Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերից ավելի քան 30 կանայք և տղամարդիկ, «Հոգատարություն հանուն հավասարության» դասընթացի շրջանակներում խորացրել են իրենց գիտելիքները գենդերային հավասարության վերաբերյալ և ձեռք բերել ծնողավարման գործնական հմտություններ:
«Հոգատարություն հանուն հավասարության» ծնողավարման դասընթացները կայացել են Վանաձորի և Իջևանի «Ընտանիքի անկյուններում»՝ 2022 թվականի ապրիլ-մայիս ամիսներին։ Երկու կենտրոնում էլ բոլոր մասնակիցները հաջողությամբ ավարտել են դասընթացը։
«Դասընթացի ժամանակ մենք սովորեցինք օգտակար հմտություններ և ձեռք բերեցինք գիտելիքներ՝ սկսած երեխայի խնամքից մինչև ընտանիքում փոխհարաբերություններ։ Յուրաքանչյուր թեմա իր առանձնահատուկ տեղն ու կարևորությունն ունի բոլորիս կյանքում»,- ասում է Վանաձորի «Ընտանիքի անկյունում» դասընթացին մասնակցած 32-ամյա Վահան Դավոյանը։
Վահանն ընդգծում է, որ իր ընտանիքում առաջնորդվելու է փոխադարձ հարգանքի և գենդերային հավասարության սկզբունքներով։
«Սերն ու փոխվստահությունը, որոնք խաղաղ և ներդաշնակ ընտանիքի հիմքերն են, միշտ առաջնորդել են մեր ընտանիքը, բայց այս դասընթացի ժամանակ սովորեցինք ընտանիքում հավասար խնամք ապահովելու հիմնարար սկզբունքները»,- ընդգծում Իջևանի «Ընտանիքի անկյան» շահառուներից 28-ամյա Մարիամ Աղինյանը։ Մարիամը, որն իր երկրորդ երեխային էր սպասում, «Հոգատարություն հանուն հավասարության» դասընթացին մասնակցել է ամուսնու հետ։
Մարիամը նշում է, որ դասընթացը հնարավորություն է տվել նոր գիտելիք և ծնողավարման հմտություններ ձեռք բերել, ինչպես նաև ուսումնասիրել այլ ընտանիքների փորձը։
Վանաձորի «Ընտանիքի անկյունում» «Հոգատարություն հանուն հավասարության» դասընթացն ունեցել է 18, իսկ Իջևանում՝ 17 մասնակից։
Դասընթացնի նպատակն է խթանել աղջիկների ու տղաների, կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, նպաստել երեխայի խնամքի ու ծնողավարության մեջ տղամարդկանց ներգրավվածության մեծացմանը, ինչպես նաև ուսումնասիրել այլ ընտանիքների փորձը։
«Հոգատարություն հանուն հավասարության» դասընթացներն իրականացվում են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և Վորլդ Վիժըն Հայաստանի ջանքերով՝ «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և համատեղ իրականացվում «ՄԱԿ Կանայք» կազմակերպության ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից` Արևելյան գործընկերության վեց երկրում։
***
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, որը համատեղ իրականացվում է «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։ Բովանդակության համար պատասխանատվություն են կրում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և «ՄԱԿ Կանայք»-ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:
Մարի Մխիթարյան/ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակ
Լուսանկարները՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի