Արդեն 2-րդ տարին է, ինչ Տավուշի մարզի դպրոցներում իրականացվում է «Առողջ ապրելակերպ» դասընթացի պիլոտային ծրագիրը։ Դասընթացի արդյունավետությունը գնահատելու համար այս տարի իրականացվեց դասընթացի մշտադիտարկում 34 դպրոցներում, որի շրջանակներում փորձագետների կողմից 60 դասալսումներ իրականացվեցին։ Հավաքագրված արդյունքների հիման վրա մշտադիտարկում իրականացրած փորձագետների կողմից մշակվեցին նաև «Առողջ ապրելակերպ»-ի ուսուցիչի ձեռնարկներ 6-րդ, 8-րդ, 9-րդ և 11-րդ դասարանների համար։
«Մենք բոլորս ակնկալում ենք, որ «Առողջ ապրելակերպ» խմբակների ներդրման և հաջող գործարկման արդյունքում մեր դպրոցների 5-ից 11-րդ դասարանների աշակերտները ձեռք կբերեն գիտելիք և հմտություններ առողջ ապրելակերպ վարելու համար,- իր խոսքում նշեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի երիտասարդական ծրագրերի ղեկավար Աննա Բարֆյանը և կարևորեց այդ ուղղությամբ իրականացվող համատեղ ջանքերը,- ՄԱԲՀ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ԿԳՄՍ նախարարությունը, գիտակցելով այս գործընթացի կարևորությունը մեր երկրի զարգացման հարցում, համատեղել ենք մեր ջանքերը, քանի որ մեր դեռահասների առողջության մեջ արված այս ներդրումը եռակի ազդեցություն ունի. առաջինը՝ այն նպաստելու է նրանց հենց այս պահի բարեկեցությանը, երկրորդ՝ հետագայում առողջ և երկար կյանք ունենալուն և որպես ապագա ծնողներ, հետագա սերունդների առողջության վրա է ազդելու։ Իսկ այս ծրագրում ներգրավված ուսուցիչները կարևորագույն առաքելություն և դեր ունեն այս գործում»։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի երիտասարդական ծրագրերի ղեկավար Հասմիկ Ալեքսանյանը նույնպես կարևորեց այս նախաձեռնությունը. «Դեռահասությունն անձի զարգացման շատ կարևոր շրջան է, երբ տեղի է ունենում ուղեղի, մարմնի, հոգեբանական ու ֆիզիկական աճ, զարգացում: Դեռահասներն այս տարիքում են սկսում շատ հարցադրումներ անել, փնտրել պատասխաններ իրենց միջավայրի, մարմնի ու ընդհանրապես իրենց գոյության մասին: ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար կարևոր է, որպեսզի դեռահասներն ունենան անհրաժեշտ տեղեկատվություն և գիտելիքներ իրենց կյանքում տեղեկացված ու գիտակցված որոշումներ կայացնելու և զարգանալու համար»։
Ս. թ. հոկտեմբեր ամսին 5-օրյա վերապատրաստում անցան Տավուշի մարզի 75 դպրոցների (Տավուշի մարզի դպրոցների 91%-ը) 130 ուսուցիչներ՝ ծանոթանալով առարկայի դասավանդման նոր մեթոդներին, հնարավորություն ստանալով նաև գործընկերների հետ համատեղ նախագծել և վարել դասեր։
Դասավանդման նոր հմտություններ
-Արդեն երկրորդ տարին է, որ հանդիպում ենք Տավուշի մարզի ուսուցիչներով, մտերմացել ենք, առողջ մթնոլորտ է ստեղծվել։ Ինֆորմացիոն առումով շատ արդյունավետ է, հատկապես, որ այս անգամ նոր դասերն ենք վարում, սովորում ենք թեմաները՝ ըստ պլանի մատուցել, տեսնել որտեղ կան թերություններ, ինչպես կարող ենք շտկել։
Նարինե Շաղսուվարյան, Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոց
Առարկան կարևոր է երեխաների ինքնազարգացման համար
-Երկրորդ տարին է, ինչ դասավանդում եմ «Առողջ ապրելակերպ» դասընթացը։ Թեմաները շատ կարևոր են երեխաների ինքնազարգացման համար, հատկապես, որ դրանք ընտրված են նրանց տարիքային առանձահատկությունները հաշվի առնելով։ 7-րդ դասարանում, երբ ծխախոտի օգտագործման վնասների մասին նյութն էինք անցնում, դասից հետո երկու աղջիկ մոտեցան ինձ և խնդրեցին լրացուցիչ նյութեր, որպեսզի տանեն տուն և տան անդամներին ծանոթացնեն նյութին։ Հետո պատմեցին, որ տանը հատուկ դաս են վարել, խոսելով ծխելու տնտեսական, առողջապահական հետևանքների մասին ու ասում են, որ հայրիկները համոզվել են ու չեն ծխում այլևս։
Անի Մելքումյան, Տավուշի մարզի Ներքին Ծաղկավանի միջնակարգ դպրոց
Դասապրոցեսում բոլոր աշակերտներին ներգրավելու հմտություններ ենք սովորում
- Այս հանդիպումներին հատկապես կարևորում եմ խմբային աշխատանքի դերը. սովորում ենք տեխնիկաներ, թե ինչպես դասապրոցեսում ներգրավել բոլոր աշակերտներին։ Օրինակ, այսօր մի նոր ինտերակտիվ խաղի ծանոթացրեցին՝ «Փնտրում եմ ընկեր», որը հնարավորություն է տալիս աշակերտներին ինքնաճանաչման, արժեհամակարգի, մարդկային գծերի մասին տեղեկություններ իմանալ ու ճանաչել դասընկերներին։
Տարոն Բաբաջանյան, Պտղավանի միջնակարգ դպրոց
Կուզենայի, որ այս փոխօգնությունը կիրառվի բոլոր դասապրոցեսներում
- Աշխատել եմ 5-րդ և 7-րդ դասարանցիների հետ և բոլոր դասարաններում էլ հետաքրքություն է եղել։ Այս դասընթացը օգնում է, որ կյանքում ավելի հեշտ քայլեր անեն աշակերտները։ Սովորում են հաղորդակցվել, փոխօգնություն ցույց տալ, հասկանալ, թե ինչ է ընկերական վերաբերմունքը, օգնել դժվար վիճակում հայտնված անձանց, կարեկցել, գտնել նաև վստահելի մարդկանց։ Այստեղ շատ կարևոր է նաև ընտանիքի դերը, ծնողների հետ սեմինարներ, հանդիպումներ է պետք անցկացնել, որ ոչ թե ասեն, թե ուսուցիչն այս ինչ թեմաներից է խոսում.., երբեմն ծաղրեն կամ քննադատեն, այլ գիտակցեն, թե իրականում ինչ խնդիրներից ենք հետ պահում իրենց երեխաներին այս գիտելիքները փոխանցելով, հատկապես համացանցի այս պայմաններում։
Այս վերապատրաստումից էլ կառանձնացնեմ դասին պատրաստվելու մոտեցումը, երբ ամբողջ թիմով, գործընկերներով մի քանի ժամ ենք տրամադրում՝ աշխատելու դասաժամի պատրաստման վրա, ու ես շատ կուզենայի, որ այս փոխօգնությունը կիրառվի բոլոր առարկաների դեպքում։
Արմինե Խաչատրյան, Վերին Ծաղկավանի միջնակարգ դպրոց
Սա կյանքի առարկա է
- Շատ եմ կարևորում դպրոցում այս առարկայի ուսուցումը, այն ընդգրկում է մի շարք կարևոր բնագավառներ, ուղղություններ։ Սա կյանքի առարկա է, և ես վստահ եմ այն երեխաների կողմից պահանջված կդառնա։ Մենք հաճախ սովորեցնում են բաներ, որոնք աշակերտները գուցե չկիրառեն կյանքում, և չենք սովորեցնում գուցե պրիմիտիվ բաներ, բայց որոնք կօգնեն իրենց գտնելու իրենց տեղը կյանքում, և այս առարկան կլրացնի այդ բացը։
Արև Ներսիսյան, Բերդի թիվ 3-րդ դպրոցի տնօրեն
Աշխատանքը ծնողների հետ շատ կարևոր է
- Սկզբում կար կաշկանդվածություն, բարդույթներ, աշխատում էինք սեռահասունության տարիքի աշակերտների հետ և չէինք կարողանում թեման մատուցել հավուր պատշաճի, հատկապես հաշվի առնելով, որ գյուղական միջավայրում ենք ապրում։ Ես որոշեցի ծնողական ժողով հրավիրել բոլոր դասարաններում։ Ծնողներին բացատրեցի, որ սեռական դաստիարակությանը վերաբերող թեմաներով ենք նաև ձեր երեխաների հետ դաս անցկացնելու, կարող է տանը պատմեն, որ դուք հանկարծակիի չգաք։
Այս գիտելիքները շատ կարևոր է փոխանցել աշակերտներին, հատկապես գյուղական բնակավայրերում, երբ երեխաներն ավելի կաշկանդված, մեկուսացած են, իսկ այսօր համացանցը հասանելի է բոլորին, որտեղ ամեն տեսակի ինֆորմացիա կա, սակայն գրագետ օգտվելու հմտություններ չկան, իսկ ծնողները ցավոք իրեց երեխաների հետ նման զրույցներ չեն իրականացնում, և այդ բացը կարող է լրացնել այս դասընթացը։
Լեռնիկ Սաֆարյան, Պտղավան համայնքի դպրոցի տնօրեն
Արդեն 2-րդ տարին է, ինչ հանրակրթության նոր չափորոշիչների ներդրման գործընթացի շրջանակներում ՄԱԲՀ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն օժանդակում են ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ «Առողջ ապրելակերպ»-ի խմբակները դպրոցներում ներդնելու և դասավանդումը բարելավելու նպատակով։