You are here

Սույն թվականի հոկտեմբերի 31-ին, Արթիկի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում նշվեց «7 միլիարդի օրը»՝ խորհրդանշական 7 միլիարդերորդ մանկիկի ծնունդը: Տոնակատարությունը նախաձեռնել էին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը և Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտը: Միջոցառմանը մասնակցում էին նաև Արթիկի քաղաքապետարանի, Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության, Հայ Առաքելական Եկեղեցու ներակայացուցիչներ, լրագրողներ և պարզապես արթիկցիներ:

Եվ այսպես, խորհրդանշական 7 միլիարդերորդ մանկիկը Վահրամ Ոսկանյանն է, ծնված 2011 թ. հոկտեմբերի 31-ին, ժամը 00:20-ին, 2 կգ 900 գրամ քաշով և 50 սմ հասակով: Երեխայի մայրիկը տնային տնտեսուհի է, իսկ հայրիկը հիմնականում զբաղվում է արտագնա աշխատանքով:

Համաձայն Միավորված ազգերի կազմակերպության հաշվարկների՝ աշխարհի բնակչությունը 7 միլիարդի սահմանն անցնում է 2011 թ. հոկտեմբերի 31-ին: Քանի որ ճշգրտորեն հաշվարկել, թե որտեղ է ծնվելու և ով է լինելու 7 միլիարդերորդ երեխան, գործնականում հնարավոր չէ, 2011 թ. հոկտեմբերի 31-ին աշխարհի երկրներում՝ այդ թվում Հայաստանում, տոնում են «7 միլիարդի օրը»՝ ընտրելով իրենց խորհրդանշական 7 միլիարդերորդ մանկիկին:

«Յոթ միլիարդի օրվան» նվիրված միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան Արթիկի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Սիմոն Մանուկյանը, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Միջոցառմանը ներկա Արթիկի քաղաքապետ Խաչատուր Վարագյանը հայտարարեց, որ ստանձնել է փոքրիկ Վահրամի կնքահայրը լինելու պարտականությունը:

Այնուհետև, առողջության կենտրոնի անձնակազմը և հյուրերը ողջունեցին ու շնորհավորեցին խորհրդանշական յոթ միլիարդերորդ մանկիկին և նրա մայրիկին ու նրանց, ինչպես նաև այդ օրը ծննդատանը գտնվող բոլոր ծննդկաններին հանձնեցին նվերներ: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և Պերինատոլոգիայի ու մանկաբարձության ինստիտուտի կողմից նվեր ստացավ նաև Արթիկի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը՝ էխոգրաֆիկ ուլտրաձայնային սարքավորում, որպես նպաստ կենտրոնի արդյունավետ աշխատանքին:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, «7 միլիարդի օրվան» ընդառաջ, ողջ աշխարհում միջոցառումների շարք էր սկսել դեռևս ս.թ. հուլիսի 11-ից՝ Բնակչության համաշխարհային օրվանից, աշխարհի բնակչության համար այս հանգրվանի նշանակությունն ընդգծելու համար: