Երիտասարդության միջազգային օրը՝ օգոստոսի 12-ը, մեկնարկեց 2023 թ․ Երիտասարդական մայրաքաղաք ճանաչված Մեծամոր քաղաքում։ Օրը հագեցած էր կրթական, մշակութային և ժամանցային մի շարք միջոցառումներով, որոնք ընտրվել էին երիտասարդների շրջանում իրականացված առցանց հարցման հիման վրա։
Աշխարհն անցում է կատարում դեպի «կանաչ»՝ առանց թափոնների տնտեսություն, երբ առանցքային նշանակություն ունեն կենսաբազմազանության ու էկոհամակարգի պահպանությունն ու վերականգնումը, աղտոտման կանխարգելումը և վերահսկողությունը, ինչպես նաև սպառողի վարքագծից դեպի կայուն զարգացման մտածելակերպին անցումը։ Անցումը էկոլոգիապես կայուն և շրջակա միջավայրի նկատմամբ բարենպաստ աշխարհ կարևոր է ոչ միայն կլիմայական գլոբալ ճգնաժամին արձագանքելու, այլև Կայուն զարգացման նպատակներին (ԿԶՆ) հասնելու առումով:
Այս տարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍ), Մեծամորի համայնքապետարանի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի փախստականների գործակալության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, « Դը Բոդի Շոփ»-ի, ինչպես նաև «Մեծամորի երիտասարդական խորհրդարան» ՀԿ-ի, «Ընտանիք և համայնք» ՀԿ-ն, «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ն, «Մունետիկ» մանկապատանեկան մշակութային ՀԿ-ն համատեղ ջանքերով Երիտասարդության միջազգային օրը նշվեց 2023 թ․ «Երիտասարդական մայրաքաղաք» ճանաչված Մեծամոր քաղաքում։
Միջոցառումները սկիզբն ազդարարեց «Արկածարան» մրցույթը, որը նախաձեռնել էր ՄԱԲՀ–ն՝ մեծամորցի երիտասարդների, Մեծամորի երիտասարդական խորհրդարանի, Մեծամորի համայնքապետարանի, Gayluk-ի ու մեր լավ գործընկեր «Դը Բոդի Շոփ»-ի հետ համատեղ։
Մեր գործընկերների նախաձեռնությամբ տեղի ունեցան ևս մի շարք միջոցառումներ, որոնց շարքում էին Սթրիթ արթի վարպետության դաս Արեգ Բալայանի հետ, բատիկայի վարպետության դասը, «Կանաչ հմտություններ» ինտերակտիվ խաղ, որոնց հաջորդեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ երիտասարդների համար «Տեղեկատվական օր»-ը, որի ժամանակ երիտասարդներին ողջունեցին մեծամորցի երիտասարդ Պարգև Պողոսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Մեծամոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուն։ Նախարարությունը ներկայացրեց երիտասարդների կարողությունների բարելավմանն ուղղված պետական ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնց մասնակից երիտասարդներն էլ պատմեցին իրենց փորձառության մասին։
Շարունակելով ավանդույթը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և մեր լավ գործընկեր Awesome Foundation Yerevan-ի հետ 1000 ԱՄՆ դոլարին համարժեք մրցանակներ հանձնեցինք Արմավիրի մարզի համար երիտասարդական և բնապահպանական լավագույն գաղափարների համար։
ՄԱԲՀ-ն մրցանակ հանձնեց Գայանե Նիկողոսյանին, ում «Դեպի հեքիաթ» նախագծի շնորհիվ Տալվորիկ համայքնում կգործի երիտասարդական կենտրոն, որտեղ համայնքի պատանիներն ու երիտասարդները կկարողանան իրենց ազատ ժամանցն անցկացնել, կազմակերպվել տարբեր դասընթացներ, միջոցառումներ:
«Տեղեկատվական օրվան» հաջորդեց «Երիտասարդական հնարավորությունների տոնավաճառը», որին մասնակցում էին տասը կազմակերպություն, որոնք Արմավիրի մարզի երիտասարդներին տարատեսակ կրթական, մշակութային հնարավորություններ էին առաջարկում։ Այս միջոցառումն էլ իրականացվեց Մեծամորի երիտասարդական խորհրդարանի հետ համատեղ։
Իսկ տոնական օրը եզրափակեց Նեո Վան Բենդը՝ իր կատարումներով։ Համերգը նախաձեռնել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։