Տավուշի մարզի դպրոցներում հաջողությամբ փորձարկվելուց հետո «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակը 2024 թվականին ներդրվեց հանրակրթական դպրոցների 5-րդ և 7-րդ դասարաններում։
Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման մաս կազմող այս գործընթացում ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն աջակցում են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (ՄԱԲՀ), ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը։
Գործընթացի շրջանակում փորձագիտական խմբի կողմից մշակվել և նախարարության կողմից գործածության են երաշխավորվել «Առողջ ապրելակերպ» խմբակի 5-րդ և 7-րդ դասարանների ուսուցիչների ձեռնարկները, որոնք ներառում են նաև աշակերտների համար բաշխման նյութեր։ 2024 թվականին ընդհանուր առմամբ տպագրվել և մարզերի դպրոցներին է փոխանցվել 2000-ական օրինակ ձեռնարկ յուրաքանչյուր դասարանի համար։
Խմբակի մեկնարկը Տավուշից մինչև Հայաստանի հանրակրթական բոլոր դպրոցներ
«Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակի փորձարկումն իրականացվել է 2021-2023 թվականներին։ Բարեփոխումներն իրականացնելու համար ԿԳՄՍՆ և ՄԱԿ-ի գործակալությունների նախաձեռնությամբ ձևավորվել է բազմամասնագիտական փորձագիտական խումբ․ մշակվել են ձեռնարկներ, կատարվել վերապատրաստումներ ու մշտադիտարկում։ Միայն անցյալ տարի փորձագիտական խմբի անդամները մշտադիտարկում են կատարել Տավուշի մարզի 41 դպրոցներում․ մոտ 60 դասալսում է արվել, դիտարկվել 55 ուսուցչի աշխատանք՝ ավելի քան 800 աշակերտի ներգրավմամբ։
«Եվ հենց այս դասալսումները հնարավորություն տվեցին աջակցել ուսուցիչներին, ինչպես նաև անհրաժեշտ բովանդակային և մեթոդաբանական շտկումներ կատարել ու բարելավել ձեռնարկները, որպեսզի դրանք առավել ամբողջական տարբերակով այսօր հասնեն ուսուցչին»,- նախաձեռնության մասին խոսելիս նշեց ՄԱԲՀ Երիտասարդկան ծրագրերի ղեկավար Աննա Բարֆյանը։
Աշխատանքային խմբի ղեկավար, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի Գնահատման մշակման և զարգացման բաժնի պետ Լուսինե Ալեքսանյանը, խոսելով խմբակի մասին, նշում է, որ այն նոր չէ դասացուցակում․ «Առողջ ապրելակերպ» առարկան աշակերտներն անցել են 8-ից 11-րդ դասարաններում, իսկ տարրական օղակում այս հարցերը քննարկվում են «Ես և շրջակա աշխարհը» դասի շրջանակներում։
«Այս նախաձեռնությունն օգնում է ապահովել գիտելիքի փոխանցման շարունակականությունը և անընդհատությունը։ Աշակերտին փոխանցվող տեղեկատվությունը քայլ առ քայլ է ընդլայնվում՝ հաշվի առնելով երեխայի տարիքային առանձնահատկությունները։ Իսկ անընդհատությունն օգնում է, որ աշակերտի ձեռք բերած հմտությունները չմոռացվեն, չընդհատվեն»,- նշում է Լուսինե Ալեքսանյանը։
«Առողջ ապրելակերպ» ձեռնարկն անդրադառնում է մի շարք կարևոր թեմաների՝ առողջ սնուցում և ֆիզիկական ակտիվություն, հիգիենա, անվտանգություն, հոգեկան, հուզական և սոցիալական առողջություն, փոխհարաբերություններ, վնասակար սովորություններ, բռնություն և շահագործում, ինչպես նաև սեռական և վերարտադրողական առողջություն։
Ձեռնարկների հեղինակների շնորհիվ մշակվել է նաև նյութը մատուցելու հետաքրքիր մեթոդաբանություն․
«Գիտելիքի բաղադրիչից բացի կարևորել ենք, թե ինչպես է նյութը մատուցվում։ Մեթոդաբանությունն այնպես է մշակվել փորձագիտական խմբի կողմից, որ քննարկումների, տեսանյութերի ու միմյանց կարծիքները լսելու միջոցով նաև աշակերտը ստանա գիտելիք, կամ տեղի ունենա վերաբերմունքի, վարքագծի դրական փոփոխություն»,- նշում է Աննա Բարֆյանը և հավելում,- «Հուսով ենք, որ Տավուշում «Առողջ ապրելակերպ»-ի ներդրման հաջող օրինակը կփոխանցվի Հայաստանի բոլոր դպրոցներին և կնպաստի առողջ ու պատասխանատու վարքագծի ձևավորմանը մեր աշակերտների շրջանում»։
Արև Ներսիսյանը, Բերդի թիվ 3-րդ դպրոցի տնօրենն է, նրան հանդիպեցինք մշտադիտարկման աշխատանքներն իրականացնելիս։
«Շատ արդիական թեմաներ են ընդգրկված․ այն սովորեցնում է աշակերտին պատրաստ լինել ցանկացած իրավիճակին և ճիշտ որոշումներ կայացնել։ Եթե համեմատեմ իմ դասավանդած մեկ այլ առարկայի, օրինակ՝ «Կենսաբանության» հետ, ապա երեխան, եթե չիմանա անձրևորդի ներքին կառուցվածքը, գուցե և ոչինչ, բայց ինքը և՛ հոգեբանորեն, և՛ ֆիզիկապես պատրաստ պետք է լինի կյանքի փորձություններին, իսկ «Առողջ ապրելակերպ»-ը հենց այդ մասին է»,- նշում է Արև Ներսիսյանը և հավելում, որ չնայած խմբակը վերջին ժամերին է, բայց երեխաները հաճույքով են գալիս․– «Երեխաները սոված են, հոգնած են լինում վերջին ժամերին, բայց մասնակցությունը շատ լավ է, որևէ երեխա չի խուսափում, հետաքրքությամբ են գալիս դասի։ Այսօր ՁԻԱՀ թեման էր, շատ արդիական թեմա է, գաղտնիք չէ, որ շատ հաճախ արտագնա աշխատանքից մեր տղամարդիկ գալիս են ու տարրական գիտելիքների պակասի պատճառով, իրականում, ընտանիքներ են քայքայվում․․․ Իսկ այս առարկայի միջոցով աշակերտն իրազեկ է լինում։ Կարիքը կա այս առարկայի հատկապես հիմա, երբ համացանցը հասանելի է բոլորին ու երեխաները ինչ ինֆորմացիա ասես կարող են ստանալ։ Բայց կարևոր է ինֆորմացիան ստանալ ու վերլուծել ու այս դասընթացն օգնում է, որ այն վերլուծեն ուսուցչի հետ, որ գրագետ ուղղորդում լինի»։
Ի՞նչ է սովորեցնում «Առողջ ապրելակերպ»-ը․ արձագանքներ տավուշցի աշակերտներից
Արտյոմ Մելիքյան, Բերդ համայնքի թիվ 3 դպրոցի 8-րդ դասարան․ «Այստեղ շատ օգտակար բաներ ենք սովորում, օրինակ՝ ինչպես պլանավորել օրը․ որ երեկոյան պետք է մտածես, թե վաղը այս ժամին ինչ պետք է անես։ Միշտ չի ստացվում իհարկե... ուրիշ բաներ են ծագում... բայց շատ է օգնում։ Դասի ժամանակ սովորում ենք նաև անտարբեր չլինել, օրինակ մի անգամ տեսել էինք, թե ինչպես մի մենակ տղայի ճնշում են ուրիշները, նեղացնում, մենք էլ օգնեցինք նրան, տղաներին էլ բացատրեցինք, որ իրենք սխալ են վարվել»։
Վալերիա Ասիլբեկյան, Արծվաբերդի միջնակարգ դպրոց, 8-րդ դասարան․ «Խմբային աշխատանքեր էինք անում, որից մեկն էլ այսպիսի հետաքրքիր անուն ուներ․ «Ժամանա՞կն է ուտում ինձ, թե՞ ես ժամանակը»: Սկսեցինք դասընկերներով վերլուծել մեր օրը, ու պարզեցի, որ ժամանակն է ինձ ուտում (ժպտում է)․․․ Դասի օգնությամբ սկսեցի պլանավորել օրս, ու շատ է օգնում, հատկապես՝ որ դասերից դուրս այլ պարապմունքներ ունեմ»։
Աշոտ Սարգսյան, Բերդ համայնքի թիվ 3-րդ դպրոցի 8-րդ դասարան․ «Փորձում ենք ավելի բարի լինել, ավելի ճիշտ ապրել, պետք է պատկերացնես քեզ նրա վիճակում, իրեն օգնես։ Նաև անցել ենք, որ, օրինակ, եթե լարը գետնին է ընկած չմոտենանք, որովհետև հոսանք կարող է լինել… կամ ինչից զերծ մնանք, որ չհիվանդանանք...»։
Մարինե, Արծվաբերդի միջնակարգ դպրոց, 8-րդ դասարան․ «Ինձ հատկապես հետաքրքեց վարակների, ծխախոտի վնասակար հատկությունների մասին դասերը... Մորաքույրս բժշկուհի է, լինում է, որ իրեն եմ հարցնում, եթե ինչ որ բան չեմ հասկանում, իրար հետ զրուցում ենք դպրոցի թեմաներից»։
Էդիտա, Բերդ համայնքի թիվ 3-րդ դպրոցի 8-րդ դասարան․ «Շատ հետաքրքիր են անցնում դասերը, քանի որ սլայդներով են ցույց տալիս, նյութեր է բաժանում ուսուցիչը, վիդեոներ ենք նայում ու հետո քննարկում։ Ջերմ են հարաբերությունները դասի ժամանակ, ազատ մտքերդ կարող ես արտահայտել, կարծիք հայտնել»։
Գայանե Վարդազարյան, Չորաթան համայնքի 8-րդ դասարան․ «Ամենից շատ ուսուցչի վերաբերմունքն է դուր գալիս, տարբերություն չի դնում, մեկ–մեկ լսում է մեզ, չի վիրավորում աշակերտներին։ Եթե սխալ ենք հասկանում, ինքը մեզ նորից բացատրում է...»։
Սոֆի, Արծվաբերդի միջնակարգ դպրոց, 8–րդ դասարան․ «Մենք սկսում ենք մեզ ավելի լավ ճանաչել, քանի որ ուսուցիչը հարցեր է տալիս, շատ քննարկում ենք, խոսում»։
«Առողջ ապրելակերպ»-ի դեսպանները
«Առողջ ապրելակերպ» խմբակի համընդհանուր ներդրման համար իրականացվել է նաև դասընթացավարների (մենթորների) վերապատրաստում. 500-ից ավելի ուսուցիչներ են դիմել նախաձեռնությանը, որոնցից ընտրվել և վերապատրաստվել են 100 մենթորներ՝ անցնելով վեցօրյա ինտենսիվ դասընթաց։
Դասընթացը հաջողությամբ ավարտած հարյուր մենթորները 2023 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին վերապատրաստել են շուրջ հազար ուսուցչի՝ Հայաստանում «Առողջ ապրելակերպ»-ը դասավանդելու համար։
Լուսինե Ալեքսանյանը զրույցի ընթացքում նշեց, որ մեծ ուշադրություն են դարձրել մենթորների ընտրությանը․ «Հատկապես կարևորել ենք նրանց վերաբերմունքը առողջ ապրելակերպին, աշխարհընկալումն ու վերաբերմունքը ձեռնարկում ներկայացված թեմաներին, ինչպես նաև պատրաստակամությունը՝ դասավանդելու նոր մեթոդաբանությամբ»։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը նշում է, որ ուսուցիչներից է մեծապես կախված, թե ինչպես աշակերտները կընկալեն ու կընդունեն առարկան․ «Մենթորները, ուսուցիչները շատ կարևոր անելիք ունեն, քանի որ նրանք են փոխանցում այդ օգտակար գիտելիքներն ու հմտությունները պատանիներին։ Որպես ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամ՝ մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցելու այս բարեփոխումներին, ու շնորհակալություն եմ հայտնում բոլոր ուսուցիչներին, որոնք հետաքրքրություն ու պատրաստակամություն ցուցաբերեցին՝ միանալով այս գործընթացին, քանի որ նրանց ջանքերի միջոցով է նաև, որ վարքագծային շատ դրական փոփոխություններ կբերենք նոր սերնդի շրջանում, որպեսզի աշակերտներն ավելի պատասխանատու և իրազեկ որոշումներ կայացնեն իրենց առողջության վերաբերյալ»։
«Առողջ ապրելակերպ» խմբակը Հայաստանի դպրոցներում․ արձագանքներ մենթորներից և վերապատրաստում անցած ուսուցիչներից
Արփինե Հովհաննիսյան, Հրազդանի թիվ 1 և Ծաղկաձորի միջնակարգ դպրոցներում է դասավանդում։ Վերապատրաստման մասին ֆեյսբուքյան էջից է տեղեկացել ու որոշել է անմիջապես դիմել․
«Այս առարկայի կարիքը կա անգամ նախակրթարաններում։ Կրթական նոր չափորոշիչներն էլ են պահանջում, որ առարկայական գիտելիքները կապվեն կյանքի հետ, իսկ այս խմբակը հենց դա է անում։ Այն սովորեցնում է պատասխանատվություն սեփական անձի նկատմամաբ, սիրել ու հոգ տանել ոչ միայն քո հարազատների, սիրելիների մասին, այլև բնության նկատմամբ»։
Խոսելով վերապատրաստման մասին՝ Արփինե Հովհաննիսյանը նշում է․ «Վերապատրաստումն ինձ օգնեց ճանաչել ու սիրել առարկան։ Բոլոր բաղադրիչների ուսուցանողներն իրենց գործի պրոֆեսիոնալներն էին, ու անկեղծ չեմ զգացել, թե օրը ոնց էր անցնում։ Շատ հետաքրքիր էին դասավանդման նոր մեթոդները, որոնք մեզ էին ներկայացնում։ Հիմա էլ ես եմ դասավանդում աշակերտներին, ու չնայած ձեռնարկում ամեն ինչ մանրամասնորեն ու մատչելի ներկայացված է, բայց ամեն դասից առաջ պատրաստվում եմ, մեծ սիրով պատրաստում նյութերը»։
Արփինե Հովհաննիսյանը որպես մենթոր վերապատրաստել է ավելի քան հիսուն ուսուցիչների․
«Դժվարությունն այն էր, որ շատ տարբեր մասնագետներ էին՝ ՆԶՊ–ի, ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչներից մինչև հոգեբան, հումանիտար առարկաների ուսուցիչներ։ Ինչպես մենք, նրանք էլ սկզբում ունեին մտահոգություններ, շատ տարբեր հարցեր, բայց միասին փորձեցինք հաղթահարել այդ ամենը ու մինչև հիմա էլ ամենօրյա կապի մեջ ենք»,- նշում է Արփինե Հովհաննիսյանը և հավելում, որ իր նախաձեռնությամբ անգամ հանդիպում է կազմակերպել ծնողների հետ․ «Տնօրենի համաձայնությամբ նախաձեռնեցի հանդիպում ծնողների հետ․ քանի որ նոր խմբակ է, ցանկացա, որ ծնողներին ներկայացնեմ առարկան, կարևորությունը, ինչ թեմաների ենք անդրադառնալու, ու համաձայնեցինք, որ բաց դասեր նաև կանցկացնենք, որպեսզի ծնողներն էլ մասնակցեն ու տեսնեն, թե ինչպես են անցում դասերը»։
Միհրան Մելքումյանն էլ Նախնական զինվորական պատրաստություն առարկայի ուսուցիչ է։ Նույնպես վերապատրաստվել է որպես մենթոր ու վերապատրաստել ուսուցիչների։ «Առողջ ապրելակերպ» խմբակը կվարի Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցում։
«Քանի որ մարզիչ եմ նաև աշխատել, ձեռնարկում ներառված շատ նյութերի մասին նախնական գիտելիքներ ունեի, հետաքրքիր էր նոր մեթոդաբանությունը, որն էլ փոխանցեցի ուսուցիչներին»։
Միհրան Մելքումյանը նշում է՝ քանի որ խմբակը նոր է, խնդիրներ լինում են, հատկապես առողջ սնուցման թեմաների շրջանակներում, երբ պետք է աշակերտները իրենք պատրաստեն, իսկ դպրոցներից ոչ բոլորն ունեն ճաշարաններ, տարածքներ այդ ամենը կազմակերպելու համար։ Սակայն նշում է․ «Լուծումներ փորձում ենք գտնել։ Երբ համաձայնել էինք որպես մենթոր հանդես գալ, լիովին հասկանում էի աշխատանքի ծավալը ու չեմ խուսափում պատասխանատվությունից, քանի որ գտնում եմ, որ մենք շատ ճիշտ ու կարևոր աշխատանք ենք իրականացնում»։
Լուսինե Հարությունյանը Գյումրիից է, նա մեկն է այն հազար վերապատրաստված ուսուցիչներից, որոնք հունվար ամսվանից արդեն կսկսեն վարել խմբակը․
«Առողջ ապրելակերպ»-ն ընդգրկում է բազմաթիվ բնագավառներից հատվածներ՝ և՛ սնունդ, և՛ վարքագիծ, և՛ դաստիարակություն։ Պետք է ամեն ինչ անենք, որ յուրաքանչյուր երեխային հասանելի, մատչելի լինի մեր խոսքը, որ գրագետ, կիրթ քաղաքացի ճանապարհենք դպրոցից դեպի մեծ կյանք։ Ամեն ինչ սկսվում է դպրոցից՝ կրթությունը, ճանաչողությունը, աշխարհընկալումը։ Շատ պատրաստված մենթորներ էին, մենք իրենց հետ կապի մեջ կլինենք դասավանդման ընթացքում, եթե հարցեր լինեն, անպայման կդիմենք նրանց օգնությանը»։