Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

Բնակչության հիմնահարցեր

Բնակչության հիմնահարցեր

Բնակչության հիմնահարցեր

Բնակչության հիմնախնդիրների շուրջ ՄԱԲՀ աշխատանքը առանցքային է աղքատության վերացման և կայոն զարգացման հասնելու՝ միջազգային հանրության նպատակների համար: Բնակչության դինամիկան, ներառյալ աճի տեմպերը, տարիքային կառուցվածքը, ծնելիությունը և մահացությունը, միգրացիան և այլն, ազդում են մարդկային, սոցիալական և տնտեսական զարգացման բոլոր կողմերի վրա: ՄԱԲՀ աշխատանքի այլ հիմնական ոլորտները, ներառյալ վերարտադրողական առողջությունը և կանանց հզորացումը, մեծ ազդեցություն ունեն բնակչության միտումների վրա:

 

ԾԵՐԱՑՈՒՄ

Թեև ծերացող աշխարհն իր հետ բերում է սոցիալական և տնտեսական մարտահրավերներ, ճիշտ քաղաքականությունը կարող է օգնել անհատներին, ընտանիքներին և հասարակությանը՝ հաղթահարելու այդ մարտահրավերները: ՄԱԲՀ-ն իրականացնում է հանրային իրազեկում բնակչության ծերացման միտումների վերաբերյալ, ինչպես նաև, մատնանշում է անհրաժեշտությունը՝ դիտարկել նաև բնակչության ծերացման ստեղծած հնարավորությունները և դիմակայել մարտահրավերներին: ՄԱԲՀ-ն նաև աջակցում է հետազոտությունների և տվյալների հավաքագրմանը` քաղաքականությունների և պլանավորման համար ամուր հիմք ստեղծելու համար և երաշխավորում է, որ ծերացման խնդիրները ներառված լինեն ազգային զարգացման ծրագրերում և աղքատության հաղթահարմանն ուղղված ռազմավարություններում:

Իրավիճակը Հայաստանում

Համաձայն ՄԱԿ-ի ժողովրդագրական ծերացման սանդղակի՝ եթե երկրի բնակչության կառուցվածքում 65 և բարձր տարիքի բնակչությունը կազմում է 7%-ից ավել, ապա դա փաստում է տվյալ բնակչության ծերացման մասին: ՄԱԿ-ի գնահատմամբ՝ Հայաստանը հայտնվել է ծերացող հասարակությունների վերին շեմին, 2019թ.-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում 65 և բարձր տարիքի բնակչության քանակը կազմել է 12.8%, ինչը 5․8%-ով բարձր է ՄԱԿ-ի ժողովրդագրական ծերացման սանդղակի սահմանած շեմից: Համաձայն ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) կանխատեսումների՝ ծերացմանն ուղղված համապատասխան միջոցառումների ոչ լիարժեք իրականացման կամ բացակայության դեպքում 2050թ.-ին այդ ցուցանիշը կկազմի 22-23%:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը աջակցել է «Ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության 2017-2021 թվականների ռազմավարություն»-ը ռազմավարության մշակման աշխատանքներին, որը առաջնորդում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Ռազմավարության հիմնական նպատակն է ստեղծել բարենպաստ և առողջ միջավայր տարեց մարդկանց համար՝ ապահովելով նրանց արժանապատիվ կյանք:

 

©Argam Yeranosyan

ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ 

Այն երկրներում, որտեղ բնակչության թվաքանակի անկումը հանգեցնում է բնակչության վերացմանը՝ հաճախ գյուղական շրջաններում, առավել կարևոր ենթակառուցվածքների և ծառայությունների սպասարկման մեկ շնչի հաշվով ծախսերն աճում և սպառում են պետական բյուջեների միջոցները։ Որոշ երկրներում բնակչության թվի կրճատումն անգամ ազգային անվտանգության խնդիր է համարվում։ Դա կարող է ներառել խնդիրներ՝ կապված պաշտպանության համակարգերի կարողությունների նվազեցման, կամ երկրում բնակչության խմբերի հարաբերակցությունների փոփոխության, կամ առավել լայն առումով՝ երկրի տնտեսական, քաղաքական և հարևանների հետ կապված ռազմական հզորության հետ։

Արևելյան Եվրոպայի որոշ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում տարածում է գտել «ժողովրդագրական անվտանգության» գաղափարը, ըստ որի ցածր ծնելիությունը և բնակչության թվի անկումը թե՛ ուղղակիորեն, թե՛ անուղղակիորեն անվտանգության խնդիրներ են համարվում։

Անկախ նպատակից կամ դրդապատճառներից, կարևոր է ապահովել, որ ժողովրդագրական խնդիրների հասցեագրման քաղաքականությունները չխախտեն մարդու իրավունքները, այդ թվում՝ երբ և քանի երեխա ունենալու ընտրության իրավունքը։ Բայց սա ոչ միայն իրավունքների հարց է։ Փորձը վկայում է այն մասին, որ ավելի շատ երեխա ունենալու, կամ նույնիսկ օրինական աբորտի կամ հակաբեղմնավորիչների արգելքներն ընդամենը հանգեցնում են մարդկանց տառապանքների սրմանը. նրանք պակաս անվտանգ այլընտրանքների են դիմում, վտանգելով իրենց առողջությունը և կյանքը, մինչդեռ դրանց ազդեցությունը ծնելիության վրա նվազագույն մակարդակի վրա է մնում։ 

Արդյո՞ք ընտանիքի առավել ինտենսիվ պլանավորումը հանգեցնում է ծնելիության կրճատմանը 

Ոչ, սա լայն տարածում գտած առասպել է։ Եվրոպայում ընտանիքի պլանավորման արդի մեթոդների կիրառման և ծնելիության մակարդակների միջև բացակայում է կորելացիան։ Իրականում, արդի հակաբեղմնավորիչների օգտագործման բարձր մակարդակ ունեցող երկրներում ծնելիությունը փոքր-ինչ ավելի բարձր է (ավելի քան 65%) դրանց օգտագործման ավելի ցածր մակարդակ (45%) ունեցող երկրներում: Վրաստանի օրինակից ակներև է դառնում, որ արդի հակաբեղմնավորիչների կիրառման աճը և ծնելիության բարձր գործակիցը կարող են ուղեկցել իրար։

Ո՞րն է ցածր ծնելիության պատճառն Արևելյան Եվրոպայում, ներառյալ Հայաստանում

Պատճառն այն չէ, որ մարդիկ չեն ցանկանում երեխա ունենալ։ Իրականում, Եվրոպայում մարդիկ հիմնականում նշում են, որ ցանկանում են միջինը երկու երեխա ունենալ։ Սակայն մի շարք այնպիսի գործոններ, ինչպիսիք են տնտեսական անկայունությունը, երեխայի խնամքի անբավարար հնարավորությունները, ինչպես նաև աշխատանքն ընտանեկան պարտականությունների հետ համատեղելու դժվարությունները, թույլ չեն տալիս ցանկալի թվով երեխաներ ունենալ։ Քաղաքականության տեսակետից արձագանքները պետք է ուղղված լինեն այնպիսի միջավայր ստեղծելուն, որտեղ մարդիկ կարող են ծնելիության իրենց մտադրությունները կյանքի կոչել և երեխա ունենալ այն ժամանակ և այն թվով, որքան կցանկանան։

 

©UN/Armenia2017/Hilton

ՄԻԳՐԱՑԻԱ

Միգրացիան զարգացման կարևոր ուժ է և առաջնահերթ խնդիրն ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած երկրների համար։ Միգրանտների գրեթե կեսը կանայք են, իսկ մեծ մասը՝ վերարտադրողական տարիքի, որոնք ունեն հատուկ կարիքներ և մարդու իրավունքներին վերաբերող խնդիրներ: ՄԱԲՀ-ն աշխատում է միգրացիոն խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև միգրացիայի վերաբերյալ առավել համապարփակ տվյալների հավաքագրման, միգրացիային առնչվող հիմնահարցերը ազգային զարգացման ծրագրերում ներառելու ուղղությամբ: ՄԱԲՀ-ն իր ջանքերն է ուղղում կանանց և խոցելի այլ միգրանտների հատուկ կարիքների հաղթահարման և փախստականների և ներքին տեղահանված անձանց վերարտադրողական առողջության հրատապ կարիքները բավարարելու ուղղությամբ:

Ցուցանիշներ 

Գրեթե բոլոր երկրներում միգրացիայի բացասական հաշվեկշիռ է գրանցվում (այսինքն՝ ավելի շատ մարդ արտագաղթում է, քան ներգաղթում)։ Եվ որպես կանոն, երկրից մեկնում են վերարտադրողական տարիքի երիտասարդները։

 

 

 

 

 

 

ՄԱԲՀ «Բնակչություն և զարգացում» ծրագիր

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) «Բնակչություն և զարգացում» ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2005 թ.-ի հունվարին և գործում է մինչ օրս։

Ծրագրի հիմնական նպատակն է օգնել Հայաստանում զարգացնել ժողովրդագրական տվյալների հավաքագրման, մշակման, կիրառման և մշտադիտարկման ազգային համակարգերը: Առանձնապես կարևորվում են մարդկային զարգացման տվյալները՝ ներառյալ նրանք, որոնք առնչվում են Հազարամյակի զարգացման նպատակներին 

Ծրագիրն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ վիճակագրական կոմիտեի և այլ համապատասխան կառույցների համագործակցությամբ:

ՆԵՐԿԱ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ.

Ներկա ժողովրդագրական իրավիճակի մշտական վերլուծություն և կանխատեսումներ,

ՀՀ ժողովրդագրական քաղաքականության և գործողությունների շրջանակի մշակում, ինչպես նաև վերահսկման և գնահատման արդյունավետ համակարգի ներդրում,

Օժանդակություն ՀՀ-ում հավաստի տվյալների համաքագրմանն ընտրանքային հետազոտությունների միջոցով, 

Օժանդակություն ՀՀ-ում 2022թ.-ի մարդահամարի անցկացմանը,

աջակցություն տարեցներին մատուցվող ծառայությունների որակի և հասանելիության բարեփոխումներին,

Գերիատրիայի (ծերաբուժության) ինստիտուտի ներդրմանն ուղղված աշխատանքներ (համապատասխան ուղեցույցերի մշակում, մասնագետների վերապատրաստում)

ԾՐԱԳՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՑՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ.

2010 թ. փորձնական մարդահամարի, 2011թ. և 2022թ. հիմնական մարդահամարների անցկացում,

ՀՀ բնակչության 2018-2021թթ. Միգրացիայի համալիր հետազոտություն,

ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության և գործողությունների ծրագրի (2009-2035թթ.) ընդունում,

Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի 2005թ. և 2010թ. հետազոտությունների անցկացում,

ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծի ընտրանքային հետազոտության անցկացում, 2009թ.,

ՀՀ բնակչության ծերացման վերաբերյալ ընտրանքային հետազոտության անցկացում, 2008 թ,

ծերացման հիմնախնդիրների լուծման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության և գործողությունների ծրագրի ընդունում և վավերացում,

ժողովրդագրական հիմնական հասկացությունների բառարանի մշակում և հրատարակում, 2008թ,

ՀՀ արտաքին և ներքին միգրացիայի ընտրանքային հետազոտության անցկացում, 2007թ,

«Ընտանիք» ինստիտուտի ընտրանքային հետազոտության անցկացում, 2006թ,

ժողովրդագրության դասընթացի ներառում Երևանի պետական համալսարանի մագիստրոսների համար նախատեսված կրթական ծրագրում:

ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ.

Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական քաղաքականության ռազմավարություն և գործողությունների ծրագիր (2009-2035 թթ.)

ՀՀ բնակչության 2018-2021թթ. Միգրացիայի համալիր հետազոտության արդյունքների զեկույց,

Անպտղության տարածվածությունը ՀՀ-ում,

Հայաստանի Հանրապետության բնակչության վերարտադրողական վարքագծի ընտրանքային հետազոտության արդյունքների վերլուծություն, 2009 թ.

ՀՀ Բնակչության ծերացման վերաբերյալ հետազոտության արդյունքների վերլուծություն, 2008 թ.

Ժողովրդագրական հիմնական հասկացությունների բառարան, 2008 թ.

ՀՀ արտաքին և ներքին միգրացիայի ընտրանքային հետազոտության զեկույց, 2007 թ.

«Ընտանիք» ինստիտուտի հետազոտություն, 2006 թ.