You are here

Հայաստանի Հանրապետությունում պտղի սեռի խտրական ընտրության հետազոտության նպատակն է պարզել Հայաստանում 18-49 տարեկան՝ երբևէ հղիություն ունեցած կանանց, նրանց ընտանիքի անդամների մոտեցումները և տրամադրվածությունները երեխայի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներին։

Հետազոտության խնդիրն է գնահատել Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները, ինչպես նաև այս ասպարեզում փոփոխությունները և միտումները վերջին 5 տարվա ընթացքում՝ անցկացնելով համամետական վերլուծություն 2017 թ.-ին իրականացված հետազոտության հետ:

Հետազոտությունն իրականացվել է 2022 թվականի հունիս ամսին քանակական և որակական մեթոդների համադրությամբ՝ կիրառելով տվյալների հավաքման 3 մեթոդ՝ փաստաթղթերի վերլուծություն, հեռախոսային հարցազրույցներ Հայաստանում բնակվող, երբևէ հղիություն ունեցած 18-49 տարեկան 1,920 կանանց հետ և 5 ֆոկուս խմբային քննարկում (ՖԽՔ)՝ ոլորտում ներգրավված որոշում կայացնողների, բուժաշխատողների, փորձագետների և ամուսնացած կանանց ու տղամարդկանց մասնակցությամբ։ Համեմատական վերլուծությունը հնարավոր դարձնելու համար կիրառվել է 2017 թ.-ին անցկացված հետազոտության մեթոդաբանությունը և ընտրանքի չափը։

Զեկույցում հետազոտության արդյունքները ներկայացված են ըստ մեթոդների։ Նախ, ընդհանուր անդրադարձ է կատարվում պտղի սեռի խտրական ընտրության իրավիճակին Հայաստանում և աշխարհում, այնուհետև ներկայացվում են քանակական և որակական հետազոտության արդյունքները՝ առանձին բաժիններով։