Go Back Go Back
Go Back Go Back

Հաշմանդամություն ունեցող հայ կանայք նոր հմտություններ են ձեռք բերել

Հաշմանդամություն ունեցող հայ կանայք նոր հմտություններ են ձեռք բերել

News

Հաշմանդամություն ունեցող հայ կանայք նոր հմտություններ են ձեռք բերել

calendar_today 30 November 2022

Էլիզան աշխատում է երեխաների հետ «Անկախ կյանք» ռեսուրսային կենտրոնում, սեպտեմբեր, 2020թ․ Լուսանկարը՝ Լենա Հովհաննիսյան/Ագաթ ՀԿ
Էլիզան աշխատում է երեխաների հետ «Անկախ կյանք» ռեսուրսային կենտրոնում, սեպտեմբեր, 2020թ․ Լուսանկարը՝ Լենա Հովհաննիսյան/Ագաթ ՀԿ

Գյումրեցի 40-ամյա Էլիզա Մելքոնյանը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին օգնում է ձեռք բերել կյանքի հմտություններ և գրագիտություն՝ «Ագաթ» ՀԿ-ի «Անկախ կյանք» ռեսուրսային կենտրոնում:

Որպես բազմակի հաշմանդամություն ունեցող կին՝ Էլիզան շատ լավ գիտի, թե այս երեխաների համար որքան կարևոր է ինքնուրույն եւ անկախ լինելը, հատկապես Հայաստանում, որտեղ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար դժվար է զբաղմունք գտնելը: «Նախկինում ինքս էլ աշխատանքի համար շատ դռներ եմ թակել, բայց դրանք մնացել են փակ»,- ասում է նա։

Էլիզան բազմաթիվ մարտահրավերներ է հաղթահարել՝ մասնակցելով կարողությունների զարգացման դասընթացին, որը 2020 թվականի դեկտեմբերին կազմակերպել էր «Ագաթ» ՀԿ-ն՝ «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում։

«Անհրաժեշտ է հզորացնել հաշմանդամություն ունեցող մարդկանց, խրախուսել նրանց, որ վստահեն իրենց ուժերին և բացահայտեն իրենց ուժեղ կողմերն ու տաղանդները: Դա հենց այն էր, ինչ տեղի ունեցավ ինձ հետ դասընթացի ժամանակ։ Սկզբում ես վախենում էի, որ հնարավոր է չկարողանամ պայուսակ հյուսել իմ թույլ ձեռքով։ Հետո, երբ վաճառեցի առաջին աշխատանքս, երեխայի պես երջանիկ էի։ Այն, որ կարող էի իմ հոբբին վերածել եկամտի աղբյուրի, ինձ հսկայական ուժ տվեց»,- ասում է նա։

Էլիզա Մելքոնյանն «Ագաթ» ՀԿ-ի կազմակերպած դասընթացի ժամանակ, սեպտեմբեր, 2020թ․ Լուսանկարը՝ Լենա Հովհաննիսյան/ «Ագաթ» ՀԿ

Դասընթացի օգնությամբ Էլիզայի ունեցած նշանակալի արդյունքները տեսնելով՝ «Ագաթ» ՀԿ-ն նրան առաջարկել է իրենց ռեսուրսային կենտրոնում աշխատել որպես ուսուցչի օգնական

«Առաջին օրը մտավախություն ունեի, որ չեմ կարողանա աշխատել։ Բայց հետո հիշեցի դասընթացի ժամանակ ինքնավստահության մասին քննարկումներն ու արագ ազատվեցի այդ մտահոգությունից։ Երբ մտածում եմ երեխաներին կրթելու կարողության և անկախ լինելու իմ քաջության մասին, հասկանում եմ, թե որքան երջանիկ եմ»։

Ընդհանուր առմամբ, հաշմանդամություն ունեցող 32 կին և աղջիկ են մասնակցել հեռավար դասընթացին, որը կազմակերպվել է «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համատեղ իրականացվում «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից՝ Արևելյան գործընկերության վեց երկրում։

Մանուշակ Ներսիսյանը ձեռքի աշխատանք է գործում Լուսանկարը՝ Մանուշակի արխիվից, 2021թ

Շիրակի մարզի Գոգհովիտ համայնքից 52-ամյա Մանուշակ Ներսիսյանը տեղաշարժման դժվարություն ու հաշմանդամություն ունի։ Նա երկար ժամանակ ապրել է գյուղում և ինքնակրթվել։ Մանուշակը մասնակցել է դասընթացին, քանի որ ցանկանում էր ավելի համակարգված տիրապետել իր մորից սովորած հմտություններին:

«Շատ մեծ եղավ հասարակական կազմակերպությունների, հատկապես՝ «Ագաթի» դերը իմ կյանքում, նրանց օգնությամբ կամաց-կամաց սկսեցի հաջողություններ ունենալ և հիմնեցի իմ բիզնեսը»,- ասում է նա:

Covid-19 համավարակի հետևանքով՝ Մանուշակի բիզնեսը լուրջ դժվարությունների առաջ է կանգնել, և հենց այդ ժամանակ է, որ նա մասնակցել է կարողությունների զարգացման դասընթացին ու առաջ շարժվելու նոր ուղղություններ բացահայտել։ «Բիզնեսը կարող էր փակվել, եթե չլիներ հեռավար ուսուցման այս հնարավորությունը։ Դրա ընթացքում ես ձեռք բերեցի բազմաթիվ նոր հմտություններ, ծանոթացա ժամանակակից տեխնոլոգիաներին ու գործիքներին»,- ընդգծում է Մանուշակը։

Նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելուց հետո Մանուշակը հասկացել է, որ կարող է այլ գաղափարներ իրականացնել և դիմել դրամաշնորհային ծրագրի: Սպիտակեղենի արտադրության բիզնես ծրագիրը ստացել է 600 եվրո դրամաշնորհ։ «Սովորեցի նոր կապեր հաստատել բիզնեսում այլ մարդկանց հետ և զարգացնել այնպիսի ուղղություններ, որոնք նախկինում չէի պատկերացնում։ Ամենակարևորը՝ կարի արտադրություն հիմնելուց հետո սկսեցի գումար աշխատել և դառնալ ավելի անկախ»,- ասում է Մանուշակը։

Այժմ նա սովորում է սոցիալական ձեռներեցների դպրոցում, մեծ պատվերների դեպքում ներգրավում է համայնքի այլ՝ կարիքավոր կամ հաշմանդամություն ունեցող կանանց: Մանուշակն իր աշխատանքները վաճառում է սոցիալական ցանցերով, ինչպես նաև խանութներում և ցուցահանդեսների ժամանակ: Ամենից պահանջված ապրանքներից են էկո պայուսակները, որոնք ստեղծելու գաղափարը ծնվել է կարողությունների զարգացման դասընթացի ժամանակ: Դրանք վերամշակված արտադրանք են՝ հին, մաշված ջինսե հագուստից, և կրում են բնապահպանական՝ «երկրորդ կյանք՝ հին հագուստին» ուղերձը: Մանուշակը նաև հելունով գործած պայուսակներ է վաճառում:

Գայանե Գրիգորյանը «Ագաթ» ՀԿ-ի կազմակերպած դասընթացի ժամանակ, սեպտեմբեր, 2020թ․ Լուսանկարը՝ Լենա Հովհաննիսյան/ «Ագաթ» ՀԿ

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնի ծրագրերի ղեկավար Գայանե Գրիգորյանն ասում է, որ այս դասընթացը մասնակիցների կյանքում էական ազդեցություն է ունեցել: Նրանք ձեռք են բերել ու զարգացրել ձեռագործական նոր հմտություններ, ինչպես նաև ստացել 51 խմբային ու անհատական հոգեբանական խորհրդատվություն, մասնակցել 8 կարողությունների զարգացման դասընթացի։

«Այս ամենը նպաստեց նրանց կյանքի որակի բարելավմանը, քանի որ շատերը ձեռք բերած հմտությունները վերածեցին փոքրիկ բիզնեսի»,- ասում է Գայանե Գրիգորյանը:

Ծրագրի արդյունքում ստեղծվել է նաև տեղեկատվական հարթակ հաշմանդամություն ունեցող կանանց ու աղջիկների համար, որը նպաստում է հաղորդակցության ապահովմանը՝ առողջապահության, կրթության, բռնության, պետական աջակցության, ինչպես նաև փոխանակման ծրագրերի վերաբերյալ։

«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում կազմակերպությունը իրականացնում է նաև «Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր իմ համայնքում» ծրագիրը, որի նպատակն է ԶԼՄ ներկայացուցիչների, լրագրողների և լրագրության բաժնի ուսանողների իրազեկության բարձրացումը։

 ***

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համատեղ իրականացվում «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից՝ Արևելյան գործընկերության վեց երկրում։ Բովանդակության համար պատասխանատվություն են կրում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և «ՄԱԿ Կանայք»-ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

 Մարի Մխիթարյան/ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակ