Go Back Go Back
Go Back Go Back

Դասընթաց՝ ուղղված տղամարդկանց և տղաների ներգրավվմանը

Դասընթաց՝ ուղղված տղամարդկանց և տղաների ներգրավվմանը

News

Դասընթաց՝ ուղղված տղամարդկանց և տղաների ներգրավվմանը

calendar_today 17 Մայիս 2022

"Engaging Men and Boys for Gender Equality" workshop
"Engaging Men and Boys for Gender Equality" workshop

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և Promundo US-ի՝ ԵՄ ֆինանսավորմամբ կազմակերպված համատեղ դասընթացը փորձեց ուրվագծել Հայաստանում գենդերային հավասարության հարցերում տղամարդկանց և տղաներին ներգրավելու արդյունավետ ուղիները:

Ապրիլի 2-3-ը կայացած դասընթացը վարեց Promundo US-ի փորձագետ Պատրիկ Ուելշը, որը Հայաստանում կանանց և տղամարդկանց իրավահավասարության հարցերով զբաղվող պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ միասին քննարկեց տղամարդկանց ներգրավման լավագույն մեխանիզմներն ու ռազմավարությունները:  

«Հայաստանում գենդերային հավասարության և կանանց իրավունքներին ուղղված ծրագրերը միտված են եղել կանանց հետ աշխատանքին: Փորձել ենք կանանց հզորացնել, բայց տղամարդկանց հետ աշխատանքը դուրս է մնացել տեսադաշտից: Հուսով եմ, որ այս դասընթացի ավարտին կունենանք ավելի լավ պատկերացում տղամարդկանց ներգրավելու ռազմավարությունների վերաբերյալ՝ հետագայում դրանք կիրառելու համար»,- դասընթացի բացման ժամանակ ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը:
Դասընթացի նպատակն էր ներկայացնել տղամարդկանց ներգրավման լավագույն ուղիները, ինչպես նաև վեր հանել սեռական և վերարտադրողական առողջության, գենդերային հավասարության վրա դրա հետևանքները:

«Տղամարդկանց ներգրավումը կանանց ու երեխաների առողջության հարցերում, բռնության կանխարգելման և պատասխանատու հայրության մեջ պահանջում է լուրջ ջանքեր և աշխատանք՝ անհատականից մինչև կառուցվածքային մակարդակում: Կարևոր է մարտահրավեր նետել և փոխել սոցիալական նորմերը, որոնք վնասում են կանանց և երեխաներին: Բարենպաստ միջավայր է հարկավոր ստեղծել, որտեղ տղամարդիկ գիտեն, թե ինչպես են գենդերային դերերը կամ գենդերային կարծրատիպերն ազդում իրենց կյանքի վրա և ինչպես փոխել դա՝ կյանքն ավելի արդար դարձնելու համար»,- ասաց Պատրիկ Ուելշը:

Դասընթացին մասնակցում էին գենդերային հավասարության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների, ոլորտային նախարարությունների, մարզպետարանների ներկայացուցիչներ:

«Անհրաժեշտ է ուսումնասիրել միջազգային, հեղիանակավոր փորձը, մոտեցումները և դրանք տեղայնացնել՝ հաշվի առնելով Հայաստանի ենթատեքստը, առկա կարծրատիպերը: Կարևոր են մասնագետների միջև քննարկումները, ինչի արդյունքում էլ հնարավոր է գենդերային հավասարությանն  ուղղված հեռանկարային, երկարաժամկետ լուծումների մշակումը»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանը: 

Դասընթացի մասնակիցներն ունեցան հնարավորություն բարելավելու տղամարդկանց և տղաների ներգրավման արդյունավետ մոտեցումների և մեթոդոլոգիաների մասին գիտելիքները, որոնք հետագայում կկարողանան կիրառել ծրագրերի մշակման և իրականացման համար:

«Տղամարդկանց ներգրավման վերաբերյալ դեռևս քիչ ծրագրեր ենք իրականացրել, ուստի այսպիսի դասընթացների կազմակերպումը Հայաստանում անհրաժեշտ է։ Լավ է, որ մեր գործողությունները մեկնարկելուց առաջ ծանոթանանք միջազգային փորձին, ուսումնասիրենք, թե ինչն է հաջողվել, ինչը՝ ոչ, որպեսզի լավագույնը կիրառենք մեր երկրում»,- ասաց «Իրավունքի ուժ» ՀԿ-ի նախագահ Արման Ղարիբյանը։

Դասընթացը կազմակերպել էր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ապագան այսօր. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» ծրագրի և «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, որը համատեղ իրականացվում է «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։

Բովանդակության համար պատասխանատվություն են կրում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և «ՄԱԿ Կանայք»-ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Մարի Մխիթարյան/ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակ
Լուսանկարները՝ ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի