You are here

2011 թ. նոյեմբերի 25-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ մամլո ասուլիս նվիրված Հայաստանում «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավի մեկնարկին, որին ներկա էին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար պրն. Դամթյու Դեսալեյնեն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, երեխաների և կանանց հիմնահարցերի վարչության պետ տկն. Լալա Ղազարյանը, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ տկն. Մարիա Դոցենկոն և «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավի համակարգող տկն. Ջինա Սարգիզովան: Բանախոսները ներկայացրեցին քարոզարշավի մանրամասները, ինչպես նաև անդրադարձան Հայաստանում գենդերային բռնության իրավիճակին:

Մամլո ասուլիսի ժամանակ բաժանվեցին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը նոյեմբերի 25-ի` Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա կապակցությամբ, ինչպես նաև 16-օրյակի օրացույցը: Այն նախատեսում է տարատեսակ միջոցառումներ` այդ թվում կլոր-սեղան քննարկումներ պետական կառավարման մարմինների, քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ, «Կնոջ կերպարը հայ մամուլում» հետազոտության արդյունքների ներկայացում, «Տղամարդիկ ընդդեմ բռնության» թեմայով քարոզարշավ Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների հետ համագործակցությամբ, սոցիալական տեսահոլովակների և ֆիլմերի ցուցադրում, տեղեկատվական հանդիպումներ և սեմինարներ Երևանում և մարզերում և այլն: Այս տարվա քարոզարշավի կարգախոսն է՝ «Խաղաղություն տանը՝ խաղաղություն աշխարհում»:

«Ամեն տարին իր հետ նորանոր փորձություններ է բերում, և «16-օրյակ» քարոզարշավը հիանալի հնարավորություն է աշխարհի ուշադրությունը բևեռել կանանց նկատամբ բռնության գլոբալ հիմնախնդրին՝ հնարավորություն ապահովելով պայքարել հանուն կանանց իրավունքների և գենդերային հավասարության», - ասուլիսում նշեց պրն. Դեսալեյնեն:

«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ը  ամենամյա միջազգային քարոզարշավ է, որը մեկնարկում է նոյեմբերի 25-ին և տևում է մինչև դեկտեմբերի 10-ը` Մարդու իրավունքների միջազգային օրը: Քարոզարշավի ակունքներում ընկած է 1989 թ.-ին կանադացի 14 ուսանողուհիների դաժան սպանությունը, որը հիմք դրեց ևս մեկ` կանանց նկատմամբ բռնությունից հրաժարումը խորհրդանշող «Սպիտակ ժապավեն» քարոզարշավին: 1991 թ.-ից ի վեր իրականացվող քարոզարշավի մասնակիցների բանակը ներառում է ավելի քան 3,700 կազմակերպություն` 164 երկրում: Հայաստանում 16-օրյակն իրականացվում է 2001 թ.-ից:


Բեռնել քարոզարշավի օրացույցը

   
Կից ֆայլ Ծավալը
Calendar_16_Days_2011_ARM.pdf 116.32 KB