2019 թվականի նոյեմբերի 25-ին ՝ Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը, ՄԱԿ-ի Մշտական համակարգողի հայաստանյան գրասենյակը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ, կազմակերպեցին մամուլի ասուլիս՝ նվիրված «Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ ակտիվության 16-օրյակ» միջազգային քարոզարշավի մեկնարկին:
Այս տարի քարոզարշավն ընթանալու է «Հավասարության սերունդ. վերջ դնենք սեռական ոտնձգություններին» կարգախոսի ներքո՝ կենտրոնանալով կանանց նկատմամբ կյանքի տարբեր ոլորտներում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի և կանխարգելման շուրջ։
Ասուլիսի բանախոսներն էին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ՀՀ ոստիկանության Անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը և «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» ծրագրի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը։
«Աշխարհում յուրաքանչյուր 3-րդ կին իր կյանքի ինչ-որ շրջանում ենթարկվել է սեռական կամ ֆիզիկական բռնության։ Եվ ամենից հաճախ, բռնությունը կատարվում է մերձավոր անձի կամ զուգընկերոջ կողմից», - ասուլիսի ժամանակ ասաց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփը, - «Կանանց դեմ բռնությունը մարդու իրավունքների խախտում է, ինչպես նաև՝ շատ լուրջ խտրականություն կանանց հանդեպ և խոչընդոտ գենդերային հավասարության համար»:
Պարոն Շարփը նշեց նաև, որ ՄԱԿ-ի թիմը հաստատակամ է շարունակելու աշխատել կառավարության, քաղաքացիական հասարակության, բոլորի հետ՝ կանխարգելելու համար կանանց դեմ բռնությունը, ապահովելու գենդերային հավասարությունը և կանանց զորացումը՝ թե տնտեսական, թե քաղաքական ոլորտներում։ «Այս ամենը միասին, վստահ եմ, կարող է դիտարկվել, որպես Կայուն զարգացման նպատակների օրակարգ 2030-ին հասնելու ամենակարևոր խթանը»։
Իր խոսքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրեց Կառավարության վերջերս կայացրած որոշումները, որոնք վերաբերում էին գենդերային բռնության խնդրին, ինչպես նաև նախանշեց սպասվող փոփոխությունները:
«ՀՀ կառավարությունը մերժել է բոլոր տեսակի բռնության ձևերը բոլոր մակարդակներում և կարևորում է նաև կանանց հանդեպ բռնության կանխարգելումը, կանանց տնտեսական և քաղաքական ակտիվությունը», - շեշտեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, - «Կառավարության ծրագրերն ուղղված են նրան, որ հավասար հնարավորություններ ստեղծվեն երիտասարդ կանանց համար Հայաստանում, քանի որ այլ կերպ չի կարող լինել երջանիկ և ապահով հասարակություն»։
Ի հավելումն, նախարարը նշեց, որ ՀՀ Կառավարությունը հաստատել է կենտրոնական հաշվառման կարգ, որի շնորհիվ 2020 թ-ից ընտանեկան բռնության վերաբերյալ բոլոր տվյալները կենտրոնացած կլինեն մեկ հարթակում։
ՀՀ ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը հայտարարեց, որ 2019 թվականի տասը ամիսների ընթացքում Հայաստանում հետաքննվել է ընտանեկան բռնության 378 դեպք՝ նախորդ տարվա 585-ի համեմատությամբ: Ընդհանուր առմամբ, ոստիկանության կողմից ստացվել է ընտանեկան բռնության 2682 դեպքի մասին ահազանգ, հաշվառվել է 1533 բռնարար:
Տիկին Դուրյանը նաև նշեց, որ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն, 2019 թվականի 10 ամիսներին ՀՀ-ում գրացվել է սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ հանցագործության 84 դեպք, նախորդ տարվա՝ 78-ի դիմաց, անչափահասների նկատմամբ՝ 49 դեպք, նախորդ տարվա՝ 47-ի դիմաց:
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» ծրագրի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը նշեց, որ կանանցից շատ ուժ է պահանջվում՝ զուտ որոշում կայացնելու և իրավապահ մարմիններին դիմելու համար:
«Նրանցից շատ ռեսուրս է պահանջվում և ամեն օր նրանք պայքարում են՝ ապացուցելու մեղավորի մեղքը: Այսօր Հայաստանում մեղավորի մեղքի ապացուցման բեռը դռված է հիմնականում սեռական բռնության ենթարկված անձի վրա», - ասաց Տաթևիկ Աղաբեկյանը: