You are here

Դասընթացի մասնակիցը ստանում է վկայական, որը հանձնում է Առողջապահության փոխնախարարը և ՄԱԲՀ-ի պատասխանատուն

2015 թվականից ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը նախաձեռնել էր Կլինիկական ուղեցույցների մշակման և ներդրման աշխատանքները՝ հիմնվելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր մոտեցումների, հեղինակավոր մասնագիտական ասոցիացիաների կողմից մշակված ուղեցույցների վրա և համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության, Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի և Մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների ասոցիացիայի հետ։

Այս տարիների ընթացում մշակվել են ավելի քան 30 ուղեցույց, որոնք ներկայացվել են 10 ամենամեծ ծննդատներում, ուղեցույցների հիման վրա վերապատրաստում են անցել հարյուրավոր բժիշկներ և ուսանողեր։

«2018 թվականից ծագեց այն միտքը, որ նոր մոտեցումը՝ նոր մարդկանց հետ սկսել, որոնք այսօրվա կլինիկական օրդինատորներն են։ Նպատակն այն էր, որ նրանք կրթության ընթացքում ծանոթանան ուղեցույցին, հասկանան դրա օգտակարությունը և վաղը, աշխատելով բժիշկ, ինքն անպայման դրանով ուղղորդվելու է և ուղղորդելու է նաև իր կոլեգաներին, խրախուսելու է, որ նրանք ևս օգտվեն ուղեցույցից»,- իր խոսքում նշեց Ազգային ուղեցույցների մշակման աշխատանքային խմբի ղեկավար,  Առողջապահության նախարարության մանկաբարձության և գինեկոլոգիայի գծով խորհրդատու Վրույր Գրիգորյանը։

Հոկտեմբեր ամսին ձեռնարկների հիման վրա եռօրյա վերապատրաստում անցան նաև Երևանի Մ. Հերացու անվան Բժշկական համալսարանի «Մանկաբարություն և գինեկոլոգիա»-ի, Առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական օրդինատորներ։ Մասնակիցներին ներկայացվեց ուղեցույցները, ներառված թեմաները և հղիության վարման,  ծննդաբերության առանձնահատկությունների վերաբերյալ հատուկ դասախոսություններ վարեցին  Անի Մալխասյանը, Ալյոշա Թորոյանը և Արմինե Գյուլբանկյանը և Անժելա Մկրտչյանը։ 

«Ես 4-րդ կուրսի ուսանող էի, երբ ներգրավվեցի այս նախաձեռնությունում, ինչը շատ պարտավորեցնող էր, քանի որ պետք է երիտասարդներին ուսուցանեինք և մեր փորձով ցույց տայինք, թե որքան կարևոր է ուղեցույցով աշխատանքը, երբ տեղեկացված ես, նաև պաշտպանված ես։ Ուղեցույցներով աշխատելը մեծ ձեռքբերում է, այն ինչպես աշխատում են, օրինակ, Անգլիայում, դու նույն մոտեցումներով այստեղ ես աշխատում։ Նույն ուղեցույցների միջոցով հավասար քայլում ես՝ նոր տենդենցները հաշվի առնելով,- նշեց դասընթացավար, Հանրապետական հիվանդանոցի մանկաբարձ- գինեկոլոգ Անժելա Մկրտչյանը,- Շատ բարդ մասնագիտություն է, առնվազն երկու կյանքերի հետ գործ ունես ու ցանկացած վրիպում, ոչ ճշգրիտ ինֆորմացիա կարող է ճակատագրական լինել։ Իսկ ուղեցույցները մեզ պաշտպանում են ու օգնում ամենադրական ելքն ունենալ։ Իսկ ամեն երեխայի ծնունդ, ստիմուլ է դառնում քեզ համար ավելի շատ մասնագիտական գրականություն կարդալու համար, որպեսզի կարողանաս ավելի օգտակար լինել»։ 

Վերապատրաստմանը ներկա էր նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, ով կարևորեց կլինիկական ուղեցույցների ներդրումը Հայաստանում. «Նախարարությունը, որպես քաղաքականություն մշակող մարմին, շատ է կարևորում այս նախաձեռնությունը և առհասարակ ՄԱԲՀ-ի հետ մեր համագործակցությունը, որը տարվում է մի շարք ոլորտներում։ Այսօրվա վերապատրաստման մասնակիցները մեր ապագա բժիշկներն և մեկ-երկու տարի հետո աշխատելու են, որպես բժիշկ և կարևոր է, որ ճիշտ սկսեն իրենց աշխատանքը։ Ուղեցույցները տալիս են այդ հնարավորությունները. ամեն մի հիվանդության, նոզոլոգիայի դեպքում ճիշտ ուղեցույցով առաձնորդվել պացիենտին բուժելու համար, ավելի հստակ գիտելիքներ ունենալ, լինել պաշտպանված,- նշում է պարոն Ջումայանը և կարևորում նաև ուղեցույցների դերը առողջապահական ապահովագրության ներդրման գործում,- «Սա ապահովագրության ներդրման կարևորագույն մեխանիզմներից է, նաև վերահսկման մասով, որը կհստակեցնի ոչ միայն շահառուների թիվը, այլև որքանով է ճիշտ իրականացվել բուժումը, և հաստատություն էլ վստահ լինի, որ իր բժիշկը ըստ ուղեցույցի է բուժումն իրականացրել»։  

Եռօրյա վերապատրաստման ավարտին ավելի քան 30 կլինիկական օրդինատորներ ստացան մասնակցության վկայականներ. 

Շուշան Ներսիսյան, «Մանկաբարձություն և գինեկոլոգիա»-ի 3-րդ կուրսի կլինիկական օրդինատոր. «Քանի որ պրակտիկ գործունեության մեջ ակտիվ ներգրավված ենք, կփորձենք այս նորամուծությունները, այստեղ սովորած գիտելիքները, նոր մեթոդները կիրառել ու նաև փոխանցել մեր ավագ կոլեգաներին։ Ինձ համար հատկապես հետաքրքիր էր տոկոլիզի հետ կապված դեղորայքային նոր սխեմայի մասին տեղեկատվությունը, որն անպայման կքննարկեմ իմ կոլեգաների հետ»։  

Հարությունյան Էլեն, «Մանկաբարձություն և գինեկոլոգիա»-ի 3-րդ կուսի կլինիկական օրդինատոր. «Ինքնակրթվելու, ավագների փորձից սովորելուց բացի շատ կարևոր են նաև այս ուղեցույցները։  Հատկապես թեմայի մատուցումն է շատ հետաքրքիր, ժամին չեմ նայում, թե երբ կավարտվի .... հետաքրքիր է նաև, որ երիտասարդներն են մեզ դասավանդում. ավելի անկաշկանդ ենք հարցերն իրենց ուղղում...»

Սոնա Սահակյան, «Մանկաբարձություն և գինեկոլոգիա»-ի 3-րդ կուրսի կլինիկական օրդինատոր. Հետաքրքիր է որ խաղերի միջոցով է գիտելիքը փոխանցվում ու բժշկական մտածելակերպ ենք զարգացնում։ Հաճախ ֆիքսված դեպքերում, մենք մի ուղղությամբ ենք կենտրոնանում, մինչդեռ, օրինակ, ավելի լայն պետք է մտածել, իսկ ամենակարևորը՝ գիտելիքը հստակ պետք է լինի, երբեմն կասկածում ես՝ ճիշտ գիտես, թե ոչ, ու չես կարողանում պնդել. խաղում միավոր ես կորցնում, իսկ իրական կյանքում՝ լուրջ հետևանքներ կարող ես ունենալ»։

Աստղիկ Հովհաննիսյան, «Մանկաբարձություն և գինեկոլոգիա»-ի 4-րդ կուրսի կլինիկական օրդինատոր. «Այստեղ կառանձնացնեմ թիմային աշխատանքը, որի կարևորության մասին ևս մեկ անգամ համոզվեցինք արտակարգ իրավիճակներում. մեկի մոտ արգելակում կարող է առաջանալ, սակայն գործընկերդ կարող է օգնել քեզ, ինչը շատ կարևոր է բժշկության մեջ, հատկապես հրատապ դեպքերում»։

«ՄԱԲՀ-ն մշտապես աջակցում է Առողջապահության նախարարությանը՝  Հայաստանում բարելավելու մայրական և վերարտադրողական առողջությունը, որն  իրականացվում է տարբեր ուղղություններով, ներառյալ ՝ ոլորտի քաղաքականության,  կլինիկական ուղեցույցների մշակման՝ հիմնված բժշկագիտության արդի մոտեցումների և ապացուցողական բժշկության վրա, բուժաշխատողների վերապատրաստման  միջոցով,- նշեց Վերարտադրողական առողջության ծրագրի ղեկավար Նարինե Բեգլարյանը և հավելեց,- այսօրվա մեր հանդիպումը այդ կարևոր ուղղություններից մեկի շրջանակներում  է իրականացվում, որը  հնարավորություն կտա երիտասարդ մասնագետների զինվել ժամանակակից գիտելիքներով և մուլտիպլիկացիոն էֆֆեկտով տարածել ստացված գիտելիքները իրենց գործընկերների շրջանակներում՝ դրանով նպաստելով բուժօգնության որակի բարելավմանը։ 

Լուսանկարների կոլաժ վերապատրաստման դասընթացից

 

Լուսանկարներ վերապատրաստման դասընթացից