You are here

«Սպիտակի երկրաշարժի ժամանակ ես երեք օր այնտեղ եմ աշխատել, մենք կամովի գնացել էինք, փլատակների տակից մարդկանց ենք փրկել, երեխաներ ենք տեղափոխել այստեղ»,- պատմում է Արտաշատի հիվանդանոցի թերապևտիկ բաժնի վարիչ Սվետլանա Զադոյանը, որն իր սեփական փորձով գիտի, թե որքան կարևոր է պատրաստված լինել արտակարգ իրավիճակներին արձագանքելուն,- «Ավելի հաճախ նման դասընթացների անցկացման կարիք կա, քանի որ մենք հենց երկրաշարժի գոտում ենք գտնվում։ Ամեն վայրկյան, րոպե պետք է պատրաստ լինենք, ամեն բան սպասելի է, պետք է պատրաստվել»։

Սվետլանա Զադոյանը «Վերարտադրողական առողջությունն արտակարգ իրավիճակներում» դասընթացի մասնակիցներից է, որը 2017 թվականից իրականացնում է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմը» (ԱՌՆԱՊ)՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ։

Յուրաքանչյուր տարի, մեկ մարզ է ընդգրկվում դասընթացում այս տարի հերթը Արարատի մարզինն էր.

«Վեց դասընթաց ենք իրականացրել. երեքը՝ հրշեջ փրկարարական ջոկատի համար, մյուս երեքը՝ բժշկական կենտրոնների համար։ Նաև ունենք մասնակիցներ համայնքային բուժկետերից, այդ հարցում մարզպետարանն է աջակցել։ Դասընթացը մեկօրյա է ու տեղեկատվական բնույթ ունի. մեր նպատակն է, որպեսզի մասնակիցները տեղեկանան վերարտադրողական առողջության առանձնահատկությունների մասին արտակարգ իրավիճակներում, որ նախնական նվազագույն կարիքների փաթեթ գոյություն ունի։ Դասընթացը գործնական, տեսական նյութերի խառնուրդ է», - նշում է ԱՌՆԱՊ հիմնադրամի դասընթացների պատասխանատու Վահան Հարությունյանը։

Դասընթացին մասնակից են դարձել շուրջ 122 մասնագետ՝ բժիշկներ, բուժքույրեր, մանկաբարձուհիներ և հրշեջ-փրկարարաներ։ 

«Պատերազմի օրերին, համավարակի ժամանակ մենք մեր աշխատանքն ենք իրականացրել գրեթե նույն ռիթմով, շատ ծանրաբեռնված ենք աշխատել, հիմա էլ է այդպես, այսօր այստեղ եմ, բայց այնքան մարդ է զանգահարել:»,-նշեց Մարինե Սարգսյանը, ով Արարատի բժշկական կենտրոնի մանկաբարձերից է,- «Շատ եմ գնահատում նման դասընթացների կարևորությունը և ուրախ եմ, որ տնօրինությունն էլ խրախուսում է ու հնավորություն ունենք նոր գիտելիքներ ձեռք բերել»։ 

Դասընթացից հետո կառույցներին է տրամադրվել նաև 54 նախնական նվազագույն կարիքների փաթեթ: Այն իր մեջ ներառում է ծննդաբերությունը վարելու  համար անհրաժեշտ նվազագույն բոլոր պարագաները։ 

«Մենք ենթագիտակցաբար պաշտպանողական ռեակցիա ունենք, միշտ մտածում ենք, որ խնդիրը մեզ չի վերաբերի, մինչդեռ իրականությունը տարբեր է։ Որպես բժիշկ պետք է ասեմ, որ այսօրվա մեր ուսուցումը պետք է երաշխավորի մեր վաղվա ապահով լինելը։  Լավ կլինի, որ շարունակական լինեն այս դասընթացները, անգամ շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ տրվեն դրանց համար»,- նշում է «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ»-ի առաջնային բուժօգնության ծառայության ղեկավար Նունե Ասրյանը և հավելում,- «Վերջին իրադարձությունները՝  համավարակը, պատերազմը, նաև երկրաշարժը ցույց են տալիս այս գիտելիքի կարևորությունը և որքան կարևոր է խուճապի չմատնվել, իրականացնել ճիշտ և թափանցիկ կառավարում, գործողությունները կոորդինացված լինեն, յուրաքանչյուրն իմանա իր գործը»։