Ապրիլը՝ սեռական բռնության իրազեկման ամիսն է։
Ապրիլի 19-ին սեռական բռնության իրազեկման ամսի շրջանակներում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»-ի հետ համատեղ նախաձեռնել էր «Սեռական բռնության հիմնախնդիրը Հայաստանում. առկա հիմնահարցերը և դրանց հաղթահարմանն ուղղված համատեղ քայլերը» խորագրով քննարկում և ցուցահանդես։
Միջոցառումն իրականացվեց Եվրոպական միության կողմից իրականացվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից։
Շահագրգիռ կողմերի հետ քննարկվեց սեռական բռնության առկա հիմնահարցերը Հայաստանում և այն համատեղ քայլերը, որոնք անհրաժեշտ են ձեռնարկել՝ խնդիրը հաղթահարելու համար։
Ներկաները նշեցինք, որ այսօր ամենամեծ խնդիրը՝ սեռական բռնության արձագանքման միասնական, բազմամասնագիտական և համալիր մեխանիզմի բացակայությունն է։
«Մենք պետք է միավորենք մեր ջանքերը, որպեսզի մեր հասարակությունում բոլորն ապրեն անվտանգ միջավայրում, որտեղ հարգվում են մարդու իրավունքները և միասին պետք է գտնենք այն լուծումները և մեխանիզմները, որպեսզի կանխարգելենք սեռական բռնությունը, իսկ բռնության ենթարկված մարդիկ ստանան արդյունավետ և համալիր աջակցություն»,- իր խոսքում նշեց ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը։
Քննարկմանը հաջորդեց «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»-ի կողմից նախաձեռնած ցուցահանդեսի բացման արարողությունը։ Ցուցահանդեսը ներառում է սեռական բռնության ենթարկված անձանց 21 պատումներ, որոնք ներկայացնում են տրավմայի հաղթահարման բարդ ճանապարհը և թե ինչպես են այդ մարդիկ հաղթահարել բռնությունը կամ ինչպիսի հետք է թողել բռնությունն իրենց հետագա կյանքի վրա։
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ.
Համաձայն «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»-ի տվյալների, վերջին 10 տարիների ընթացքում արձանագրվել է սեռական բռնության 188 դեպք, որից 83-ը անչափահասի նկատմամբ։ Նախորդ տարի, 2022 թվականին արձանագրված դեպքերի թիվը 30-նն է եղել։
Սեռական բռնության գերակշիռ դեպքերը, մոտ 90% (166 դեպք) իգական սեռի ներկայացուցիչներ են։ Արձանագրված դեպքերի մեծ մասը Երևանից են՝ 104 դեպք, իսկ մարզերի կտրվածքով առավել շատ դեպքեր արձանագրվել են Արմավիրի մարզում՝ 18 դեպք և 11-ական դեպքեր՝ Արարատ, Կոտայքի և Լոռվա մարզերում: