Գենդերային հավասարությունը մարդու իրավունք է։ Գենդերային հավասարությունը նաև զարգացման ապահովման և աղքատության նվազեցման նախապայման է։ Իրավազորված կանայք նպաստում են իրենց ընտանիքների և համայնքների առողջության մակարդակի ու արտադրողականության բարձրացմանը և առավել բարեկեցիկ ապագա ապահովում ապագա սերունդների համար: Այնուամենայնիվ, չնայած հիմնավոր ապացույցներին, որոնք ցույց են տալիս կանանց հզորացման կարևորությունը մարդու իրավունքների իրացման, աղքատության նվազեցման, զարգացման և աշխարհի ամենահրատապ մարտահրավերների լուծման գործում, գենդերային հավասարությունը մնում է չկատարված խոստում: ՄԱԲՀ-ն իրականացնում է կանանց և աղջիկների շահերի պաշտպանություն՝ խթանելով իրավական դաշտի և քաղաքականությունների բարեփոխումներ, գենդերային զգայուն տվյալների հավաքագրում և աջակցող նախաձեռնություններ, որոնք բարելավում են կանանց և աղջիկների առողջությունը և ընդլայնում կյանքում նրանց ընտրության հնարավորությունները:
Հիմնական ուղղություններ
- Արձագանքել և նվազեցնել սեռով պայմանավորված բռնությունը և պտղի սեռի խտրական ընտրությունը
- Ներգրավել տղամարդկանց և խրախուսել պատասխանատու հայրությունը
- Բարելավել քաղաքականությունները, իրավական դաշտն ու հաշվետվողականության մեխանիզմները՝ գենդերային հավասարության առաջխաղացման, կանանց և աղջիկների իրավազորման համար
ՄԱԲՀ-ն նպաստում է գենդերային հավասարության ապահովմանը.
- իրավական փաստաթղթերի և քաղաքականությունների վերանայման միջոցով՝ կանխելու և վերացնելու գենդերային բռնությունը և պտղի սեռի խտրական ընտրությունը՝ միջազգային չափանիշներին համապատասխան,
- գենդերային բռնությանը՝ ներառյալ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ և հումանիտար իրավիճակներում, բազմաոլորտային համակարգված արձագանքի միջոցով. այն ներառում է գենդերային անհավասարության և սոցիալ-մշակութային խտրական նորմերի, գենդերային բռնության և սեռի հիմքով պայմանավորված խտրական ընտրության վնասակար գործելակերպերի վերացմանն ուղղված քարոզարշավներ,
- կանանց աջակցման կենտրոնների հիմնման միջոցով՝ համագործակցելով ՔՀԿ-ների հետ։
ՄԱԲՀ-ն կնպաստի գենդերային հավասարության ապահովմանը՝ շահերի պաշտպանության, քաղաքականությունների բարելավման և տեխնիկական աջակցության միջոցով, մասնավորապես.
- հզորացնելով քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և մոբիլիզացնելով համայնքները՝ հաղթահարելու կանանց սեռական և վերարտադրողական առողջության իրավունքներին վերաբերող խնդիրները, գենդերային և սոցիալ-մշակութային խտրական նորմերը՝ ներգրավելով նաև տղամարդկանց և կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին,
- աջակցելով համայնքներին՝ զարգացնելու շահերի պաշտպանության նորարար նախաձեռնություններ՝ վերացնելու գենդերային և սոցիալ-մշակութային խտրական նորմերը, որոնք ազդում են կանանց և աղջիկների վրա,
- աջակցելով գենդերային բռնության և վնասակար գործելակերպերի կանխարգելմանը և դրանց լուծմանն ուղղված քաղաքականությունների և իրավական դաշտի բարելավմանը՝ ներառյալ երիտասարդների, տղամարդկանց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավման միջոցով,
- հումանիտար իրավիճակներում պաշտպանության համակարգում ներառելով գենդերային բռնության կանխարգելման և արձագանքման մեխանիզմները՝ միջազգային մարդասիրական իրավունքին և սկզբունքներին համահունչ,
- աջակցելով հաշվետվողականության մեխանիզմի ներդրմանը` ապահովելու օրենսդրության և քաղաքականությունների իրականացումը` միջազգային չափանիշներին համապատասխան,
- աջակցելով կանանց կրթության և աշխատանքի հնարավորությունների և կանանց մասնակցության բարելավմանը,
- բարելավելով կանանց իրավունքները և գենդերային բռնությունից, վնասակար գործելակերպերից պաշտպանվելու ուղիները։