Ընտանիքի միջազգային օրը Տավուշի մարզում համախմբեց Հայաստանի տարբեր մարզերից ավելի քան 10 ընտանիքի և տեղի բնակչությանը՝ տոնելու հավասարության ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններն ընտանիքում։
Միջոցառումը, որի գլխավոր ակորդը «Ուժեղ ենք միասին» սպորտլանդիան էր, կայացավ մայիսի 15-ին՝ Տավուշի մարզի Իջևան և Աչաջուր համայնքներում։ Այն կազմակերպել էին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն և ՎԻՆՆԵԹ Հայաստան կանանց ռեսուրս կենտրոնների ցանցը։
Ընտանիքները մասնակցեցին սպորտլանդիային, Իջևանի «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնից մեկնարկած «Հանուն ամուր և երջանիկ ընտանիքի» հեծանվաերթին և վայելեցին «Ադանա փրոջեքթ» երաժշտական խմբի համերգը։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը միջոցառման մեկնարկին, կարևորելով ներդաշնակ և ամուր ընտանիքի գաղափարը, ասաց․ «Մենք պետության, համայնքների, մեր գործընկերների հետ աշխատում ենք, որպեսզի Հայաստանում ունենանք սիրո և հարգանքի վրա հիմնված ուժեղ ընտանիքներ: Այս առումով շատ կարևոր է, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ գնահատված լինի և կարողանա իրանցել իր ներուժը»։
«Մեր սահմանադրությամբ նախատեսված են այն կարևոր երաշխիքները, որոնք կապահովեն ընտանիքների, երեխաների իրավունքները, բայց շատ կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի իր ջանքը ներդնի սիրո և համերաշխության մթնոլորտի ապահովման գործում: Որքան ընտանիքը լինի համերաշխ, առողջ, սիրով, այնքան ավելի զարգացած կլինի պետությունը»,- իր ելույթում ընդգծեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։
Միջոցառմանը մասնակցում էին Աչաջուրի և Իջևանի համայնքային իշխանության ներկայացուցիչներ, ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՎԻՆՆԵԹ Հայաստան կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի և այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
«Այսօր մեզ են միացել Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում բացված Ընտանիքի անկյունները՝ իրենց շահառուներով, որոնք փորձում են ճիշտ կրթություն ապահովել երիտասարդ զույգերին և դրական ծնողավարման փորձը փոխանցել: Հայրիկները կարևոր են, մայրիկները կարևոր են, ուստի շատ կարևոր է, որ նրանք հավասարապես ներգրավված լինեն ընտանիքի խնամքում և երեխայի դաստիրակության գործում»,- ասաց Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջազգային խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը։
Ընտանիքի օրվա տոնակատարության միջոցառումը կազմակերպել էր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և ՎԻՆՆԵԹ Հայաստան կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի հետ համատեղ` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Բնակչություն և զարգացում» ծրագրի, ինչպես նաև ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող երեք ծրագրերի՝ «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության», «ԱՊԱԳԱՆ ԱՅՍՕՐ. Կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում հանուն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման» և «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և հարավ-հարավ նախաձեռնություններին» շրջանակներում։
***
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, որը համատեղ իրականացվում է «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։
Բովանդակության համար պատասխանատվություն են կրում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և «ՄԱԿ Կանայք»-ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: