ-ն իրականացնում է կանանց և աղջիկների շահերի պաշտպանություն՝ խթանելով իրավական դաշտի և քաղաքականությունների բարեփոխումներ, գենդերային զգայուն տվյալների հավաքագրում և աջակցող նախաձեռնություններ, որոնք բարելավում են կանանց և աղջիկների առողջությունը և ընդլայնում կյանքում նրանց ընտրության հնարավորությունները: 

Հիմնական ուղղություններ 

  • Արձագանքել և նվազեցնել սեռով պայմանավորված բռնությունը և պտղի սեռի խտրական ընտրությունը 
  • Ներգրավել տղամարդկանց և խրախուսել պատասխանատու հայրությունը
  • Բարելավել քաղաքականությունները, իրավական դաշտն ու հաշվետվողականության մեխանիզմները՝ գենդերային հավասարության առաջխաղացման, կանանց և աղջիկների իրավազորման համար

ՄԱԲՀ-ն նպաստում է գենդերային հավասարության ապահովմանը.

  • իրավական փաստաթղթերի և քաղաքականությունների վերանայման միջոցով՝ կանխելու և վերացնելու գենդերային բռնությունը և պտղի սեռի խտրական ընտրությունը՝ միջազգային չափանիշներին համապատասխան,
  • գենդերային բռնությանը՝ ներառյալ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ և հումանիտար իրավիճակներում, բազմաոլորտային համակարգված արձագանքի միջոցով. այն ներառում է գենդերային անհավասարության և սոցիալ-մշակութային խտրական նորմերի, գենդերային բռնության և սեռի հիմքով պայմանավորված խտրական ընտրության վնասակար գործելակերպերի վերացմանն ուղղված քարոզարշավներ,
  • կանանց աջակցման կենտրոնների հիմնման միջոցով՝ համագործակցելով ՔՀԿ-ների հետ։ 

ՄԱԲՀ-ն կնպաստի գենդերային հավասարության ապահովմանը՝ շահերի պաշտպանության, քաղաքականությունների բարելավման և տեխնիկական աջակցության միջոցով, մասնավորապես. 

  • հզորացնելով քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և մոբիլիզացնելով համայնքները՝ հաղթահարելու կանանց սեռական և վերարտադրողական առողջության իրավունքներին վերաբերող խնդիրները, գենդերային և սոցիալ-մշակութային խտրական նորմերը՝ ներգրավելով նաև տղամարդկանց և կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին,
  • աջակցելով համայնքներին՝ զարգացնելու շահերի պաշտպանության նորարար նախաձեռնություններ՝ վերացնելու գենդերային և սոցիալ-մշակութային խտրական նորմերը, որոնք ազդում են կանանց և աղջիկների վրա,
  • աջակցելով գենդերային բռնության և վնասակար գործելակերպերի կանխարգելմանը և դրանց լուծմանն ուղղված քաղաքականությունների և իրավական դաշտի բարելավմանը՝ ներառյալ երիտասարդների, տղամարդկանց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավման միջոցով,
  • հումանիտար իրավիճակներում պաշտպանության համակարգում ներառելով գենդերային բռնության կանխարգելման և արձագանքման մեխանիզմները՝ միջազգային մարդասիրական իրավունքին և սկզբունքներին համահունչ,
  • աջակցելով հաշվետվողականության մեխանիզմի ներդրմանը` ապահովելու օրենսդրության և քաղաքականությունների իրականացումը` միջազգային չափանիշներին համապատասխան,
  • աջակցելով կանանց կրթության և աշխատանքի հնարավորությունների և կանանց մասնակցության բարելավմանը,
  • բարելավելով կանանց իրավունքները և գենդերային բռնությունից, վնասակար գործելակերպերից պաշտպանվելու ուղիները։